Զորակցություն Արիացի հայորդուն

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք»-ը շարունակում են նամակներ ստանալ՝ ի նշան զորակցության ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի:
Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:
Խմբագրությանը դիմել են ԱՄՆ-ից. «Փոխանցեք Արմեն Ավետիսյանին, որ մենք մի քանի գաղտնագետներով հավաքվել, ծես ենք արել եւ ուժ ու զորություն ենք հաղորդել նրան: Փոխանցեք, որ հայ արիներն անպարտ են, եւ Չարն ի զորու չէ վնասելու արիացի հայորդուն»:

Խմբագրություն են զանգահարում ռուսական ինտերնետային կայքերի լրագրողները. «Դուք հաճախ եք լուսաբանում Արմեն Ավետիսյանին, դրա համար էլ Ձեզ ենք հարց ուղղում՝ Հայաստանում ազգայնականներին չե՞ն սիրում…» (դե արի ու պատասխանիր-Ա. Մ.):
Մեզ են գրում Ֆրանսիայի հայերը. «Երբ տարիներ առաջ Արմեն Ավետիսյանին դատապարտեցին պայմանական ազատազրկման՝ ինչ-որ աբսուրդ գործ սարքելով, մենք Հայաստանի դեսպանատան առաջ օրեր շարունակ ցույցեր էինք անում՝ ի պաշտպանություն ազգային այս գործչի, ում համար հայն ու հայրենիքը վեր է ամեն ինչից: Եթե հարկ լինի, ապա մենք դարձյալ կմիավորենք մեր ջանքերը՝ ի նպաստ Արմեն Ավետիսյանի ու նրա գործի: Որովհետեւ այդ գործը բոլորինս է, բոլորիս համար է ու մեր հայրենիքի: Ուզում ենք հասկանալ՝ ի՞նչ է կատարվում մեր հայրենի տանը, ամեն տեղ ազգայնականներին փայփայում են, իսկ այդտեղ հակառա՞կն է: Եթե ազգայնականին Հայաստանում նեղում են, ո՞վ է դա անում, ու՞մ է ձեռնտու այդ հիմարությունը, ո՞վ է այդպիսի ազգադավ քայլերի հեղինակը…»:

Ծաղկաքաղը՝ Անի Մարությանի

«Լուսանցք», 23 (109), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.