Սիրիան՝ Հայաստանի ու Թուրքիայի արանքու՞մ

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը: Նրան Սերժ Սարգսյանն ընդունեց իր նստավայրում, որտեղ եւ կայացավ Սիրիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այնուհետեւ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բաշար ալ-Ասադն առանձնազրույց ունեցան: 
Համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանը ողջունեց բարձրաստիճան հյուրին եւ, հիշեցնելով երկու ժողովուրդների դարավոր համագործակցությունն ու բարեկամությունը, երախտագիտություն հայտնեց Սիրիայի ժողովրդին պատմության օրհասական օրերին՝ Մեծ Եղեռնի տարիներին, հայ ժողովրդին նեցուկ կանգնելու համար: Նախագահ Սարգսյանը հիշեց նաեւ Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի երեսուն տարի առաջ Հայաստան (այն ժամանակ՝ ՀԽՍՀ) կատարած այցելության ժամանակ արտահայտած միտքը՝ «Սիրիան հայերի երկրորդ հայրենիքն է»:

Բաշար ալ-Ասադն ընդգծեց Հայաստանի ու Սիրիայի ջերմ հարաբերությունների գործում Սիրիայի հայ բնակչության դերակատարությունը: Նրա խոսքերով, հայերը Սիրիայում գաղութ չեն, այլ երկրի լիիրավ քաղաքացի՝ սիրիացի, քանի որ պատշաճ պահպանում են իր երկրի օրենքները՝ միաժամանակ չմոռանալով իրենց ազգային պատկանելությունը՝ հայ լինելը:

Երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունները, ըստ ՀՀ նախագահի, բավարար մակարդակի չեն, առկա ծավալները չեն համապատասխանում երկու երկրների ունեցած ներուժին: Կողմերը պայմանավորվեցին խրախուսել փոխադարձ ներդրումներն ու լուծումներ գտնել երկու երկրների միջեւ ցամաքային տրանսպորտային հաղորդակցություն ապահովելու հարցում:

Սիրիայի նախագահի պաշտոնական այցում հետաքրքրականն այն էր, որ Բաշար ալ-Ասադը ասաց, թե Դամասկոսը առաջարկում է իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: «Սիրիայում մենք հաճույքով ընդունեցինք այն քայլերը, որոնք ուղղված էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հայտնեցի, որ մենք պատրաստ ենք օգնել, որ այդ քայլերն առաջ շարժվեն», – Երեւանում հրավիրված համատեղ ասուլիսի ընթացքում ասաց նա:

Հարց է ծագում՝ ինչպե՞ս է Դամասկոսը աջակցելու մեզ Թուրքիայի հետ հարաբերություններում, երբ Սիրիան ինքը խնդիրներ ունի Թուրքիայի հետ: Ընդ որում, այդ խնդիրներն այնքան էլ հարթ չեն: Ճիշտ է, վերջերս Դամասկոսն ու Անկարան փորձում են հարթել առկա տարաձայնությունները, բայց… առայժմ այդքանը: Հիշեցնենք, որ շատ խնդիրներ թուրք-իսրայելական լավ հարաբերությունների հետեւանք են: Նաեւ՝ Դամասկոսը Թուրքիայի հետ տարածքային չլուծված խնդիր ունի, ինչպես իրենք են ասում՝ Աղեքսանդրեկի կամ Իսքենդերունի սանջակի հարցը: Տարածքն այս ներկայում վերահսկում է Թուրքիան, եւ այդ տարածքը ժամանակին Ֆրանսիան Սիրիայից անջատել ու Թուրքիային է տվել: Սիրիան ցայսօր չի դադարեցրել պահանջատիրությունը:

Տնտեսական խնդիրներ էլ են առկա այս երկու երկրների միջեւ: Եփրատ գետը, որ Սիրիայի համար կենսական նշանակություն ունի, բառացիորեն բռնազավթվել է Թուրքիայի կողմից: Եփրատը սկիզբ է առնում Հայկական լեռնաշխարհում (առայժմ Թուրքիայի տարածք – Վ.Ն.), Թուրքիան էլ մի քանի ջրամբարներ է կառուցել՝ նվազեցնելով գետի հոսքը ստորին հոսանքում:

Մի խոսքով՝ Սիրիան, ինքը Թուրքիայի հետ խնդիրներ ունենալով, պատրաստակամ է աջակցել Թուրքիայի հետ Հայաստանի խնդիրները կարգավորելուն: Իսկ գուցե Հայաստանի միջոցո՞վ է ուզում իր հարաբերությունների կարգավորումը…

Վահագն Նանյան

«Լուսանցք», 23 (109), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.