Կիեւն ու Թբիլիսին «գազավատ» են անում

Ուկրաինայի տարածքով եվրոպական գազատարով ռուսաստանյան գազի մատակարարումների դադարեցման պատճառով օրական 40 մլն. խմից մինչեւ 48 մլն. խմ ավելացվել են էներգակիրների մատակարարումները «Երկնագույն հոսք» մայր ուղեգծով:

Թուրքիան Ռուսաստանից օրական 45 մլն. խմ բնական գազ է ստանում անդրսեւծովյան գազատարով եւ առայժմ լուրջ խնդիրներ չունի: Մինչդեռ եվրոպական շատ երկրներ, հատկապես արեւելաեվրոպական, ձմռան շեմին հանդիպեցին լուրջ դժվարությունների: Ռուսաստանը նաեւ Թուրքիայի էներգակիրների գլխավոր մատակարարն է, եւ ծրագրված ռեժիմով Թուրքիան օրական Ռուսաստանից ստանում է շուրջ 40 մլն. խմ գազ Եվրոպայի տարածքով եւ 35 մլն. խմ՝ «Երկնագույն հոսք»-ով:

Թուրքիայի էներգետիկայի նախարարի հաղորդմամբ, իր երկիրն առայժմ Իրանից գազի լրացուցիչ ծավալների կարիք չունի, որտեղից օրական ներմուծում է շուրջ 15 մլն. խմ գազ:

Ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով փորձ է արվում վերստին լարել Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունները: Շատերն են Մոսկվային մեղադրում «գազային» պատերազմով Կիեւին նեղելու հարցում, սակայն, առավել հավանական է, որ Վաշինգտոնը հերթական անգամ փորձում է հակասություն առաջացնել Բրյուսել-Մոսկվա հարաբերություններում: Վրաստանի 5-օրյա պատերազմը սպասված արդյունքը չտվեց. հիմա Ուկրաինան է դարձել թիրախ:

Եվրոպայում սա լավ հասկանալով՝ չգնացին կոշտ քայլերի, համարելով, որ սա տնտեսական վեճ է եւ պետք է արագ հարթվի փոխհամաձայնությամբ, եւ իրենք էլ միջնորդական առաքելությամբ նպաստեցին խնդրի կարգավորմանը: Չնայած վերջին պահին Կիեւը փորձ արեց ծածուկ լրացուցիչ փաստաթղթի ստեղծման սողանցք թողնել, որն անմիջապես կանխվեց Մոսկվայի եւ Բրյուսելի կողմից: Նման բան ժամանակին արեց նաեւ Վրաստանի նախագահը, երբ Փարիզի միջնորդությամբ կնքվում էր եռակողմ պայմանագիր Մոսկվայի ու Թբիլիսիի մասնակցությամբ: Վրացերեն տեքստն այլ բովանդակությամբ էր ձեւակերպվել եւ, իբր, դա թարգմանիչների մեղքով էր եղել… Կիեւի դեպքում նոր լրացուցիչ փաստաթղթի ներդրման խնդիր էր դրված: Ինչեւէ, ձեռագիրը նույնն է:

Այս թոհուբոհում էլ Վրաստանը առժամանակ դադարեցրել էր իր տարածքով ռուսական գազի տարանցումը դեպի Հայաստան: Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցելու համար այդ երկիրն ստանում է տրանզիտ գազի 10%-ը, եւ Թբիլիսին բազմիցս հարց է բարձրացրել, որպեսզի կամ տրանզիտի համար վճարն ավելացվի, կամ տարանցիկից գազի իր բաժինն ավելացվի, սակայն Ռուսաստանը դրան չի համաձայնում: Եվ հիմա, ըստ վրացական աղբյուրների, Վրաստանը գազ է ստանում ոչ թե Ռուսաստանից, այլ Ադրբեջանից, չնայած Մոսկվան հակառակն է պնդում:

Այնպես որ, չի բացառվում, որ Վրաստանն էլ իր «գազային» պատերազմն է իրականացնում՝ Երեւան-Մոսկվա հարաբերությունները խաթարելու համար:

Չնայած պաշտոնական Թբիլիսիի հայտարարությանը, թե Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը, կարծում ենք վրաց-ուկրաինական ամերիկական «գազախաղերը» ակնհայտորեն շաղկապվում են:

Արդեն վերականգնվել է Վրաստանի տարածքով բնական գազի մատակարարումը Հայաստան, սակայն վստահորեն չի կարելի ասել, թե «գազային» պատերազմներն ավարտված են:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 1 (87), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.