Զորակցություն Արիացի հայորդուն

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք»-ը շարունակում են նամակներ ստանալ՝ ի նշան զորակցության ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի:
Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:
Մեզ են գրում Ջավախքից (անուն-ազգանունը նամակագրի իսկ խնդրանքով չենք հրապարակում). «Ջավախքում ազգային տղերքի շարժումը ջլատված է, գոնե՝ առայժմ:

Հիմա ոչ ոք ձերբակալվածների շարքը համալրելու ցանկություն ամենեւին չունի… Գոնե ես իմ մասին այդպես կարող եմ ասել:  Ջավախքում չեն հավատում, որ Հայաստանում իրենց մասին մտածող պաշտոնյաներ կամ պատգամավորներ կան, կամ թեկուզ կուսակցության ղեկավարներ: Սրանք խոսում են, երբ դա քաղաքականությունն է պահանջում: Իրենց քաղաքականությունը: Մեզանից շատերը ժամանակի ընթացքում շատերից հիասթափվեցին: Թերեւս բացառություն եղավ Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Նրա խոսքերին չկասկածեցինք ոչ մի անգամ, բայց դե նա էլ իշխանական հզոր լծակներ չունի մեզ օգնելու: Շատ վախեցել էինք, երբ իմացանք նրա հետ կատարվածի մասին: Բայց ինչքան հրճվեցինք, երբ ամեն ինչ այլ ընթացք ստացավ: Արմեն ջան, քեզ ու՛ժ, եռա՛նդ, քարի պես ամու՛ր առողջություն: Մի օր մեր այգի՛ն էլ կջրվի: Հայաստանի իշխանությունների մեջ էլ կարգին տղերք կան, մնում է՝ ռիսկ անեն ու օգնեն մեզ՝ տեր կանգնելու մեր հայրենիքին… Ու մնում է, որ դրան չխառնվեն ավանդական խառնողները»…

Նամակներից ծաղկաքաղը՝
Անի Մարությանի

«Լուսանցք», թիվ 26 (112), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։