Կոչ հայ մարզիկներին
ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել կոչով՝ դիմելով արտասահմանում բնակվող հայազգի մարզիկներին՝ հանդես գալու մեր երկրի դրոշի ներքո: Նշվել են այն պայմանները, որոնցով ապահովվելու են ՀՀ հավաքականները համալրող մարզիկները: «Կոչ եմ անում սփյուռքահայ բոլոր առաջատար մարզիկ-մարզուհիներին (Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մրցանակակիրներին)՝ հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո: ՀՀ ազգային հավաքականները համալրող բոլոր հեղինակավոր եւ փորձառու մարզիկները հայրենիքում կապահովվեն բնակարանով, ավտոմեքենայով, բարձր աշխատավարձով (2000-5000 հազար ԱՄՆ դոլար) եւ անհրաժեշտ բոլոր այլ պայմաններով»,- նշված է հայտարարության մեջ:
Օլիմպիադան Հայաստանու՞մ
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Լոզանում միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Ժակ Ռոգեի հետ ունեցած հանդիպման ժամանակ ցանկություն է հայտնել, որպեսզի օլիմպիական պատանեկան 3-րդ խաղերն անցկացվեն Հայաստանում: ՀԱՕԿ-ի նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանում կան բոլոր պայմանները ՄՕԿ-ի եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵվՕԿ) գործկոմի նիստեր անցկացնելու, ինչպես նաեւ միջազգային ցանկացած մասշտաբի մրցումներ կազմակերպելու համար: ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն իր հերթին հավաստիացրել է, որ աստիճանաբար ավելի կամրապնդվի ՄՕԿ-ի եւ ՀԱՕԿ-ի համագործակցությունը, որի արդյունքում կշահի միջազգային սպորտը, բացի այդ կաշխուժանա մարզական կյանքը Հայաստանում:
Oլիմպիական պատանեկան 1-ին խաղերը կանցկացվեն 2010թ. Սինգապուրում: 2-րդ խաղերը տեղի կունենան 2014 թ.: Վերջինս ընդունելու ցանկություն են հայտնել առայժմ 3 քաղաքներ՝ Գվադալախարան (Մեքսիկա), Նանյինգը (Չինաստան) եւ Պոզնանը (Լեհաստան): Հաջորդ՝ 3-րդ խաղերն անցկացվելու են 2018թ.:
Հայաստանում ֆուտբոլն անկում է ապրում
Մոլդովայի ընտրանուց պարտվելուց հետո, Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում մերոնք վճռական խաղ ցուցադրեցին, բայց կրկին պարտվեցին` 0:2 հաշվով: Երբ խաղի ավարտին 5 րոպե էր մնացել, հավաքված երկրպագուները պաստառ պարզեցին՝ «Հերիք է մեզ խայտառակեք» գրությամբ: Ապա «Ամոթ, ամոթ» վանկարկումներով պահանջեցին մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը: Իրավապահները նետվեցին առաջ` իջեցնելու պաստառները… Հետո երկրպագուները վանկարկելով պահանջեցին նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Իսկ Բելգիայի ընտրանու հետ մեր թիմի խաղն ավարտվեց մեր հաղթանակով՝ 2:1հաշվով:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 3 (116), 2009թ.



