«Նաիրիտն» այս անգամ կաշխատի՞ վերջնականապես

Մայիսի 14-ին, ժամը 17:40-ի սահմաններում, պայթյուն եղավ ու հրդեհ բռնկվեց «Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենային արտադրամասի 1-12 Բ արտադրության 1-ին աշտարակում: Հրդեհի տարածքը, ըստ «Նաիրիտ»-ի մամուլի ծառայության, կազմեց 80 քմ: Նույն աղբյուրի համաձայն, հրդեհը բռնկվեց այն հիմնական արտադրամասում, որտեղ արտադրվում է քլորոպրենային կաուչուկ: Հավանաբար քաղաքում խուճապ չառաջացնելու համար անմիջապես տարածեցին, թե «միջադեպը լուրջ բնապահպանական խնդիրներ չի առաջացնի մայրաքաղաքի համար, վտանգավոր արտանետումներ չկան»: Բայց, այնուամենայնիվ, գործարանին մոտ ապրող բնակիչներին խորհուրդ տրվեց սառը թրջոցներ օգտագործել: Հետո, արդեն երեկոյան ժամը 22-ի սահմաններում գործարանից տեղեկացրին, որ «իրավիճակը լիովին վերահսկվում է, վթարը տեղայնացված է, վտանգավոր արտանետումներ չկան»:

Եղան զոհեր, տուժածներ, վիրավորներ, տուժածների թվում նաեւ հրշեջ փրկարարներ էին: Մանավանդ գործարանում վթարի առաջին օրերին տարբեր թվեր էին նշվում զոհերի՝ 3, 4, 6… Մեկն էլ չպիտի լիներ: Մեկն էլ մի ամբողջ կորուստ է ընտանիքի համար… Հետո ստեղծվեց ընկերության մասնագիտական հանձնաժողով՝ վթարի պատճառները պարզելու եւ հետեւանքներն ուսումնասիրելու համար:

Այնուհետեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նիկոլայ Գրիգորյանը հայտնեց, թե դեպքի վայր հասած հրշեջ խմբերին օգնության են հասել նոր խմբեր. հրդեհը բավականին ուժեղ էր եւ երեւում էր քաղաքի գրեթե բոլոր կողմերից: Հրշեջներին հաջողվեց տեղայնացնել հրդեհը, որպեսզի կրակը չկլանի նաեւ մյուս աշտարակները: Հրշեջ փրկարար ծառայության 17 աշխատակիցներ վիրավորվեցին (ըստ Ն. Գրիգորյանի): Նրանք ստացան միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Հրշեջների աշխատանքը չխոչընդոտելու համար փակվեց Բագրատունյաց պողոտան (տանում է դեպի գործարան):

Շտապ օգնության ծառայության բժշկական առաջին անձնակազմը դեպքի վայր է հասել պայթյունից րոպեներ անց: Պայթյունի ժամանակ «Լուսանցք»-ի խմբագիրը եղել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում եւ հավաստում է, որ պայթյունից րոպեներ անց արդեն բժշկական ամբողջ անձնակազմը պատրաստ էր արտակարգ իրավիճակին…

Դեպքի վայրում նույն օրը եղան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Փրկարար ծառայության պետը նրանց էլ հավաստեց, որ «Նաիրիտ»-ի մոտակայքի շենքերի բնակիչներին ոչինչ չի սպառնում եւ տարհանման խնդիր դրված չէ: Գործարանի տնօրինությունը դեպքից հետո վստահեցրեց, որ վտանգավոր նյութեր չեն արտանետվել, եթե դրանք արտանետվեին առանց այրվելու, շատ ավելի վտանգավոր կլիներ: Դրանք այրվել են, ու վտանգը մեղմացել է:

…Հետեւանքները մեղմ չեղան: Գործարանի 4 աշխատակիցներ՝ 1959թ. ծնված, քլորոպրենի ստացման տեղամասի հեթափոխի պետ Լեւոն Լեւոնյանը, 1958թ. ծնված, հիդրոքլորացման ապարատավար, բրիգադավար Հովհաննես Հովհաննիսյանը, 1959թ. ծնված, թորման ապարատավար Վահան Ղարիբյանը եւ 1970թ. ծնված, վերանորոգող փականագործ Արթուր Կարապետյանը դարձան պատահարի զոհը…

Նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ եղավ գործարանում՝ այրված արտադրամասում. «Հրդեհի չափերն, իրոք, մեծ էին, եւ այս աղետն իսկական փորձություն էր հանրապետության համապատասխան ծառայությունների համար, որոնց աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, կարողացան գործել առանց հապաղելու եւ գրագետ: Արդեն մայիսի 14-ին ցուցում եմ տվել, որ համապատասխան քննություն անցկացվի: Անհրաժեշտ է պարզել պատճառները՝ հետագայում նման վթար թույլ չտալու համար: Ցավոք, այս աղետն ուղեկցվել է զոհերով: Խորապես ցավակցում եմ զոհվածների եւ տուժածների ընտանիքներին: Ուշադրությունը, որ կցուցաբերվի այդ ընտանիքների նկատմամբ գործարանի սեփականատիրոջ եւ, անշուշտ, պետական մարմինների կողմից, չի կարող ամբողջովին փոխհատուցել նրանց կորուստը, սակայն գոնե սփոփանք կլինի: Ես կարծում եմ, որ մենք պետք է դասեր քաղենք: Այս աղետը եւս մեկ անգամ պետք է ահազանգ լինի հանրապետության այլ ձեռնարկությունների ղեկավարների եւ սեփականատերերի համար: Փառք Աստծո, որ ավելի շատ զոհեր չեն եղել»:

Իսկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ արդեն նախնական ուսումնասիրություններն արված են, եւ ակնկալվում է, որ մեկ ամսում հնարավոր է վերականգնել աշխատանքային ռիթմն այս արտադրամասում: Վերականգնման համար կծախսվի 150 հազար դոլար, որն, ինչպես ակնկալվում է, պետք է տրամադրվի գործարանի կամ դրա սեփ
ականատերերի միջոցներով: Արմեն Մովսիսյանն ասաց, թե «Նաիրիտ»-ի տեխնիկական անվտանգությունը պարբերաբար ստուգվել է, հանձնաժողովի աշխատանքի եւ մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում կպարզվի, թե որն է եղել պայթյունի պատճառը: Հնարավո՞ր է արհեստական միջամտության տարբերակը: Ոչ. ամեն դեպքում Ա. Մովսիսյանը բացառում է արհեստական միջամտության առկայությունը: Դա, ըստ նրա, թերեւս «ինչոր տեխնոլոգիական գործընթացի խախտման արդյունքն է»: Պատճառներն անպայման կպարզվեն: Այս պահին, նրա հավաստմամբ, արտադրության պարագայում որեւէ այլ վտանգ չկա:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն էլ նշում է, որ հրդեհից տուժածների կյանքին որեւէ վտանգ չի սպառնում: Բացի հրդեհաշիջման ժամանակ որոշակի վնասվածք ստացած հրշեջներից, ովքեր կարիք են ունեցել պարզապես բուժզննման եւ փոքր միջամտությունների, անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել 2 տուժածի. «Նրանցից մեկի մոտ, բացի բութ վնասվածքներից, ի հայտ են եկել հոգեկան խանգարման երեւույթներ, նրա վիճակը անհրաժեշտ միջամտությունից հետո գնահատվել է բավարար, եւ նա դուրս է գրվել»: Թունավորումների հավանականություն չկա. հավաստում է առողջապահության նախարարը:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանն էլ վստահեցրել է, թե վթարից անմիջապես հետո նախարարության պատասխանատու աշխատակիցները եւ մասնագետները եղել են տեղում. «Իրականացվում են անհրաժեշտ ուսումնասիրություններ: Նախնական տվյալներով, շրջակա միջավայրի էական որեւէ աղտոտում բնապահպանները չեն արձանագրել: Ջրի աղտոտվածության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Աղետի հետեւանքների մասին ամփոփիչ պատասխաններ կտրվեն ավելի ուշ՝ մոնիտորինգից հետո, երբ արդեն պարզ կլինի, թե օդում եւ ջրում վնասակար նյութերի քանակի բարձրացում եղե՞լ է, թե ոչ»:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸի տնօրեն Վահան Մելքոնյանը հավաստիացրեց, որ մինչ այդ «Նաիրիտ»-ում կատարվել են ՀՀ օրենքով եւ միջազգային ստանդարտներով նախատեսված բոլոր զննումները, փորձարկումները եւ դրանց գրանցումները. «Դա սահմանված ժամանակացույցի համաձայն կատարվում է անհրաժեշտ պահերին մեր մասնագետների կողմից, նաեւ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տարեկան մեկ կամ երկու անգամ պարտադիր: Մենք չենք կարող փոխհատուցել կորցրած կյանքը, իսկ ֆինանսական առումով՝ ձեռնակությունում դեռ ապահովագրական համակարգ չի գործում: Այն, ինչ գործարանը կկարողանա անել զոհվածների ընտանիքների համար, կանի»:

Ֆինանսական վնասի մասին խոսելիս Վ. Մելքոնյանը նշում է, թե «Ֆինանսական վնասը մեծ չէ, մեր կորուստն այս երկաթները չեն: Խորհրդային տարիների համեմատ՝ կարգապահության, կանոնակարգման մակարդակը գործարանում որոշակիորեն իջել է, սակայն վերջին տարվա ընթացքում այդ ուղղությամբ լուրջ աշխատանք էր կատարվել: 2 տարի առաջ կոլեկտորային համակարգում հրդեհ եղավ, քննություն իրականացվեց, եւ մեղավորները պատժվեցին: Այն դեպքում անփութությունն էր պատճառը, որը չի բացառվում նաեւ այս դեպքում, բայց ես չեմ կարող մեղադրել զոհված մեր ընկերներին: Մենք պետք է ուսումնասիրենք եւ հետո գանք եզրակացության»…

Ընդառաջ գնալով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ կոլեկտիվի անդամների առաջարկությանն ու ցանկությանը՝ ընկերության ղեկավարությունն ու արհեստակցական միությունը ստեղծել են հոգաբարձուների խորհուրդ՝ ս/թ մայիսի 14-ին «Նաիրիտ»–ում տեղի ունեցած վթարի արդյունքում զոհված 4 աշխատակիցների ընտանիքներին աջակցելու համար հանգանակություն կազմակերպելու նպատակով: «Արարատ» բանկում «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ արհմիության կողմից բացվել են երկու հաշվեհամարներ՝

1. Դրամային հաշվեհամարն է 1510001664630100 (AMD):

2. Դոլարային հաշվեհամարն է 1510001664630101 (USD):

Անհատները եւ կազմակերպությունները կարող են փոխանցել ցանկացած չափի գումար՝ հայկական դրամ կամ ամերիկյան դոլար:

Այս է ամբողջը:

Մասնագիտական քննությունը շատ բան կպարզի: Միայն այս պահի համար նշենք, որ 2006թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը դարձավ բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումը, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում է ՀՀ կառավարութ
յանը՝ ի դեմս էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարության: Հիմա՝ բրիտանական այդ ընկերությունը ի՞նչ ներդրումներ է կատարել ցայսօր եւ ինչպե՞ս է կատարել…

Շարունակելի

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 19 (105), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.