Իրանի ժողովուրդը արտահայտեց ի՛ր կամքը

Հունիսի 12-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններում, գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, ստանալով քվեների 62.36 տոկոսը, վերընտրվեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ:
Արտառոց ոչինչ չկար: Իրանի ժողովուրդը ուզում էր նախագահական աթոռին կրկին տեսնել գործող նախագահին եւ՝ տեսավ:
Զարմանալի էր միայն արեւմուտքի համար եւ՝ ի մասնավորի՝ ԱՄՆ-ի: Խախտվել էր զարգացող երկրների համար մշակված ընտրությունների մասին անգիր օրենքի առաջին հոդվածը – եթե արեւմուտքի նախընտրած թեկնածուն հաղթանակ տանի, ապա ընտրությունները ազատ եւ արդար են, իսկ եթե ոչ, ապա ընտրությունները չեն համարվում ազատ եւ արդար, այլ կեղծված են……

Եվ բողոքե՜ց արեւմուտքի նախընտրած, բայց պարտված թեկնածուն՝ Միր Հուսեյն Մուսավին: Ինչին հաջորդեցին իր համակիրների  անկարգություններն ու խուլիգանական արարքները: Ոչինչ:  Ըստ զարգացող երկրների համար մշակված ընտրությունների մասին անգիր օրենքի երկրորդ հոդվածի – եթե ընտրության արդյունքները բողոքող ցուցարարները բողոքում են հաղթած, բայց ԱՄՆ-ի հակառակորդ թեկնածուի դեմ, ապա նրանց չի կարելի ահաբեկիչներ անվանել, այլ «ժողովրդավարության ակտիվիստներ» կամ «բարեփոխողներ»:
«ժողովրդավարության ակտիվիստներ»-ի հրապարակում հայտնվելը սքանչելի առիթ հանդիսացավ արեւմտյան «ազատ» մամուլի ներկայացուցիչների համար, ովքեր ազատորեն արտահանեցին ապատեղեկատվություն՝ երկիրը ավելի անկայուն դարձնելու համար:  Ապատեղեկատվություն, որի միակ նպատակը իրավիճակը սրելն էր. լուրեր, թե ոստիկանությունը բռնություն է գործադրում եւ կրակում «խաղաղ» ցուցարարների վրա (այո, կրակոցներ եղել են ոչ համազգեստավորների կողմից, իսկ դա ավելի հարցեր է առաջացնում, քան պատասխաններ), «տեղեկություններ», թե «բարեփոխող» ուսանողները կախաղան են բարձրացվում… Այս «տեղեկություն»-ն իր ազդեցությունը ունեցավ նաեւ մեզ մոտ, որտեղ մի քանի «ժառանգաբար» «ժողովրդավարներ» եւ «մարդու իրավունքի պաշտպաններ» բողոքի ցույց կազմակերպեցին ԻԻՀ դեսպանատան առջեւ այն «պահանջով», թե չի կարելի ուսանողներին կախաղան բարձրացնել……
Ակամա հարց է ծագում, որտե՞ղ էին այս «մարդասերները», երբ Գազայում համայն աշխարհի աչքի առաջ, այսպես կոչված Իսրայելի կողմից, ցեղասպանության էր ենթարկվում մի ամբողջ ժողովուրդ, որ ամիսներ ի վեր շրջափակված էր եւ սովի մատնված: Որտե՞ղ էին այդ «մարդասերները», երբ ԱՄՆ-ն սուտ պատրվակով (իրենց իսկ
խոստովանությամբ) ներխուժում էր Իրաք՝  «ժողովրդավարացնելու» այդ երկիրը, որի իբր հետեւանք միլիոնավոր մարդիկ կորցրին իրենց կյանքը, ունեցվածքը եւ արժանապատի՛վ կյանքը:
Ինչեւէ: Վերադառնանք Իրանում տեղի ունեցած ընտրություններին: Ամերիկյան լրատվամիջոցները, առանց բացառության, ԻԻՀ-ում կայացած ընտրությունները ներկայացրեցին որպես «կեղծ», «վիճելի»  եւ  «ոչ արդար»: Ոչ մի լրատվամիջոց չգտնվեց, որ ընտրությունները օբյեկտիվ լուսաբանի:  Եթե իրոք Իրանի ընտրական համակարգը անվստահելի է, ինչի՞ համար էին ուրեմն մոտիկից հետեւում ընտրական գործնթացին: Պետք է նշել անպայման. ի տարբերություն ԱՄՆ-ի, Իրանը չի օգտագործում քվեարկելու սարքեր, որոնք հեշտությամբ կարելի է կեղծել: Ավելին՝ Իրանում ընտրության մասնակցողների թիվը կազմում էր ընտրելու իրավունք ունեցողների 85 տոկոսը, մինչդեռ ԱՄՆ-ում ընտրելու իրավունք ունեցողների երկու երրորդը չեն մասնակցում նախագահական ընտրություններին, ինչն ակնհայտ է դարձնում ԱՄՆ ժողովրդի խո՜րը հավատը առ ժողովրդավարությունը……
Եվ այսպես առանց ոչ մի ապացույցի, ամերիկյան քաղաքագետները, փորձագետները մերժեցին ԻԻՀ-ի ընտրության արդյունքները միայն այն պատճառով, որ ընտրվողը իրենց նախնտրած թեկնածուն չէր:
Բայց փաստ է: ԻԻՀ ժողովուրդը արտահայտեց իր ազատ կամքը եւ վերընտրեց Մահմուդ Ահմադինեջադին՝ շարունակելու իր գործը, որ բխում է Իրանի ժողովրդի շահերից: Մահմուդ Ահմադինեջադի վերընտրվելը հույս է ներշնչում ոչ միայն Իրանի ժողովրդին, այլ տարածաշրջանում ապրող բոլոր ազատատենչ եւ պայքարող  ժողովուրդներին, որոնք դիմադրում են իրենց տարածքները բռնագրաված ուժերին, ինչ անվան տակ կամ ինչ միջոցներով էլ որ նրանք հայտնվեն:
Պայքարը շարունակվում է……

Րաֆֆի Բաբակյան
«Հայրենիք-Սփյուռք» կապերի նախաձեռնության ղեկավար

«Լուսանցք», 23 (109), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.