«Մարտի 14-ի կոալիցիան» հաղթանակ է տարել Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրություններում: Ըստ վերջնական պաշտոնական արդյունքների, 2005թ. փետրվարին սպանված՝ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդու՝ Սաադի գլխավորած կոալիցիան 71 տեղ է նվաճել երկրի խորհրդարանում: Ընդդիմությունն ստացել է 57 տեղ: Ընդդիմությունը գլխավորող «Հըզբոլլահ»-ը ստացել է 11 պատգամավորական մանդատ: Նախորդ խորհրդարանում կառավարող մեծամասնության ներկայացուցիչներն ունեին 70 տեղ, իսկ ընդդիմությունը՝ 58:
Պարտության են
մատնում դաշնակներին
Ընտրություններին մասնակցող հայկական Սոցիալ-դեմոկրատ հնչակյան եւ Ռամկավար ազատական կուսակցությունները ընտրություններին մասնակցել են «Մարտի 14-ի», իսկ ՀՅԴ-ն՝ «Մարտի 8-ի» կազմում: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի առաջին ընտրատարածքի բոլոր հինգ աթոռները բաժին են ընկել «Մարտի 14-ի» ուժերին: Այս ընտրատարածքում հայկական երկու աթոռների համար մղվող պայքարում Հնչակյան կուսակցությունից առաջադրված Սերժ Թուրսագիսյանը պարտության է մատնել դաշնակցական Գրեգուար Գալուստին, իսկ Ռամկավար ազատական կուսակցությունից առաջադրված Ժան Օղասափյանը հաղթել է դաշնակցական Վրեժ Սապունջյանին: Բեյրութի երկրորդ ընտրատարածքում հնչակյան Սեպուհ Գալփագյանը եւ դաշնակցական Արթուր Նազարյանը հաղթել են՝ մրցակիցներ չունենալով: Մեթնի շրջանում, որն ընդգրկում է Բուրջ Համուդի հայկական թաղամասերը, ընտրվել է միակ առաջադրված թեկնածուն՝ դաշնակցական Հակոբ Բագրատունյանը: Զահլեի ընտրատարածքում, որն ընդգրկում էր հայկական Այնճար ավանը, դարձյալ հաղթել են «Մարտի 14-ի» ներկայացուցիչները, իսկ հայկական միակ աթոռի համար մղվող պայքարում Հնչակյան կուսակցության աջակցությունը վայելող Նշան Չինչինյանը պարտության է մատնել ներկա խորհրդարանի անդամ դաշնակցական Ջորջ Քասարջիին:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք», 22 (108), 2009թ.



