Հանրային խորհուրդը քննարկել է համաներում հայտարարելու վերաբերյալ ՀՀ նախագահին առաջարկ ներկայացնելու մասին որոշումը եւ հնչեցրել համաներում հայտարարելու մասին հասարակության շրջանում ձեւավորված տեսակետները:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարեւորել է այն հանգամանքը, որ համաներում հայտարարելուն ոգեւորությամբ կողմ են եղել ոչ միայն դատապարտված անձանց հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցողները, նրանց հարազատները, այլեւ նրանք, ովքեր ուղղակիորեն շահագրգռված չեն եղել այդ հարցում:
Հանձնաժողովներում կարծիքները տարբեր են եղել մարտ 1-2-ի դեպքերի հետեւանքով ազատազրկված անձանց մասով: Հանձնաժողովներում արձանագրվել է, որ համաներման թիրախը պետք է լինեն անչափահասները, կանայք, 60-ից բարձր տարիք ունեցողները, հաշմանդամները, հայրենիքին ծառայություններ մատուցած եւ արցախյան հերոսամարտին մասնակցածները, առանց դիտավորության հանցանք կատարածները:
Համաներումը չպետք է վերաբերի նախկինում համաներմամբ ազատված, բայց կրկին հանցագործություն կատարած, կաշառակերության, ընտրախախտումներ, առանձնապես ծանր, կանխամտածված ու դաժան սպանություն կատարած եւ նմանատիպ այլ բնույթի հանցագործությունների համար դատապարտված անձանց:
Հանձնաժողովներում հնչած բոլոր առաջարկները ի մի են բերվել եւ հանրային խորհրդի որոշման հետ կուղարկվեն ՀՀ նախագահի աշխատակազմ:
«Հանրային խորհուրդը, ամփոփելով քննարկումների արդյունքները, հիմք ընդունելով արտահայտված կարծիքները՝ գտնում է, որ համաներումը, որպես մարդասիրական, քաղաքական, սոցիալական եւ իրավական նշանակության միջոցառում, կարող է նպաստել հասարակության մեջ առողջ մթնոլորտի ձեւավորմանն ու պետական իշխանության մարմինների հանդեպ հանրային վստահության հաստատմանը»,-–ասված է ՀԽ որոշման նախաբանում:
Ինչ վերաբերում է մարտի 1-2-ի դեպքերի մասով համաներմանը:
ՀԽ անդամներից ոմանք կարծում են, որ որոշման մեջ չպետք է առանձնացվեն մարտի 1-2-ի դեպքերը եւ դրանց հետեւանքով ազատազրկված անձինք, մյուսներն էլ պնդում են, որ համաներման գաղափարն առաջ է եկել հենց այդ դեպքերի պատճառով: Սոս Սարգսյանին հետաքրքրել է, օրինակ, թե ինչո՞ւ է հատուկ առանձնացվում մարտյան դեպքերի հետեւանքով ազատազրկված անձանց խնդիրը. «Օրենքի առջեւ հավասար են բոլորը: Եթե առանձնացնելու խնդիր կա, ապա դա պետք է վերաբերի կանանց, ծերերին, անչափահասներին, հաշմանդամներին ու մարտական գործողություններին մասնակցածներին»,–համոզված է նա:
Խոսրով Հարությունյանը նկատում է, որ քրեական օրենսգիրքը համաներման համար որեւէ սահմանափակում չի դնում, ու կասկածում է, թե համաներում հայտարարելուց հետո հասարակության մեջ համերաշխությունը կվերականգնվի, բայց եթե «անգամ տեսականորեն փոքր հավանականություն կա, այդ քայլին պետք է դիմել»:
Հասկանալի է, թե ՀԱԿ-ն ինչ ուշադրությամբ կհետեւի, թե ՀԽ-ն ի՞նչ է համարձակվում ասել մարտյան դեպքերի մասով: Արդյո՞ք ՀԽ անդամները քաջություն կունենան հնչեցնելու սեփական տեսակետները՝ Սոս Սարգսյանի օրինակն աչքի առաջ ունենալով: Քանզի չէր հասցրել դերասանը մի փոքր անհամաձայնություն հայտնել, երբ ՀԱԿ-ական մամուլում Գագիկ Ջհանգիրյանը դարձավ հրեշտակ, Սոս Սագսյանը՝ սատանա: Դերասանի ամբողջ կյանքը (իրենց ուզած էջերը) փռեցին արեւին, իսկ նախկին զինդատախազի «ամպոտ» ոտները պաչեցին, դրին սեփական գլխներին:
Իսկ մեզ մնում է արձանագրել, որ ամբողջ օրը խոսքի ազատությունից թմբկահարողները հենց իրենք են սահմանափակում ուրիշների ազատությունը:
Նարե Մշեցյան
«Լուսանցք», 22 (108), 2009թ.



