Արիական Մայր Տաճար՝ Երեւանում

Նախաձեռնում են հայ հեթանոսները

Երկար տարիներ է ինչ Հայաստանում վերականգնվել է արիադավան (հայ-արիական) հայերի կամ ինչպես քրիստոնյաներն են օտար բառով նշում՝ հեթանոսների (էթնոս-ազգայինների՝ ազգային հավատք ունեցողների) տոներն ու ծեսերը կատարելու կարգը:
Տարբեր դարերում հայերը հնարավորինս պաշտպանել են իրենց հին հավատը… Հայ Աստվածների պաշտամունքը: Մինչեւ ներկայիս սերունդը, վերջին անգամ Դանիել Վարուժանի, Կոստան Զարյանի ու Գարեգին Նժդեհի նմաններն են փորձել վերականգնել Հայոց հավատը…
Հիմա ինչպես հոգեւոր ոլորտում («Արորդիների Ուխտ» կազմակերպությունը իր քրմական կառույցով), այնպես էլ քաղաքական եւ հասարակական բնագավառներում (Հայ արիական միաբանություն, Հայ ազգայնականների համախմբում եւ այլն) եւ անհատ մարդկանց մոտ նոր թափ է հավաքել Հայոց հին հավատին վերադառնալու առաքելությունը…

Միառժամանակ բոլոր տոներն ու ծեսերը նորօրյա հեթանոս հայերը տոնում էին Գառնո արիական-հեթանոսական տաճարում: Հետո ծավալեցին շրջանակը եւ միջոցառումներ անցկացվում են նաեւ Կարմիր Բլուրում, Էրեբունիում, Զվարթնոցում, Մեծամորում, Քարահունջում (Զորաց քարեր), Արագածի լանջերին կամ Խոստուփի լանջերին՝ Գ. Նժդեհի մասունքների մոտ եւ այլն:
Հիմա կարիք կա քաղաքամայր Երեւանում առավել ազդեցիկ միջոցառումներ կազմակերպելու: Ուստի՝ վաղուց ծրագիր կա Երեւանում արիական-հեթանոսական Մայր Տաճար կառուցելու համար:
Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումը եւ «Լուսանցք»-ը կոչ են անում Հայաստանի եւ սփյուռքի բոլոր հայորդիներին՝ հանգանակություն կազմակերպել այս սրբազան գործը կյանքի կոչելու նպատակով: Երբ բացի նշյալ կազմակերպություններից այլոք նույնպես ցանկություն հայտնեն միանալու, մենք հատուկ հաշվեհամար կբացենք Երեւանի բանկերից մեկում, որպեսզի գործն առաջ ընթանա:
Մենք «Լուսանցք»-ի էջերում կներկայացնենք բոլո՛ր նվիրատուներին եւ աջակցողներին ու համապատասխան գումար հավաքելուց հետո մայրաքաղաքի որեւէ էներգետիկ-տիեզերահաս վայրում կնախաձեռնենք Մայր Տաճարի կառուցումը՝ նախապես նախագծողների մրցույթ հայտարարելով:

Հայ Արիական Միաբանություն
Հայ Ազգայնականների Համախմբում
«Լուսանցք» շաբաթաթերթ

10.09.2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։