Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:
Մեզ են գրում իրանահայերը. «Մենք քաջածանոթ ենք Ավետիսյան Արմեն քաղաքական, ազգային գործչին: Մենք մեր կայքերում շատ ենք տեղ հատկացնում նրա գործունեությանը, այդ գործունեության յուրաքանչյուր էջին: Մենք նաեւ շատ օգտվում ենք Հայ արիական միաբանության կայքէջից, այնտեղից պատմական նյութեր քաշում, ազգային երգեր: Մեր ընկերներից մեկը, պարոն Ավետիսյան, ձեր հրամանատարությամբ կռվել է, երբ դուք հազարապետ եք եղել: Զինադադարից հետո վերադարձել է Թեհրան: Արդեն տարիներ են անցել, բայց միշտ շատ մեծ հարգանքով է խոսում Ձեր մասին: Երբ իմացավ Ձեզ հետ կատարվածը, հենց նույն օրն իսկ պատրաստվեց Երեւան գալ, բայց օդանավակայանի ճանապարհին մեքենան շուռ էր եկել: Բան չի եղել, միայն աջ ձեռքն էր կոտրվել: Հիմա ապաքինվում է, անպայման Երեւան կգա ու կտեսնի Ձեզ:
Չենք ասում ՝ ով է, որ անակնկալ լինի Ձեզ համար: Եթե իհարկե, արդեն գլխի չեք ընկել:
Պարոն Ավետիսյան, մենք զորակցում ենք Ձեզ, ցանկանում ենք շուտափույթ առողջություն: Մենք Ձեր գործունեությանը համակիր լինելով՝ մեծապես համակիր ենք նաեւ Ձեր անձին: Ամենակարեւորը՝ հավատում ենք Ձեզ: Որովհետեւ Դուք պայքար եք մղում ամեն ապազգային ձեռնարկի դեմ: Որովհետեւ Ձեզ համար խորշելի են ազգն ու հայրենիքը վնասող յուրաքանչյուր ոքի յուրաքանչյուր քայլ: Որովհետեւ Դուք միշտ սկզբունքային եք ու հավատարիմ Ձեր բոլոր ասածներին եւ փոփոխական չեք՝ ըստ հարմար առիթների: Որովհետեւ իսկապես սիրում եք Հային՝ անկախ նրա կրոնական պատկանելությունից… Շատ որովհետեւ-ներ կան, պարոն Ավետիսյան: Թվարկելը… նախանձ կշարժի: Չենք ուզում բորբոքել Ձեզ առանց այն էլ չսիրող հայաստանյան «ազգայնականներին»: Իսկ մնացյալը՝ հանդիպման ժամանակ: Բոլորի Աստվածները Ձեզ պահապան…»:
Նամակներից ծաղկաքաղը՝ Անի Մարությանի
«Լուսանցք», 27 (113), 2009թ.



