Խոսք առ ընթերցող

Այսօր «Լուսանցք»-ի 100-րդ թողարկումն է: Շատերի համար 100-ը թիվ չէ: Ինձ համար կարծես 100 հազար լինի: Որովհետեւ «Լուսանցք»-ի ուղին դեռ լայն ու ասֆալտապատ ճանապարհ չէ: Դեռ կածան է: Ու դժվար է: Շատ դժվար է, երբ ուզում ես տալ մի արտադրանք, որի պահանջարկը առայժմ դեռ բավականին քիչ է: Բայց հասկանում ես, որ պե՛տք է տալ այդ արտադրանքը, որովհետեւ այդ քչի կարիքն ունեցողներն էլ բավականին շատ են:

Որովհետեւ արդեն ընթերցողների շրջանակ ունես ու նաեւ պարտավոր ես արդարացնել նրանց սպասելիքները: Խոսքս, իհարկե, այն «ընթերցողների» մասին չէ, ովքեր գալիս-ասում են՝ «սենսացիա ունեմ, ձեր թերթի համար եմ բերել»: Կարդում ես բերածը, ու հարց է ծագում՝ «բա ու՞ր է սենսացիան»: Հետեւում է պատասխանը՝ «էդ էլ հաջորդ համարում»: Ու երբ փորձում ես մերժել նրա «սենսացիան», որովհետեւ պարզվել է, որ դա արդեն մի քանի խմբագիրների սեղանին էլ կա, նեղանում է՝ «էլ ձեր թերթը չեմ կարդա»:

Խոսքս այն ընթերցողների մասին է, ովքեր ընդհանրապես թերթ են կարդում, բայց ովքեր հենց քո՛ թերթի ընթերցողներն են, քանզի այստեղ անուղղակի արտացոլված են տեսնում այն, ինչ կուզեին իրենք ասել ու անել: Նաեւ նրանց մասին է խոսքս, ովքեր կարդում են թերթը՝ անգամ դրա գաղափարախոսությանը մասնակի կամ նույնիսկ լիովին համամիտ չլինելով: Ու ինչու ոչ՝ քննադատում են, առաջարկներ ներկայացնում, «ստիպում» փոխադարձ կապ պահպանել:

Ու այսպես էլ հոսում են օրերը՝ 1-ը դարձնելով 100: Որ ճիշտ է՝ շաբաթական թողարկում է, բայց ամենժամյա աշխատանք, քննարկումներ, բորբոքումներ, հետո՝ վայելք՝ յուրաքանչյուր թողարկումից վայրկյան անց: Խոնջացած վայելք:

Շնորհավորում եմ բոլորիս: Բոլոր նրանց, ովքեր մշտապես կողքիս են: Բոլոր այն քաղաքական գործիչներին, փորձագետներին, մասնագետներին, տարբեր բուհերի դասախոսներին…, ովքեր թերթի էջերում շատ արագ արձագանքում են մեր հանրությանը հուզող բազմաթիվ հարցադրումների: Մի խոսքով, օրեցօր շատացող բոլո՛ր ընթերցողներիս, ովքեր կարդալ են ուզում շարունակությունը 100-ի:


Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք»-ի գխավոր խմբագիր


This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.