
Հայ Արիական Միաբանության առաջնորդի բացառիկ հարցազրույցը «Լուսանցք»-ին
– Օրեցօր ավելի լավ եմ, կարելի է ասել՝ ապաքինման փուլում եմ: Պետք է նշեմ, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հրաշալի դրսեւորեց իրեն, եւ ամեն ինչ արեց ինձ ծանր վիճակից հանելու եւ բուժելու համար: Այսօր բուժումը շարունակում եմ տան պայմաններում, բայց նույն բժիշկների հսկողության ու խորհրդատվության ներքո: Երբ հետո մամուլում ու իմ բժշկական գործում կարդացի ոտից-գլուխ եղած կոտրվածքների, վնասվածքների ու այլ բաների մասին, շատ զարմացա, որ ողջ եմ մնացել ու ապաքինվում եմ: Անկեղծ ասած՝ նույնիսկ բժիշկներն են զարմացել: Շնորհակալ եմ նաեւ իմ ընկերներին ու հարազատներին, ովքեր միշտ կողքիս են եղել:
– Ձեզ հետ կապված պատահարից հետո «Լուսանցք»-ը, ի նշան բողոքի եւ հանուն ճշմարտության բացահայտման, բացառիկ թողարկում լույս ընծայեց՝ կիսադատարկ էջերով եւ բացառապես պատահարին վերաբերող մանրամասներով: Այնուհետեւ, այսպես ասենք, զորակցության շարք սկսեցինք, որ ցայսօր շարունակում ենք: Ձեզ հասցրե՞լ են «բամբասել» այդ մասին:
– Այո՜ (ծիծաղում է): Արդեն ծանոթացել եմ «Լուսանցք»-ի թողարկումներին, նաեւ Ձեր նշած՝ մամուլում լրատվական նորամուծությանը: Ձեր թերթի միջոցով ցանկանում եմ հրապարակայնորեն փա՜ռք տալ նաեւ Հայ Աստվածներին, ովքեր մեր հովանավորներն են եւ վստահ եմ՝ նաեւ իմ ապաքինման «մեղավորները», բժիշկների համար անհասկանալի պատճառներով մշտապես գիտակցության մեջ մնալու եւ արագ ապաքինման «հեղինակները»: Ձեզ էլ եմ շնորհակալ՝ մաղթանքների եւ իմ մասով կատարած հսկայածավալ աշխատանքի համար: Ինքս էլ եմ գիտակցել, որ պարտավոր եմ ոտքի վրա լինել, քանզի շա՜տ գործեր ունեմ ու նպատակներ:
– Ձեզ արդեն հարցաքննե՞լ են կատարվածի առիթով:
– Այո, մի քանի անգամ՝ հիվանդանոցում եւ տանը:
– Եվ հաստատվե՞լ է վրաերթի հանգամանքը:
– Ոստիկանություն է ներկայացել, այսպես կոչված, վրաերթի մեղավորը եւ ցուցմունք է տվել: Նա ինձ այցելել է հիվանդանոցում եւ, ներողություն խնդրելով, փորձել է կարգավորել հարցը: Նաեւ խոստացել է այս ամիսների ընթացքում առաջացած (բուժման հետ կապված) նյութական վնասները փոխհատուցել: Ես շատ նորմալ զրուցել եմ նրա հետ, բայց զգուշացրել եմ, որ վստահ չեմ պարզապես վրաերթի առկա բացատրությանը: Այս մասին ես նաեւ ցուցմունք եմ տվել: Վրաերթի վայրը, որ նշել է ինքը ինձ հետ զրույցում, կասկածի տեղիք է տվել. ես ճանապարհը երբեք չեմ անցնում ոչ հետիոտների համար նախատեսված մասերով, ուր մնաց մեքենաների համար նախատեսված բանուկ տեղերով: Ինձ իբր վրաերթի ենթարկողին՝ Շողակաթ Ամիրխանյանին ասել եմ, որ կասկածում եմ նրա հանցավոր համաձայնությանը ինչ-ինչ մարդկանց հետ: Նա հայտնեց, որ նման բան չկա, բայց մեր հանդիպումից հետո չգիտես ինչու դարձավ անհասանելի եւ նույնիսկ նյութական վնասի փոխհատուցման մասին մոռացավ: Նույնիսկ քննիչն էր բողոքում, որ այդ կինը չի պատասխանում իր հեռախոսազանգերին եւ խուսափում է իրեն ներկայանալուց…
– Կասկածու՞մ եք հանցավոր համաձայնությանը ինչ-ինչ մարդկանց հետ, թե՞ հիշում եք:
– Հիշողությունս, ըստ բժիշկների, կվերականգնվի ամիսներ անց: Ասում են՝ իրենց գործում շատ է պատահում, երբ այս կարգի վնասվածքներով մարդը բուն պատահարի հետ կապված ոչինչ չի հիշում: Ինձ խորհուրդ են տվել առայժմ չծանրաբեռնել միտքս… Հիմա իմ մարդիկ պարզապես սեփական նախաձեռնությամբ հետաքննություն են վարում: Խնդրի հետ կապված առայժմ շոշափվում են վրաերթի հեղինակ Շողակաթ Ամիրխանյանին իբր հովանավորող ինչ-ինչ անուններ: Այլ բաներ դեռ չեմ կարող ասել…
– Փաստորեն, Դուք վրաերթի տարբերակը միանշանակ մերժում եք:
– Նմա՛ն ձեւով, նմա՛ն վտանգավոր ու ո՛չ անցումային վայրում, այո՛, մերժում եմ իմ՝ իբր անցնելու եւ, հետեւաբար, վրաերթի ենթարկվելու տարբերակը: Բացի այդ՝ իմ կոտրվածքների բազմազանությունը հուշու՞մ է արդյոք պարզ ավտովթարի տարբերակ: Կարծես չի հուշում: Նույնիսկ «բութ հարվածների» մասով ձեւակերպում կա դատաբժշկական փորձագետի եզրակացությունում: Կարծում եմ՝ ավտոմեքենան չի կարող նման հարվածներ տեղալ……
– Ի՞նչ եք մտադիր անել:
– Կսպասեմ գործի քննության ավարտին եւ, ըստ այդմ, կորոշեմ անելիքներս: Իսկ առայժմ… հատկապես «Լուսանցք»-ի միջոցով ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել այս հարցով մտահոգ բոլոր մարդկանց՝ թե՛ Հայաստանում եւ թե՛ սփյուռքում, նաեւ՝ այլազգի: Ձեր թերթի էջերում հայտնվել են նամակներ՝ ի նշան ինձ զորակցության, ՀԱՄ-ի փոստն էլ պակաս ծանրաբեռնված չի եղել, եւ ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ մենք մի ազգային-ազգայնական կարեւոր գործ ենք անում, որն ունի հազարավոր հետեւորդներ, որոնց մասին մենք նույնիսկ այդչափ տեղյակ էլ չէինք: Սա լուրջ խթան եւ հաղթանակ եմ համարում, ինչը կնպաստի մեր առաջիկա պայքարին՝
հայ ազգայնական քաղաքական դաշտը համախմբելու եւ ծավալելու ուղղությամբ:
– Այսքան ժամանակ կտրված եք եղել քաղաքական կյանքից…
– Ամենեւին այդպես չէ: Գիտակցության գալուն պես, բժիշկների լեզվով ասած՝ երբ արդեն ադեկվատ էի, մշտապես տեղեկացել եմ քաղաքական անցուդարձից: Ավելին՝ հիվանդանոցում անգամ շարունակել եմ ղեկավարել Հայ Արիական Միաբանության կառույցը, նաեւ որոշակիորեն մասնակցել եմ Հայ ազգայնականների համախմբման խորհրդի աշխատանքներին…
«Լուսանցք», թիվ 25 (111), 2009թ.



