Տարօրինակ ու անհասկանալի է, որովհետեւ հողը պահելու թերեւս երկու ձեւ կա՝ գումարով (Իսրայելի օրինակը) ու արյամբ (բազում օրինակներ): Երրորդ տարբերակ աշխարհին հայտնի չէ: Ասել է թե՝ եթե առնվազն տասը միլիոնանոց հայությունը չուզի, տարածքային զիջում չի լինի: Նույնիսկ եթե Արցախը չուզի՝ չի՛ լինի:
Հայտնի է՝ մի շարք պայմանագրերով հայկական պատմական շատ հողեր պետք է հիմա մերը լինեին, բայց չեն: Այսինքն՝ հողերի հանձնումը իրականում փաստաթղթերով չի արվում: Հողերը հանձնվում են իբրեւ հետեւանք արդեն հոգեբանական պարտության: Այնպես որ, ինչ ու ինչպիսի սկզբունքներ էլ լինեն, եթե նույնիսկ դրանք հօգուտ մեզ են, ապա այդ հողերը չենք ունենալու, թե եղածը պահել չկարողանանք:
Իսկ Արցախը արդեն… ԿԱՅԱՑԱԾ ՓԱՍՏ Է:
Ապավինե՛նք կայացած փաստին, այլ ոչ թե «միջազգային» սին խոստումներին……
Այնուամենայնիվ, ներկայացնենք մեր ընթերցողներին, թե ինչ են ենթադրում մադրիդյան այդ սկզբունքները եւ ինչ կարծիքի է այդ մասին Հայաստանի քաղաքական վերնախավը եւ Արցախ-ԼՂՀ-ն:
(«Լուսանցք»)
1. Պատրաստվել… պատերազմի
Այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների բացահայտումը միջազգային կառույցների կողմից գալիս է հավաստելու այն մտահոգությունը, որ Արցախի ու ազատագրված տարածքների հարցը վերստին դարձել է աճուրդի առարկա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:
Այդ սկզբունքների բացահայտումը պատռեց բոլորի դեմքերը, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների: Ինչպե՞ս կարելի է «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը» բովանդակությամբ հարցի շուրջ բանակցել ու, ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 10-ի համատեղ հայտարարության (այն էլ՝ «Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում»), պարտավորվել կատարելու իրենց հանձնարարված «ցուցումները»:
ՀՀ իշխանությունները, այդ սկզբունքների ձեւակերպումներից ելնելով, անտեսում են նաեւ Արցախ-ԼՂՀ-ի ժողովրդի անկախության հանրաքվեն, ինքնորոշված լինելու հանգամանքը եւ այլ հիմնարար ու հիմնական սկզբունքներ: Նրանք կասկածի տակ են դնում հայ ազատամարտիկների կողմից ազատագրված տարածքների պատկանելիության հարցը եւ պատրաստ են «ողջամիտ փոխզիջումների», ընդհուպ՝ ադրբեջանցիների վերադարձին Արցախի տարածք:
Իսկ այդ սկզբունքներից ամենավտանգավորը «Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ» ձեւակերպումն է: Մենք տարիներ շարունակ տեսնում ենք, թե «խաղաղապահական գործողություններ» անվան տակ ինչպես են Սերբիայից խլում իր պատմական մարզը՝ Կոսովոն, ինչպես են «խաղաղասիրական» ավերածություններ իրականացվում Աֆղանստանում,
Իրաքում եւ այլուր:
Հայ Արիական Միաբանությունը, ելնելով «Մադրիդյան սկզբունքներ»-ի հակահայկական սկզբունքներից եւ Արցախի հայ բնակչության գլխին կախված միջազգային դավադրության հերթական վտանգից, հայտարարում է՝
1. ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ դուրս գան բանակցային գործընթացից եւ սատարեն Արցախ-ԼՂՀ-ին՝ իր անկախությունն ու սահմանադրական իրավունքները պաշտպանելու հարցում:
2. Արցախ-ԼՂՀ-ի իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Ադրբեջանի հետ պետք է մտնեն բանակցությունների մեջ միայն այն դեպքում, երբ կհարգվի երկրի անկախությունն ու Սահմանադրությունը (որտեղ ամրագրված է նաեւ ազատագրված տարածքների հարցը):
3. Որեւիցե այլ, ոչ ձեռնտու տարբերակի դեպքում եւ՛ ՀՀ եւ՛ ԼՂՀ իշխանությունները պետք է հրաժարվեն միջազգային շփումներից եւ մեզ բարեկամ պետությունների հետ պատրաստվեն պատերազմի, որը կարող է սկսվել ոչ մեր կողմից: Այստեղ հստակորեն կերեւակվի, թե ԱՊՀ երկրների ընդհանուր պաշտպանության փաստաթուղթն ինչ արժեք ունի……
4. ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը (կամ՝ վերամիավորումը Հայաստանին) եւ դիվանագիտական քայլեր ձեռնարկի այլ երկրների կողմից այդ ճանաչումը միջազգայնացնելու ուղղությամբ:
Հայ Արիական Միաբանությունը համարում է, եթե ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանելու Արցախ-ԼՂՀ-ի ժողովրդի անկախությունն ու ապահովելու արցախցիների անվտանգությունը, ապա պետք է հրաժարական տան՝ տեղը զիջելով առավել ազգային ու կարծր դիրքորոշում ունեցողներին:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
14.07.2009թ.
2. Պահանջում ենք վերաբնակեցնել
ԱՄՆ Սպիտակ տան հրապարակած եւ զանգվածային լրատվամիջոցներով տարածված, արցախյան հիմնահարցի այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները», որոնց իբրեւ թե համաձայնել են ՀՀ իշխանությունները, հիմնովին անընդունելի են թե՛ իբրեւ առանձին կետերով եւ թե՛ ընդհանուր վերցրած:
Նախ հստակեցնենք՝‘«Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները», որոնք ավելի քան 1,5 տասնամյակ գտնվում են հայկական զինուժի վերահսկողության ներքո, վերադարձման երբեւէ ենթակա չեն եւ չեն էլ կարող լինել սկզբունքորեն, քանի որ դրանք հայոց հայրենիքի անբաժան մասն են: Ո՛չ ՀՀ այսօրվա ու վաղվա իշխանությունները, ո՛չ ՀՀ հասարակությունը եւ ո՛չ իսկ համայն աշխարհի այսօրվա ու վաղվա հայությունն իրավունք չունի հայոց հայրենիքի թեկուզ մեկ թիզ հող օտարելու (դեռ ազատագրելիք շա՜տ հողեր ունենք): Դա պարզապես դավաճանություն է հայոց ոգուն, հայոց պատմությանը, հայոց ներկային ու գալիքին, իսկ դավաճանների անողոք եւ արդար պատիժը մեր (եւ ոչ միայն մեր) պատմությունը շա՜տ վաղուց է սահմանել:
Հիմնովին անընդունելի են նաեւ մնացյալ 5 կետերը, մասնավորաբար՝ վերջինը, որտեղ խոսվում է ինչ-որ «անվտանգության միջազգային երաշխիքների» մասին: Հայոց պետության, նաեւ համայն հայության անվտանգության միակ եւ անփոխարինելի երաշխիքը հայոց հավաքական ներուժն է, եւ, առաջին հերթին, հայկական զինուժը, որը ծանրագույն ու դաժան ազատամարտում փայլուն հաղթանակներ կերտեց՝ ազատագրելով հայրենիքի ընդամենը մի փոքր մասը, եւ որը ցանկանում են մեզանից հետ խլել սկուտեղի վրա՝ անվտանգության իրական երաշխիք հանդիսացող հողի փոխարեն մեզ մատուցելով «անվտանգության միջազգային երաշխիքներ», որոնց արժեքը շատ լավ գիտենք համաշխարհային ոչ վաղ անցյալի պատմությունից: Իսկ եթե դա այդպես է, ինչո՞ւ Թուրքիան դուրս չի գալիս Կիպրոսի հյուսիսի գրաված տարածքից՝ համաձայնելով թուրքական զինուժը փոխարինել երեւակայական «միջազգային երաշխիքներով»……
Հայոց հայրենիքի ողջ տարածքում պետք է լինի միայն եւ միայն հայկակա՛ն գերիշխանություն: Խորհուրդ կտայինք մեզ այսպես կոչված «խաղաղապահ ուժերով» եւ «միջազգային երաշխիքներով» բթացնելու քաղաքականություն վարող պետություններին՝ մեկընդմիշտ հրաժարվել իրենց այս դավադրական գործունեությունից, քանի որ դրանք հայ ժողովուրդը ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը չի ընդունելու: Իսկ եթե փորձեն մեզ դրանք բռնի պարտադրել, ապա անկանխատեսելի հետեւանքների ամբողջական պատասխանատվությունն ընկնում է հենց իրենց վրա:
ՀՀ իշխանություններից պահանջում ենք՝ անհապաղ դուրս գալ բանակցային գործընթացից եւ մտածել միայն ազատագրված տարածքները վերաբնակեցնելու մասին, իսկ եթե դա չեն կարող անել ու դիմակայել միջազգային ճնշումներին, ապա հրաժարական տան անմիջապես եւ երկրում կազմակերպեն իսկակա՛ն ընտրություններ, որոնց արդյունքում, վստահ ենք, պետության ղեկը կստանձնեն իսկակա՛ն ազգայնական ուժերը, որոնք եւ կփորձեն լուծել մեր պետության առջեւ ծառացած բազմապիսի հարցերը, այդ թվում՝ արցախյան հիմնահարցը:
Ո՛չ պարտվողականությանը: Մենք միայն կողջունենք ՀՀ այն իշխանությանը, որի դիրքորոշումները չեն հակասում հայության ազգային կենսական ու բնական շահերին, ու նեցուկ կկանգնենք նրան մեր բոլոր հնարավորություններով:
Հայ ազգայնականների համախմբման խորհուրդ
15.07.2009թ.
3. Դատապարտում են, պահանջում են, ուզում են
«2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների՝ Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ արված հայտարարության մեջ վերջապես բացահայտվեց այսպես կոչված Մադրիդյան հիմնարար սկզբունքների էությունը: Մենք գտնում ենք, որ այդ սկզբունքները կործանարար են Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ հայ ժողովրդի համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս կազմող, ԼՂՀ ու ՀՀ անվտանգության միակ իրական, այլ ոչ թղթե երաշխիք հանդիսացող տարածքի հանձնումը, այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձն Արցախ, ինչպես նաեւ հայկական զինված ուժերից զատ Արցախի տարածքում որեւէ այլ զինված ուժի տեղակայումը խորապես հակասում են հայ ժողովրդի շահերին, խարխլում են երկրի պաշտպանական համակարգը եւ վտանգում Հայոց պետականության ապագան»,- ընդդեմ «մադրիդյան սկզբունքների» հանդես են եկել նաեւ մի խումբ հայ բլոգերներ:
Նրանք խստորեն դատապարտում են ՀՀ իշխանությունների կողմից Մադրիդյան սկզբունքները գաղտնի պահելու փաստը, հայ պաշտոնյաների կողմից մեր ազգային շահերին հակասող սկզբունքների շուրջ բանակցություններին շարունակական մասնակցությունը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հուլիսի 11-ին արված հայտարարությունը, որով վերջինս ողջունում է ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների վերոհիշյալ բացահայտ հակահայկական հայտարարությունը: Հայ բլոգերները պահանջում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից՝ անհապաղ պաշտոնանկ անել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, դադարեցնել մասնակցությունը ՀՀ եւ Արցախի համար կործանարար հետեւանքներով հղի բանակցություններին, զերծ մնալ ակնհայտորեն հակահայկական փաստաթղթերը ստորագրելուց, այսուհետ գործել միմիայն հանուն Հայոց պետականության շահերի եւ հայ ժողովրդին բնորոշ արիությամբ:
* * *
Հայկական ընտրություն կուսակցության նախաձեռնող խումը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Մադրիդյան սկզբունքների բովանդակությունը դրական որակող եւ դրանց կաղապարների գերակայությամբ Արցախյան հիմնախնդիրը ‘հանգուցալուծելու պատրաստակամություն հայտնած Սերժ Սարգսյանի վարչախումբը կանգնած է սահմանադրական լեգիտիմության վերջին նշույլները կորցնելու նախաշեմին: ՀՀ Նախագահի կամ ԱԳՆ մակարդակով ստորագրվելիք ցանկացած փաստաթուղթ, այդ թվում ՝ հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ շրջանակային համաձայնագիր, որում ամբողջական կամ մասնակի հավանություն կտրվի Մադրիդյան սկզբունքների որեւէ բաղադրիչին, մասնավորապես՝ տարածքային նվազագույն զիջմանը, ‘փախստականների վերադարձին, ‘խաղաղապահ գործողության իրականացմանը կամ անորոշ ժամանակով հետաձգված հանրաքվեին, պետք է հանգեցնի Սերժ Սարգսյանի եւ նրա ի սկզբանե սնանկ վարչախմբի անվերապահ պաշտոնանկությանը:
* * *
ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարության կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, թե «անհստակ ու անբավարար լուծում է տրվում Հայաստան-Լեռնային Ղարաբաղ ցամաքային կապի՝ Լաչինի միջանցքի կարգավիճակի սահմանման հարցին, եթե նախկինում խոսվում էր միայն վերադարձվող տարածքներ փախստականների վերադարձի մասին, այժմ արդեն խոսվում է նաեւ նրանց վերադարձի մասին բուն Լեռնային Ղարաբաղ, կարգավորման հրապարակված սկզբունքներում ոչ մի խոսք չկա շրջափակումների վերացման մասին»:
ՀԱԿ-ը համոզված է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը սրընթաց հանգուցալուծման է գնում եւ՝ ամենեւին ոչ հայանպաստ ելքով: Երկրի ներսում սեփական ժողովրդի հետ հաշտության հասնելու, ազգային համախմբման մթնոլորտ հաստատելու փոխարեն,
ինչի շնորհիվ հնարավոր կլիներ անհամեմատ ուժեղացնել Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, Սերժ Սարգսյանի վարչախումբը գերադասում է ոչ համարժեք զիջումների գնալ, ինչը հավասարազոր է ազգային դավաճանության: Ճակատագրական ու վտանգավոր այս գործընթացը կանխելու եւ Սերժ Սարգսյանին բախտորոշ փաստաթուղթ ստորագրել թույլ չտալու մեկ ձեւ կա. ՀՀ-ի եւ Ղարաբաղի բնակչության, բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի համատեղ ջանքերով պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը, անցկացնել արտահերթ նախագահական, ապա նաեւ խորհրդարանական ընտրություններ, ձեւավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, որը հնարավորություն կունենա միջազգային հանրության առջեւ լիարժեքորեն պաշտպանել հայ ժողովրդի ազգային շահերը:
Այս ամբողջ համապատկերում հետաքրքրիրն այն է, որ ՀԱԿ-ի համար կրկին առիթ է ստեղծվել նախագահի հրաժարականը պահանջելու համար: Ասենք, եթե Հայ արիների ու Հայ ազգայնականների համախմբման համար թիվ մեկ խնդիրը Արցախի հարցն է եւ միայն այն լուծել չկարողանալու պարագայում են նրանք պահանջում հրաժարականներ, որպեսզի իշխանությունները տեղը զիջեն ավելի կարծր դիրքորոշում ունեցողներին, ապա ՀԱԿ-ի համար առաջնայինը իշխանությունների հրաժարականն է: Արցախի հարցում ամենեւին չպաշտպանելով իշխանությունների դիրքորոշումը՝ հիշեցնենք սակայն, որ երբ հհշ-ականներն իշխանության էին, ամենեւին էլ աշխարհի հետ ուժի դիրքերից չէին խոսում, ավելին՝ երբ ազատագրվել էր Շուշին, այսօրվա ՀԱԿ-ի պարագլուխը մի լավ վախեցել էր ու մտածում էր, թե ինչ է պատասխան տալու աշխարհին:
Ընդգծեմ նաեւ, որ այդ նույն պարագլուխն ու նրա թիմակիցները ամենեւին էլ այդ կարծր դիրքորոշում ունեցողների ցանկում չեն:
Հայկ Թորգոմյան
4. Ի՞նչ են որոշում հզորները եւ ի՞նչ են ասում հողատերերը
ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարները հանդես են եկել
հայտարարությամբ:
ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզին Իտալիայում՝ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Իբրեւ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ նրանք վերահաստատել են իրենց պարտավորությունը՝ աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար Սկզբունքները ամբողջացնելու համար:
«Մենք ցուցում ենք տվել մեր միջնորդներին՝ ներկայացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին 2007թ. ընդունված Մարդրիդյան փաստաթղթի վերամշակված տարբերակը, Համանախագահների Սկզբունքների վերաբերյալ վերջին մեկնաբանությունները: Մենք հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին
վերանայել այն տարաձայնությունները, որոնք առկա են նրանց միջեւ եւ վերջնական
համաձայնություն տալ Հիմնարար Սկզբունքներին, որը կարտացոլի խնդրի համապարփակ կարգավորումը», – ասել են նախագահները:
Ի դեպ, հայտարարությունում «Փաստեր» խորագրի տակ նշվում է, որ 2007թ. նոյեմբերին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախարարները ներկայացրին ԼՂ խնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակը Հայաստանին եւ Ադրբեջանին. «Հիմնարար Սկզբունքները արտացոլում էին ողջամիտ փոխզիջումները» Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հենքով, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք:
Հիմնարար Սկբունքները մասնավորապես սահմանում են.
1. Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
2. Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
3. Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
4. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ.
5. Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը.
6. Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում են խաղաղապահական գործողություններ:
«Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքերի ընդունումը
հնարավորությոեւն կտա վերջնական կարգավորման նախնական տարբերակը կազմելու, որը կապահովի Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա կայունությունը, խաղաղությունն ու բարգավաճումը», – ասված է այդ հատվածում:
* * *
Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի համաձայնության անհնար է իրականացնել որեւէ որոշում: Ստեփանակերտում անցկացվող՝ հայ– թուրքական հարաբերություններին եւ արցախյան հիմնախնդրին նվիրված համահայկական խորհրդաժողովում, անդրադառնալով ղարբաղյան կարգավորման գործընթացին, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
– Անկախության հռչակումից ի վեր մենք տեր կանգնեցինք մեր ընտրած ուղուն՝ հաջողությամբ պաշտպանելով Արցախի սահմանները, կառուցելով ու ամրապնդելով մեր պետությունը եւ արդյունավետորեն հաղթահարելով երկրի վերակերտման ու զարգացման հետ կապված դժվարությունները:
Արդյունքում աշխարհը համոզվեց, որ, ի դեմս մեզ, գործ ունի կայացած, անհրաժեշտ բոլոր ատրիբուտներով օժտված եւ ժողովրդավարացման ուղիով ընթացող հասարակության եւ պետության հետ:
Այդ իսկ պատճառով լիարժեք կազմով բանակցությունների վերականգնումը մենք դիտարկում ենք ոչ թե Արցախի՝ որպես անկախ պետության մասին ազդարարելու եւս մեկ պատրվակ, այլ այն պատճառով, որ դրանք ընթանում են խախտված ձեւաչափով: Արցախը ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության հիմնական կողմն է, սակայն այսօր դուրս է մնացել բանակցություններից, եւ մենք պետք է հասնենք այդ կարեւոր սկզբունքի վերականգնմանը:
Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի համաձայնության, անհնար է իրականացնել որեւէ որոշում:
Մենք բազմիցս կրկնել ենք, որ սատարում ենք ղարաբաղյան հակամարտության՝ բոլոր կողմերի իրավահավասար մասնակցությամբ խաղաղ կարգավորմանը, – ընդգծել է Բակո Սահակյանը:
Ամենակարեւորն այն է, որ Արցախ-ԼՂՀ-ի ղեկավարության դիրքորոշումը բավականին հստակ է՝ նրանք աշխարհին խորհուրդ են տալիս հաշվի նստել իրենց հիմնարար իրավունքների հետ…
Վահագն Նանյան
Արտակ Հայոցյան
«Լուսանցք», 27 (113), 2009թ.



