Հայաստանը ստիպված է ոչ արտոնյալ վարկեր ստանալ

Եվ սա ասում է ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենը

Հայաստանն արդեն ստիպված կլինի որ արտոնյալ վարկեր վերցնել. սա հայտարարեց Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը. ընդ որում՝ նրա ասածը տառացի եմ վերարտադրում: Բայց սկզբից սկսեմ:
Համաշխարհային բանկի (ՀԲ) տնօրենների խորհուրդը հունիսի 11-ին քննարկել է Հայաստանի հետ «Երկրի գործընկերության ռազմավարությունը», որում ներկայացվում են այն սկզբունքները, որոնցով ՀԲ-ն 2009-2012թթ. աշխատելու է Հայաստանի հետ:
Ռազմավարության շրջանակում ՀԲ խումբը այդ տարիներին Հայաստանին 670-700 մլն դոլարի ֆինանսավորում կտրամադրի, որից 150 մլն դոլարը կլինեն Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ-ի) ցածր տոկոսադրույքով վարկեր, 395 մլն դոլարը՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) վարկավորում եւ մոտավորապես 120-160 մլն դոլարը՝ Միջազգային ֆինանսական կորպորացիա (ՄՖԿ) միջոցով կուղղվի մասնավոր հատվածին:

Այս ամենին իբրեւ հիշեցում հավելեմ, որ 1992թ. ՀԲ-ին եւ 1993թ. ՄԶԸ-ին անդամակցելուց հետո Հայաստանին տրամադրված ընդհանուր միջոցները կազմում են մոտավորապես 1.2 մլրդ դոլար: Եթե սրան հավելենք հիշյալ 700 մլն դոլարը եւ գումարենք ռուսական 500 մլն դոլար վարկը, գումարենք նաեւ արտաքին նույն կամ տարբեր միջոցներից եկած մանր-մունր՝ 50-ական միլիոնները (միլիարդների համեմատ 50-ը մանր-մունր է), ապա դա էլ կստացվի մեր երկրի արտաքին պարտքը: Սրան էլ հավելենք այն, որ այսուհետ ոչ արտոնյալ վարկեր ենք ստանալու, ավելի ստույգ՝ ստիպված ենք լինելու ստանալ, արդեն պարզ կդառնա, որ պարտքի բեռի տակ կքելու են ոչ միայն մեր երեխաները, այլեւ՝ թոռները ու ծոռներն էլ՝ վրադիր: Այսքանը՝ ավելի պարզ: Եթե խոսենք մասնագիտական լեզվով, ապա առայժմ մեր արտաքին պարտք ՀՆԱ հարաբերակցությունը 13 տոկոս է, ինչը համարվում է ոչ ռիսկային: Ու քանի որ արդեն ստիպված ենք լինելու ոչ արտոնյալ վարկեր վերցնել, ուրեմն՝ արտաքին պարտք ՀՆԱ հարաբերակցությունը շատ արագ վերածվելու է ռիսկայինի:
Եվ այն, որ ստիպված ենք լինելու այդպիսի վարկեր վերցնել, ավելի ճիշտ՝ ստիպելու են վերցնել, դա Ա. Վարուդակիսը հետեւյալ կերպ է նկարագրում:
– Այս ռազմավարությունը մշակվել է այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Հայաստանը ցնցվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամից,-ասաց ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը: – Նախատեսում ենք օգնել Հայաստանին վերականգնել տնտեսության աճը եւ մեղմել անապահով խավի վրա ճգնաժամի ազդեցությունը: Մենք նաեւ նպատակ ունենք աջակցել Հայաստանին՝ առավել մրցունակ տնտեսություն զարգացնելու՝ կայուն տնտեսական աճ ապահովելու միջոցով:
Ըստ Ա. Վարուդակիսի, ՀԲ-ն վարկավորման գործառնություններից բացի նաեւ մի շարք վերլուծական ու խորհրդատվական ծառայություններ կմատուցի: Այստեղ էլ մի հետաքրքրիր շան գլուխ է թաքնված, այն է՝ միջազգային վարկատու կազմակերպությունների մեծ մասը կուղղվի հենց նրանց, որպեսզի մեզ… խորհուրդ տան…
ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենի կարծիքով, Հայաստանը մեծապես շահել է համաշխարհային առեւտրի եւ ներդրումների համար բաց լինելու շնորհիվ, եւ Հայաստանի ապագան սերտորեն կապված է համաշխարհային տնտեսությանն առավել լավ ինտեգրվելու հետ: Բայց այսօր Հայաստանը բախվել է արտահանման ծավալների շեշտակի անկման, մետաղների գների նվազման, դրամական փոխանցումների եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների կտրուկ անկման իրավիճակին: Այս ամենն էլ հանգեցրել է տնտեսական լուրջ անկմանը, գործազրկության եւ աղքատության ծավալների ավելացմանը: Հարց է ծագում՝ հիմա նրանք մեզ ոչ արտոնյալ վարկեր են տալիս, որ տնտեսության աճի՞ն նպաստենք, թե՞ տնտեսության անկմանը…
Ի դեպ, Ա. Վարուդակիսը տեղեկացրեց նաեւ, թե հիշյալ 700 մլն դոլարի կեսը հատկացված կլինի արդեն այս տարեվերջին:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք», 23 (109), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.