Փնտրտուք

Զրույցներ հայոց լեզվի մասին

Նշանավոր լեզվաբան Գեւորգ Ջահուկյանը կողմ չէր դասական ուղղագրությանը վերադառնալուն, կամ այն նոր ձեւով օգտագործելուն՝ համարելով, որ արեւելահայերենով չափազանց շատ գրականություն է ստեղծվել եւ այն կարող է անմատչելի դառնալ նոր սերնդի համար, ովքեր կսովորեն դասական ուղղագրությամբ: Սակայն, «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» գրքում, ավելի հասկանալի լինելու համար, նա բառերի ցանկը բերում է դասական ուղղագրությամբ, քանի որ այլ կերպ վարվել չէր կարող: Միայն հայերենի 36 հնչյունները եւ դրանց համատասխանող 36 տառերն են, որ կարող են մեզ ճշգրտորեն պատմել բառի նախնական եւ իրական իմաստների մասին: Բացի այդ, դասական ուղղագրությանը վերադառնալուն շատ կօգնի հայերիս հաղորդակցվելու այն նոր եղանակը, որը ինտերնետ (համացանց) է կոչվում եւ կմիավորի Հայրենիքի ու Սփյուռքի հայությանը:

Զրույց Զ

Ճահուկ-ջոլիր-ջոկ (Խորենացու մոտ՝ ջոկատ), բոլոր 3 բառերն էլ խումբ են նշանակում: Այս շարքին կարելի է ավելացնել այլ բառեր, որոնք մեր լեզվաբանների աչքից ու ականջից վրիպել են:

Առաջին հերթին դա վերաբերում է ճոխ բառին, որը իմաստով շատ մոտ է վերը նշված բառերին: Լեզվաբաններին, հավանաբար, շփոթեցնում է այն, որ նույն իմաստ ունեցող այդ բառերին տարբեր ծագում է վերագրվում: Օրինակ, ջոկ-ը իրանական փոխառություն է համարվում, ջոլիրի ծագումը անհայտ է, ճահուկ-ը (ջահուկ(՞)…)« իբր, հին արաբերենից է, իսկ ճոխ-ին էլ ուրարտական ծագում է վերագրվում, ինչն իհարկե, հավաստի չէ:

Ժողովել, ժողովուրդ բառերի ժող- եւ ջահան «աշխարհ» բառի ջահ- արմատները, (երկուսն էլ իրանական փոխառություն համարվող), նույնպես այդ շարքից են եւ կասկած է առաջանում, թե արդյո՞ք իրավացի են մեր լեզվաբանները, ովքեր հայերեն բառերի համար, համառորեն, տարբեր ակունքներ են փնտրում:

Վերոհիշյալ բառերը, իրականում, նույն բառարմատի տարբեր արտասանություններ են՝ տարբեր ժողովուրդների կողմից, եւ առաջնություն տալ դրանցից որեւէ մեկին, ճիշտ չէ:

Ավելին, լեզվաբանները աշխարհ բառին նույնպես իրանական ծագում են վերագրում, բայց ինձ թվում է, որ այն կազմված է աշ-խարհ ձեւով, իսկ խարհ-ը նույն արմատից է, ինչ վերեւում բերված բառերը եւ կապ ունի խալխ (արաբերեն xalq) «ամբոխ, ժողովուրդ» բառի իմաստի հետ:

Շարունակելի

Հովսեփ Պալյան

Տեխ. գիտ. թեկնածու, ԵրՃՇՊՀ-ի դոցենտ

Լուսանցք» թիվ 14 (100), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.