Քաղաքապետ կամ կունենանք կամ… ոչ

Երեւանը քաղաքապետ կամ կունենա, կամ՝ ոչ: Ընդ որում, քաղաքապետ ունենալ-չունենալը ամենեւին էլ պայմանավորված չէ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով: Ըստ դրանց՝ Երեւանի քաղաքապետն է Գագիկ Բեգլարյանը: Սա փաստ է: Բայց կա խնդիր, որի լուծումը կտա ժամանակը: Այն է՝ Գագիկ Բեգլարյանը իրապե՞ս կդառնա Երեւանի քաղաքագլուխը, Երեւանն իսկապե՞ս կսիրի նրան, նա կկարողանա՞ մայրաքաղաքի գործերը կարգավորել ըստ պատշաճի: Ասեմ՝ բավականին բարդ է, մանավանդ, որ Երեւանն այսօր զուրկ է քաղաքային մշակույթից եւ մի մեծ գյուղի է վերածված:

Թերեւս քննություն հանձնելու համար մի բան հաստատ պետք է հաղթահարի Գագիկ Բեգլարյանը՝ չնմանվի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին… Թե ինչու, ներկայիս քաղաքապետը դա բոլորից լավ գիտի:

Սակայն, կարծում եմ, հարկ է հուշել այդ մասին նաեւ մեր ոչ երեւանաբնակ ընթերցողներին: Գագիկ Բեգլարյանը պետք է սիրի Երեւանը, այլ ոչ թե Երեւանից վրեժ լուծի՝ մայրաքաղաքը վերջնականապես վերածելով կեղտանոցի: Այլապես Երեւանի «դավթարում» Բեգլարյանը կհայտնվի «սեւ ցուցակում»՝ Զախարյանի կողքին… Թողնենք սա ժամանակի քննությանը ու գանք ներկային:

Երեւանի նորընտիր ավագանին հունիսի 8-ին գումարեց անդրանիկ նիստը: Այն վարում էր ավագանու տարիքով ավագ անդամը՝ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Նիստին ավագանու անդամ, ՀՀԿ 35 եւ ԲՀԿ 17 ներկայացուցիչներից բացակայում էին 2-ը, չէր մասնակցում Հայ ազգային կոնգրեսը (13 անդամ): Նիստը վարողը ներկայացրեց ավագանու անդամներին՝ յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության անվանումը, հրապարակեց ընտրված քաղաքապետի անունը՝ Գագիկ Բեգլարի Բեգլարյան:

Նիստում ձեւավորվեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով: Երեւանի ավագանին ընդունեց առաջին որոշումները, ըստ որոնց քաղաքապետի երդման արարողությունը կազմակերպվեց երեկ՝ հունիսի 11-ին, իսկ ավագանին անդրանիկ նստաշրջանը կգումարի հունիսի 23-ին: Երեւանի նորընտիր քաղաքապետ Գ. Բեգլարյանը նիստի ավարտին կարճատեւ զրույցեց ավագանու նիստին ներկա անդամների հետ:

Հիմք ընդունելով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունների, ՀՀ վարչական դատարանի վճիռների եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կատարված վերահաշվարկների արդյունքների հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2009թ. հունիսի 6-ի՝ Երեւանի ավագանու 2009թ. մայիսի 31-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2009թ.ապրիլի 30-ի՝ Երեւանի ավագանու 2009թ. մայիսի 31-ի ընտրություններին թեկնածուներ առաջադրած ԲՀԿ ընտրական ցուցակը գրանցելու մասին թիվ 20-Ա, ՀԱԿ դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին թիվ 23-Ա, ՀՀԿ ընտրական ցուցակը գրանցելու մասին թիվ 26-Ա որոշումները եւ ինքնաբացարկների մասին դիմումները, ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 138.18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է՝ Երեւանի ավագանու անդամներ են ընտրվել ներքոհիշյալները (տես էջ 5):

Հավելենք նաեւ, որ ԿԸՀ-ն 2009թ. հունիսի 6-ի արտահերթ նիստում, ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 40.1-րդ հոդվածի 5-րդ կետով, քննարկել է ՀԱԿ-ի լիազոր ներկայացուցչի դիմումը Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին եւ որոշել դիմումը մերժել: ԿԸՀ-ն հունիսի 8-ի արտահերթ նիստում համամասնական ընտրակարգով ԲՀԿ ընտրական ցուցակից ՀՀ ԱԺ պատգամավոր է գրանցել Վաչագան Անուշավանի Խուրշուդյանին:

Մայիսի 31-ին անցկացված Երեւանի ավագանու ընտրություններում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել դրանց արդյունքների վրա. հունիսի 6-ի ԿԸՀ արտահերթ նիստում այս հայտարարությունն է արել հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:

ՀՀ ԿԸՀ-ն, ըստ Գ. Ազարյանի, չի ժխտում, որ մայիսի 31-ին տեղի են ունեցել նաեւ խախտումներ: Դրանց զգալի մասը վերացվել է հենց ընտրության օրը՝ ընտրական

հանձնաժողովների կողմից օպերատիվ միջոցներ ձեռնարկելու արդյունքում, մյուսների վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ եւ ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:

Գ. Ազարյանը, հաշվի առնելով հանձնաժողովի անդամների կարծիքը, նշել է, որ հանձնաժողովը մերժում է ՀԱԿ–ի դիմումը, քանի որ դրանում եւ դրան կից ներկայացված թղթակցություններում Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր չկան… Ինչեւէ, այս ամենին համաձայնել կամ չհամաձայնելը այս պարագայում մեր խնդիրը չէ. դեռ նախորդ համարում անդրադարձել էինք Երեւանի ավագանու ընտրություններին ու նաեւ նշել, թե ինչու Հայ ազգայնականների համախմբումը չի մասնակցում ընտրություններին…

Հիմա Երեւանն ունի քաղաքապետ, ու Երեւանին մնում է սպասել վերոշարադրյալ կամ-կամ-ին:

Հայկ Թորգոմյան

Աստղինե Քարամյան

«Լուսանցք», 22 (108), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.