Նոր քաղաքական հանդիպում
ՀՀ նախագահի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունենալու քաղաքական կուսակցությունների նախագահների հետ թեմատիկ խորհրդակցությունների շարքի երկրորդ քննարկումը:
Հիշեցնենք, որ առաջին քննարկումը նվիրված էր Արցախի հիմնախնդրի կարգավորմանը:
Այս անգամ Սերժ Սարգսյանը կուսակցությունների ղեկավարների հետ կքննարկի «Համաշխարհային դրամա-տնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեման:
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը տեղեկացրել է, որ քննարկմանը մասնակցելու է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մի շարք կուսակցապետեր հրաժարվել են ներկայանալ հանդիպմանը:
Ձերբակալվել է Սանատրուկ Սահակյանը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 2009 թ. մարտի 13-ին ձերբակալվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Սանատրուկ Սահակյանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել հատուկ քննչական ծառայությունը:
Նա կասկածվում է քաղաքացի Տիգրան Աղաբեկյանին ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունելու համար, վերջինիս հարազատներից խաբեությամբ կաշառք ստանալու պատրվակով, իր ծանոթ Ռոբերտ Ահարոնյանի միջոցով խոշոր չափի գումար հափշտակելու մեջ:
Ս. Սահակյանը նախկինում անզիջում կոմունիստ էր, հետագայում անդամակցեց ՕԵԿ-ին եւ զբաղվում էր սոցիալական հարցերով:
Մնացել են դատավորն ու մեղադրողը
«7-ի գործ»-ը թեւակոխեց նոր փուլ: Նախկինում դատավորի, մեղադրողի եւ ամբաստանյալների գործը սահմանափակվում էր դատարանում ամբաստանյալների ոտքի վրա կանգնած մնալով կամ դատավորի դահլիճ մտնելու ժամանակ նստած մնալով, նաեւ միմյանց մեղադրելով ու վիրավորելով: Այժմ, երբ դատավորի որոշումով ամբաստանյալները հեռացվել են դատարանի դահլիճից՝ դատարանին չհարգելու մեղադրանքով, թվում էր՝ դատավարությունը քայլ առաջ կընթանա: Սակայն, հիմա էլ փաստաբաններն են հրաժարվում մասնակցել դատական նիստերին՝ պատճառաբանելով, որ այսպիսի դատավարությամբ չեն կարող վտանգել իրենց պաշտպանյալների ճակատագրերը:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 10 (96), 2009թ.



