Վարչապետը վերադարձի մեխանիզմներ փնտրում ու… չի գտնում
«Լույս» հիմնադրամը ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո է գործում, մասնավոր նախաձեռնություն է, օգտագործելու է մասնավոր հատվածից հավաքագրված բարեգործական միջոցները: «Մենք պարտավորված ենք, որպեսզի հիմնադրամի գործունեությունը հասարակության համար լինի առավել թափանցիկ, եւ փորձելու ենք բոլոր գործառույթներն իրականացնել այս սկզբունքով», – ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանը հայտնեց վարչապետ Տ. Սարգսյանը: «Լույս» հիմնադրամի ներքո իրականացվում է կրթական ծրագիր, որի նպատակը աջակցելն է մեր տաղանդավոր ուսանողներին, որպեսզի վերջիններս կարողանան իրենց ուսումը շարունակել աշխարհի լավագույն համալսարաններում: «Դրա համար էլ փորձում ենք հավաքել միջոցներ եւ դրանք ուղղել այդ նպատակին», – նույն ԵՊՀ-ում ընդգծել է վարչապետը: Ի դեպ, այս տարվա համար արդեն 400 մլն դրամ հավաքվել է:
Հայ հանրությունն իմանալու՞ է այն ուսանողների անունները, ովքեր մեկնում են արտերկրի լավագույն համալսարաններում սովորելու: Վարչապետն ու հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրենը միանշանակ վստահեցնում են՝ այո, քանզի կառույցը թափանցիկ է աշխատելու եւ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո է: Եվ ամենակարեւոր հանգամանքը հատկապես տղաների համար. բանակից ազատելու խնդիր «Լույս»-ը չի առաջադրում:
Համապատկերում կա կարեւորագույն մի հարց՝ ուղեղների արտահոսքը: Փաստորեն, մեկնելու են մեր լավագույն ուսանողները: Ըստ այդմ, պետությունը առաջադրու՞մ է նրանց՝ հայրենիք վերադարձի խնդիր: Ի պատասխան գործադիր իշխանության ղեկավարը ասաց, թե ոչ մի երաշխիք չկա, որ նրանք կվերադառնան եւ իրավական գործոն էլ չկա, որ ստիպենք նրանց վերադառնալ. «Մեր ուսանողները ազատ են իրենց ընտրության մեջ: Բայց «Լույս»-ը ստեղծելու է այնպիսի հայկական միջավայր, որ նրանք չկտրվեն Հայաստանից ու միշտ ծառայեն հայրենքին՝ անկախ այն բանից, թե որտեղ են»:
Հետաքրքիր է՝ ամեն ինչում աշխարհին կապկող Հայաստանի Հանրապետությունը ինչու՞ այս անգամ աշխարհի լավագույն փորձից չի օգտվում: «Վերադարձի մեխանիզմներն այնքան հստակ են ու հայտնի, ինչու՞ հեծանիվ հայտնագործել». հարցիս ի պատասխան վարչապետը նկատեց. «Մեր նպատակը ուսանողների վրա բռնանա՞լն է»: «Ոչ, – պատասխանում եմ, – բայց մեր նպատակը ուղեղների արտահոսքին նպաստե՞լն է»: Վարչապետը չի պատասխանում: Հարցս նորից եմ կրկնում ու՝ ավելի բարձրաձայն: «Ի՞նչ ես ուզում»,-հարցրեց վարչապետը: «Վերադարձի մեխանիզմները Ձեզ հուշել», – ծիծաղում եմ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը միացավ ինձ. «Այո, մեխանիզմներ կան, այն էլ՝ շատ արդյունավետ: Ընդամենը պետք է պայմանագրում կետ ամրագրել, որ չվերադառնալու պարագայում հարկ է փոխհատուցել բոլոր գումարները»:
Այսքան բան:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք», թիվ 25 (111), 2009թ.



