Մարտի 8 – ապրիլի 7 միամսյակը ներառում է կանանց 2 պաշտոնական տոն: Եթե մարտի 8-ը խորհրդանշում է հենց կանանց տոնը, ապա ապրիլի 7-ը խորհրդանշում է մայրության տոնը:
Իսկ մայրը միշտ եւ բոլոր ժամանակներում է եղել պաշտամունքի աղբյուր:
Ե՛վ ծաղկող բնությունը ե՛ւ ծնող հողը ՄԱՅՐ են կոչվում, ինչն ավելի է սրբացնում Մայրանալու Խորհուրդը: Այս Խորհուրդն ամրագրվել է նաեւ Հայոց ազգային հավատքում՝ ի դեմս Աստվածամայր Անահիտի: Այսպիսով՝ մայրությունը ոչ միայն երկրային, այլեւ՝ երկնային երեւույթ է՝ աստվածային ու արարչական: Մայր Անահիտի օրը, ըստ Հայոց Սրբազան Տոմարի, Արեգ ամսվա Անահիտ օրն է, ներկայիս ապրիլի 8-ը: Եվ այդ օրվանից Մայր Բնությունը սկսում է գույնզգույնվել, գունեղանալ, եւ բազմապիսի գունային փնջերով զատվում է բնական աշխարհը՝ բազմերանգությամբ զատվում են կենդանական ու բուսական տեսակները:
Գունազարդվում է նաեւ Մայր Հողը՝ Աստվածամոր պտղաբերումի խորհրդից, եւ գունազատվում (գույներով միմյանցից զատվում) են թփերը, ծաղիկները, ծառերը՝ տերեւներն ու պտուղները…
Եթե Մարտի 8-ը մեզ փոխանցվեց խորհրդային տարիներից, երբ սոցճամբարի երկրներում այդ օրը նշում էին կանանց տոնը, ապա ապրիլի 7-8-ը մեր հին նախնյաց Զատիկի տոնն է, որը միաժամանակ Մայր Անահիտի օրն է, որ ներառում է Բնության Մայրանալու՝ Պտղաբերելու Խորհուրդը: Ինչպես վերը նշեցինք, «հղիացած» բնական աշխարհի վերածնվելու՝ կենդանական ու բուսական տեսակներին նոր կյանք տալու Խորհուրդը:
Զատիկը շարժական տոն է համարվում, ուստի ներկայումս, հայ արիները այն նշում են առաջիկա կիրակի օրը՝ ապրիլի 12-ին Մեծամորի պատմական հնավայրում: Մեծամորը (Մեծ-ա-մոր (իմա՝ Մեծ մոր, Աստվածամոր – Մայր Անահիտի)) արդեն քանի տարի դարձել է հայ արիների ծիսական վայրերից մեկը:
Այս տարի էլ «Արորդիների Ուխտ»-ի քրմերը, Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց Զատիկը կտոնեն Մեծամորում: Ապրիլի 12-ին, ժամը 13:00-ին, քրմերը կսկսեն ծիսակատարությունը եւ այնուհետ հայ արիները գույնզգույն ներկված հավկիթներով կխաղան ու կմրցակցեն, ինչը կուղեկցվի տոնական երգ ու պարով: Հայ արիները կփառաբանեն Մայր Անահիտին, Մայր Բնությանը, Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին, որ Ազգն ու Մայր Հողը միշտ առատ պտուղներ տան եւ վայելեն հատկապես Աստվածամոր հովանավորությունը……
Այժմ, ելնելով քրիստոնեական պատկերացումներից, ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները նշում են Ավետման տոնը, երբ Գաբրիել հրեշտակը Ավետիս տվեց սրբուհի Մարիամ կույսին… Այս օրը քրիստոնյաները կոչում են նաեւ Տիրամոր տոն:
Ինչ մնում է քրիստոնյաների Զատիկի տոնակատարությանը, ապա այն նշվում է որպես հիշատակի օր եւ, ինչպես գրված է Հին Կտակարանում, խորհրդանշում է Մովսեսի միջոցով Իսրայելի որդիների՝ եգիպտոսից դուրս գալը (եգիպտացիներից զատվելը) եւ դեպի իրենց վիճակված երկիր գնալը: Նոր Կտակարանում այդ օրը արդեն մեկ այլ բան է խորհրդանշում՝ որպես Քրիստոսի՝ Աստծո միածին որդու հարությունը, որով նա մարդկանց ազատում է հոգեւոր եւ հավիտենական մահվան գերությունից եւ երկնքի արքայություն է առաջնորդում……
Երկու դեպքում էլ անհասկանալի է, թե ինչու են քրիստոնյա հայերը հավկիթներ ներկում եւ գունավառ տոնակատարություններ կազմակերպում: Ո՛չ հրեաների ճամփորդության (զատման) թեման է այդ միջոցառումների ոգուն առնչվում, ո՛չ էլ՝ Քրիստոսի հրաշափառ հարությունը…
Անհասկանալի է նաեւ, թե ինչու, ըստ որոշ եկեղեցականների ու ազգային հորջորջվող ոմն մտավորականների մեկնաբանության, «Պատարագից հետո տուն գալիս մարդիկ խաղացել են զատկական խաղերը՝ ձվախաղերը» կամ «Պետք չէ հավկիթը ներկել գունավոր, որովհետեւ այդպես ներկում են Պարսկաստանում, որը խորհրդանշում է գարնան սկիզբը»: Այսինքն՝ պատարագից հետո ի՞նչ տրամաբանությամբ են ձվախաղ անցկացրել քրիստոնյա հայերը, Քրիստոսին էլ հայտնի չէ հաստատ… Իսկ այն, որ հազարամյակներ շարունակ գարնան բազմերանգ գույներով ձվեր ներկող հայերը (նաեւ՝ այսօրվա քրիստոնյաների նախնիները) հաստատ պարսիկներ չեն եղել, դա անհերքելի փաստ է: Պարզապես տերտերներին «ձեռք չի տալիս», որ ձվերը գունավոր ներկեն ու գարնան վերազարթոնք տոնեն հայերը: Նրանց պետք է, որ Քրիստոսի արյան գույնով ներկեն ձվերը ու հետո էլ Քրիստոսի արյունը՝ գինին, խմեն, հետն էլ նրա մարմինը՝ հացը, ուտեն… Մի խոսքով, մեզ արիական-հեթանոսներիս կռապաշտ համարող քրիստոնյաները, ահա, այսպիսի արյունարբու ուտուշ-խմուշ են կազմակերպում՝ իրենց Տիրոջ մարմնից ու արյունից…
Եվ եւս մեկ անգամ հանգում ենք այն տրամաբանությանը, որ քրիստոնեական հերթական տոնը «կառուցել» են արիական-հեթանոսական եւս մի տոնի վրա, որպեսզի մոռացության մատնեն այն: Սակայն, հայությունը ներկում է հավկիթները եւ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ասելով խորանում է հեթանոսական ձվախաղի մեջ՝ հերթական անգամ ապացուցելով հայի գենետիկ հզորությունը եւ ներքին կապվածությունը հին Աստվածներին……
Իսկ արիական-հեթանոսական Նոր Տարուց հետո (մարտի 21-ին նշվեց Գառնո տաճարում), երբ հայոց զորության եւ ռազմի Աստված Վահագն է վերածնվում Բնության Զարթոնքից, 40 օր անց հայ արիները տոնում են Բնության Զատումը՝ Զանազանումը:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 13 (99), 2009թ.



