Արցախը կա՛մ անկախ պետություն կա՛մ՝ Հայաստանի 12-րդ մարզ

Վերստին աշխուժացրել են արցախյան խնդիրը: Օտարերկրյա դիվանագետները մի նոր փորձ են նախաձեռնել այս խնդիրը իրենց հարմար ձեւով լուծելու համար:
Բայց Արցախի խնդրի կարգավորման մասին որեւէ սկզբունքային որոշման կայացումը նախ եւ առաջ Արցախի հայության իրավունքն է, որոնց համարժեք ասելիք ունի միայն համայն հայությունը……
Նոր հանրաքվե անցկացնելու մասին խոսակցությունները միջազգային կամ թշնամական արդեն հնացած խաղեր են, քանզի մոռացության է մատնվում այն իրավական փաստը, որ Արցախի հայությունը, ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքի համաձայն, շուրջ երկու տասնամյակ  արդեն հանրաքվեով որոշել է իր ճակատագիրը:
Արցախ-ԼՂՀ-ն վաղուց ունի Սահմանադրություն, որը հավաստում է, որ ազատագրված տարածքները հանդիսանում են հայկական երկրորդ հանրապետության տարածքները, ուստի՝ այդ ազատագրված տարածքները զիջելու յուրաքանչյուր բանակցություն խախտում է արցախցիների Սահմանադրությունը:

Առավել եւս ՀՀ իշխանություններն իրավունք չունեն խախտելու իրենց կողմից անհիմն չճանաչված պետության Սահմանադրությունը: Էլ չենք ասում, որ ամեն մի պաշտոնյայի

կողմից  Արցախի ազատագրված տարածքներից (այսօրվա գոյություն ունեցող սահմանների շրջանակներում) որեւէ թիզ հող զիջել նախատեսող որեւէ պայմանագիր հայության գերակշիռ մեծամասնության համար ընդունելի չի կարող լինել եւ այն կմնա թղթի վրա……
Հայության ճնշող մեծամասնության համար ընդունելի եւ արդար է Արցախի խնդրի կարգավորումը միայն հետեւյալ նախապայմանների առկայության դեպքում.
1. Արցախ-ԼՂՀ-ի բնակչությունը ինքնորոշվել է ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքի համաձայն, եւ ԼՂՀ ներկա կարգավիճակի հարցը քննարկման ենթակա չէ. ԼՂՀ-ն անկախ իրավական կայացած եւ հաղթանակած պետություն է, որի բնիկները՝ հայերը, ինքնորոշվել են իրենց պատմական երկրում:
2. Քարվաճառը, Քաշաթաղը եւ մնացած ազատագրված տարածքները շահարկման եւ զիջման ենթակա չեն: Ընդհակառակը՝ Արցախ-ԼՂՀ-ն դեռ Ադրբեջանի կազմում մնացած հայկական տարածքները վերամիավորելու խնդիր ունի:
3. Արցախում «խաղաղապահ» ուժերի տեղակայումը եւ ադրբեջանական բնակչության բնակեցումը բացառվում է՝ նկատի առնելով ՀՀ եւ ԼՂՀ արտաքին քաղաքական շահերը եւ ԼՂՀ ժողովրդի անվտանգության խնդիրները:
4. ԼՂՀ բանակը հանդիսանում է Արցախի եւ արցախահայության անվտանգության երաշխավորը, հետեւաբար՝ այն կազմալուծման ենթակա չէ, հակառակը՝ ունենալու է հզորացման եւ մեծացման միտում:
Միայն այս համատեքստում կարելի է տեսնել Արցախի խնդրի կարգավորումը խաղաղ ճանապարհով:
Հաշվի առնելով, որ Արցախի խնդրի կարգավորման միջազգային գործընթացը սպառել է իրեն՝ հանգեցնելով անարդարացի որոշման կայացմանը, պետք է դիմել ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին՝ կոչ անելով Հայաստանի Հանրապետությունը դուրս բերել միջազգային բանակցային գործընթացից եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը Հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների սահմաններում:
Մենք ենք մեր երկրի ճակատագրի տերը եւ ոչ մի ամերիկացի, ռուս կամ ֆրանսիացի (առավել եւս՝ ադրբեջանցի կամ թուրք) իրավունք չունի որոշում կայացնել մեր փոխարեն եւ պարտադրանքի լեզվով խոսել մեր պետական այրերի հետ:
Պատվով հաղթանակած ու փառքով ապրելու համար մենք ունենք բավականաչափ նվիրյալներ, վառոդ եւ քաջություն. սա՝ ի գիտություն ներքին եւ արտաքին բոլոր թշնամիների:
Միացյալ Հայաստանի հարցը այսօր է լուծվում: Արեւելյան ճակատում մեր հաղթանակները կարող են աննկատ փոխանցվել դեպի արեւմտյան ճակատ՝ վերջ տալով հայ-թուրքական անիմաստ խաղերին:

Արման Դավթյան
«Լուսանցք», թիվ 26 (112), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.