Արդեն Բայբուրդաշվիլին չի՞ դառնա Բայբուրդաշվիլի

Երեկ Միխեիլ Սահակաշվիլիին ուղեկցող Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավոր Վան Բայբուրդյանը ասել է, որ տեղյակ չէ, թե ՀՀ Աժ պատգամավոր Շիրակ Թորոսյանին եւ մի խումբ հայ մանկավարժներին ինչու թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը: Հետաքրքիրն այն է, որ տեղյակ չէ, բայց ասում է, թե… Ջավախքի վերաբերյալ  Շիրակ Թորոսյանի ելույթներն ու տեսակետները  նրան ամենեւին դուր չեն գալիս: Ա1+-ին Վան Բայբուրդյանը ասել է, թե՝ «Թորոսյանի  ելույթները Վրաստանի հանդեպ ոչինչով չեն տարբերվում Զատուլինի ելույթներից: Նրանք կարծես երկվորյակներ լինեն»:
Վան Բայբուրդյանը հերքում է այն լուրերը, թե Վրաստանում վերսկսել են հայերին ստիպել փոխել իրենց  ազգանունները. «Նման բան չկա: Դա հիմարություն է: Եկեք, ինքներդ տեսեք, թե որ ջավախքցուն կարելի է ստիպել, որ նա փոխի իր անունը: Եթե մարդը չի ուզում փոխել իր ազգանունը, ապա դա երբեք չի անի, իսկ եթե որոշել է փոխել, նրան չես կանգնեցնի»:


«Դուք երբեք Բայբուրդաշվիլի չե՞ք դառնա». հայ լրագրողներից մեկի հարցին Բայդուրդյանը պատասխանել է. «Ես երբեք չեմ դառնա Բայբուրդաշվիլի, իհարկե, չեմ դառնա»:
Ի դեպ, դառնալու խնդիր չկա, քանզի, ճիշտ է, նրա ազգանունը յան-ով է վերջանում, բայց նա գործում է որպես աշվիլի Փաստեր «Լուսանցք»-ը շատ է հրապարակել:
Ի դեպ, հայ-վրացական «բարեկամությունը» Երեւանում ավարտվեց հայ ոստիկանների կողմից՝ Սահակաշվիլու այցի դեմ հայ ցուցարարներին քաշքշելով… Սա նշանակում է, որ վաղը մեր ոստիկանները կարող են օգնել վրացի ոստիկաններին՝ հայերի հարցերը լուծելու գործում:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք», թիվ 24 (110), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։