Նախարարներն արձակուրդ չեն գնա

«Արձակուրդային սեզոն է սկսվում, եւ ես ուզում եմ ձեզ դիմել հետեւյալ հարցադրմամբ: Բարձրաստիճան շատ պաշտոնատար անձինք դիմում են գրում արձակուրդ վերցնելու համար: Ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ բոլորը դիմումը գրում են հենց մեկ ամսով, կարծես թե ոչ մի արտառոց բան չի պատահել, մենք տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամն արդեն հաղթահարել ենք, կառավարությանը չի սպասվում լարված աշխատանք: Այս մոտեցումն անընդունելի է», – երեկ կառավարության նիստում բարկությունը չթաքցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա հավելեց, որ եթե նույնիսկ բարձրաստիճան պաշտոնատար անձինք գնան արձակուրդ այս ամռանը, ապա պետք է այն լինի կարճաժամկետ եւ միայն ՀՀ-ում: «Մեկ ամսվա դիմումներ խնդրում եմ չներկայացնել, եւ դուք էլ ձեր տեղակալներին հայտնեք, որ մեկ ամսվա արձակուրդ նրանք այս տարի չեն ստանալու: Մեր տնտեսական ցուցանիշներն այս տարի բարվոք չեն, եւ 2009թ. ամենածանր տնտեսական տարին է մեր կառավարության համար: Եվ մենք պետք է աչալուրջ լինենք», – ընդգծեց գործադիր իշխանության ղեկավարը:
Ըստ նրա, այս ամառվա սեզոնը ծանր աշխատանքի սեզոն է լինելու կառավարության համար, որովհետեւ ցուցանիշները դեռեւս շարունակում են վատանալ:
Իսկ քանի դեռ ցուցանիշները վատ են, կառավարությունն աշխատելու է: Ափսոս, խեղճ նախարարները անթալիաներում իրենց հաստամարմինները արեւի տակ չեն փռի կամ եվրոպաներում կազինոներ չեն մտնի: Այսքանից հետո ո՜նց աշխատեն:
Անի Մարության

«Լուսանցք», 23 (109), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.