Մի քանի հարց Հայ Արիական Միաբանության առաջնորդին
– Պարոն Ավետիսյան, ի՞նչ ընթացքում է Ձեզ հետ կապված պատահարին՝ վրաերթին կամ մահափորձին առնչվող գործը:
– Ինձ հետ կապված միջադեպը քննիչը, ըստ ամենայնի, շարունակում է «ընկալել» որպես պարզապես ավտոճանապարհային վթար եւ անընդհատ նույն խնդիրների շուրջ պարբերաբար նույն հարցերն է տալիս: Եթե նույնիսկ ավտոճանապարհային վթար է եղել, ապա ինչու՞ հարցը չի մտնում դատարան, եւ այսպես կոչված մեղավորը չի պատժվում:
– Գործը դեռ քննվում է, դատարան հետո է հասնում: Ի՞նչ է, հակառակի մտավախությու՞նն ունեք:
– Վերջին անգամ քննիչ Գագիկ Հարությունյանի հետ հեռախոսով եմ խոսել՝ հուլիսի 22-ին: Նա, չգիտեմ ինչու, համոզված է, որ գործը դատարան չի հասնի, եւ նոր հաստատված համաներումը կազդի նաեւ այս գործի վրա: Շա՜տ է համոզված…
– Բայց համաներման մեջ հստակ նորամուծություններ կան՝ նյութական վնասի փոխհատուցման մասով…
– Այդ մասին ես էլ հուլիսի 22-ին ասացի քննիչին, իսկ նա թե՝ սա այդ դեպքը չէ:
– Այսինքն՝ մարդուն կարող են գցել մեքենայի տակ ու նյութական վնա՞սն էլ անգամ չհոգալ:
– Թող քննիչը այդ հարցին պատասխանի: Համաներման հնարավորության մասին նա միշտ է խոսել, նույնիսկ այն ժամանակ, երբ պարզ էլ չէր, թե այդ համաներման մասին որոշումը երբ կընդունվի: Ուստի կարծում եմ՝ քննիչ Գագիկ Հարությունյանն ու այսպես կոչված վրաերթի հեղինակ Շողակաթ Ամիրխանյանը (գուցե էլի ոմանք) ավելի վաղ են «համաներում» արել: Նրանք երեւի իմ համբերությունն են փորձում: Ի վերջո, ես ինքս էլ կարող եմ իմ քննությունը վարել… եւ այլն, ասենք, պարզել մեղավորներին: Եթե օրենքը հրաժարվում է բացահայտել ճշմարտությունը, ապա ուրեմն այդ «օրենքի վրա նստածները» իրենք են պատվիրել ինձ սպանելու գործը, ուստի ով էլ առնչվի դրա հետ, արդարադատության վճիռը անպայման կրելու է: Վաղ թե ուշ:
– Գուցե Ձեզ ինչ-որ քայլերի՞ են դրդում:
– Կապրենք՝ կտեսնենք:
«Լուսանցք»
Հ.Գ. – Առանց մեկնաբանության մեջբերենք հատված «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ որոշումից.
«8. Համաներումը չկիրառել՝
6) մինչեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված տուժողին հասցված նյութական վնասը հատուցելը.»:
Մեկ այլ մեջբերում էլ, դարձյալ առանց մեկնաբանության, անենք ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվությունից. «Համաներման պայմանները եւ բովանդակությունը խորհրդարանականներին ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը… Համաներման այս առաջարկը, արդարադատության նախարարի գնահատմամբ, իր հստակությամբ շահեկանորեն տարբերվում է մնացած բոլորից, բացի այդ՝ ներառում է որոշ նորամուծություններ… Նախարարը ներկայացրեց, որ թվով 134 հոդվածների վրա համաներումը չի տարածվելու: Եվ չի կիրառվելու այն անձանց վրա, ովքեր չեն վերականգնել տուժողին հասցված նյութական վնասը: Նախարարը այս կետը նույնպես առանձնացրեց որպես նորամուծություն:»…
«Լուսանցք», թիվ 28 (114), 2009թ.



