Ո՞վ ու՞մ է ավանակի նմանեցնում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունիսի 8-ին կայացած նիստում քննարկվել է «Երեւան ջուր» ՓԲԸ կողմից սակագների սահմանման մասին հարցը: Հանձնաժողովը որոշել է սահմանել հետեւյալ սակագները.

ա. սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը՝ 153.850 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց:

բ. Սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 12.670 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց:

գ. Սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը՝ 14.480 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց:

Բոլոր ծառայություններից օգտվելու դեպքում՝ սպառողներին մատուցված ծառայությունների դիմաց ընդհանուր սակագինը կկազմի 181 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի համար:

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2009 թվականի հուլիսի 8-ից:

Այս ամբողջ պատմության մեջ հետաքրքիր մի բան կա. հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հարկատուի հաշվին գոյատեւելով, ավելացնում է նույն հարկատուի սպառած խմելու ջրի սակագները: Եվ դա անում է ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Մինչդեռ այդ հանձնաժողովը կոչված է պաշտպանելու ոչ թե Երեւանում ջրի ոլորտը կարգավորող ֆրանսիացիների, այլ՝ երեւանցիների՝ սպառողների՝ հայերի շահերը: Հիմա՝ ո՞վ է ու՞մ էշի տեղ դնում. ֆրանսիացիները՝ հանձնաժողովին, թե՞ հանձնաժողովը՝ սպառողին: Թերեւս՝ ֆրանսիացիներն ու հանձնաժողովը՝ սպառողին, ում հաշվին գոյատեւում են եւ ում ուսերին էլ ծանրացած է ջրի ոլորտի համար վերցրած վարկերը վերադարձնելու բեռը…

Անի Մարության

«Լուսանցք», 22 (108), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.