«Էներգետիկայի նախարարությունը, ի դեմս կառավարության, ընկերության տասը տոկոս մասնաբաժնի տեր է: Կառավարությունը պետք է հետեւեր ներդրումների իրականացմանը, վերազինմանը, անվտանգությանը, նաեւ պետք է հետեւեր, որ գործարանից չվերանար մասնագիտացված հրշեջ ծառայությունը: Իսկ քիմիական կոմբինատում հրդեհի պարագայում հրդեհը ջրով հանգցնելը կարող է ավելի մեծ վնաս պատճառել»,-սրանք Հ. Առաքելյանի խոսքերն են:
Ըստ նրա, կուսակցությունն անցյալ տարվա աշնանից հանձնախումբ է ստեղծել, որը զբաղվել է «Նաիրիտ»-ի հարցով: Ըստ այդմ, այդ ժամանակ էլ իրենք նկատել են կառավարության ոչ արդյունավետ վարչարարությունը: Այսպիսով՝ ՀՌԱԿ-ի տվյալների համաձայն, Էներգետիկայի նախարարը հարցազրույցներից մեկում նշել է, որ շուկայում 1 տոննա կաուչուկն արժե 2700- 3000 դոլար: Մինչդեռ ՀՌԱԿ-ը ռուսական, ուկրաինական ու բելառուսական ընկերություններից, որոնք «Նաիրիտ»-ի կաուչուկն են օգտագործում, ճշտել է, որ 2006-2009թթ. ընկերությունները 1 տոննայի համար վճարել են մինչեւ 188 հազար ռուբլի, այն է՝ 7,5-8 հազար դոլար: «Ես պատրաստ եմ բանավեճի ու պատրաստ եմ ամեն ինչ բացատրել դատարանում»:
Ո՞վ է ներկայում գործարանի սեփականատերը, ինչու՞ են նրան գաղտնի պահում: Այս հարցերին ի պատասխան ասուլիսի բանախոսն ասաց. «Կասկածներ ունեմ, որ նա վարչապետն է կամ իր շրջապատից որեւէ մեկը, մասնավորապես, վարչապետի եղբայրը, ով ընկերությունում փոխտնօրենի պաշտոնն է զբաղեցնում»:
Հետաքրքիր է, ինչու՞ է այդքան վստահ ՀՌԱԿ ատենապետը: Որովհետեւ, նրա խոսքերով, գործարանը չի կատարում ներդրումային պարտավորությունները, բայց վարկային ֆինանսավորում է ստանում: Մինչդեռ, եթե այդ ներդրումների գոնե 10 տոկոսը կատարվեր, ապա պայթյունը տեղի չէր ունենա:
«Վարչապետի մի եղբայրը Չինաստանում դեսպան է: Մյուս եղբայրը գնացել է Չինաստան, որոշել են մեկ այլ գործարք կատարել՝ համատեղ ձեռնարկություն են ստեղծել: Չինական կողմի պահանջով այդ ձեռնարկությունը պետք է լիներ պետական: Հիմա նրանք ուզում են փոխել կառավարության որոշումը (քանի որ «Նաիրիտ»-ից տարեկան մի 5-6 միլիոն դոլարի եկամուտ է սպասվում) եւ այն դարձնել մասնավոր»,-սա էլ է ՀՌԱԿ-ի «հայտնագործություններից»: Ներկայացնենք մեկ այլ փաստ էլ՝ դարձյալ ըստ Հ. Առաքելյանի: Այսօր «Նաիրիտ»-ում 1937թ. բարքերն են գործում: Նա ձեռք է բերել «Նաիրիտ»-ի տնօրինության եւ աշխատակիցների միջեւ կնքված մի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ աշխատակիցը իրավունք չունի ոչինչ հայտնելու, հակառակ դեպքում կհեռացվի աշխատանքից, մինչդեռ այն չի համարվում գաղտնի ձեռնարկություն…Նարե Մշեցյան
Խմբ. – կտպագրենք նաեւ վարչապետի տեսակետը:
ՀՌԱԿ ատենապետին՝ բիբլիական ոճով – դու’ սկսեցիր
Կենտրոն-Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստում (դատավոր՝ Ռուբեն Ափինյան) լսվում էր
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ կողմից ներկայացված գումարի բռնագանձման պահանջի մասին հարցը: Պատասխանող կողմի, որ «Ջանկօգ-քիմ» ՍՊԸ-ն էր, ներկայացուցիչը չէր ներկայացել:Դատարանը որոշում է կայացրել «Ջանկօգ-քիմ»-ի նկատմամբ հետախուզում հայտարարել: Այս մասին հայտնել են «Նաիրիտ»-ից: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ «Ջանկօգ-քիմ» ՍՊԸ-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն է հանդիսացել Հարություն Առաքելյանը (անձ. ԱԱ0294845, բնակության հասցե՝ ք. Երեւան, Զաքյան 1փակուղի, 1-12): 2002-2005թթ. «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալն է եղել Աշոտ Առաքելյանը, ով ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի եղբայրն է: Նույն տարիներին «Նաիրիտ-Թրաստ» ընկերության գլխավոր տնօրենի առեւտրային հարցերով տեղակալն է եղել Վանիկ Գրիգորյանը, ով այժմ ՀՌԱԿ փոխատենապետն է: Տեղեկացնենք, որ «Նաիրիտ»-ի գործադիր մարմնի լիազորությունները, համաձայն պայմանագրի, փոխանցված են եղել «Նաիրիտ-Թրաստ»-ի կառավարմանը:
(Տես նաեւ՝ էջ 5)
Գոհար Վանեսյան
«Լուսանցք», թիվ 26 (112), 2009թ.



