Սուրեն Սպանդարյանին չեն հավատում
Հայկական ռադիոյին ուղղված հարց՝ «Ո՞վ է հսկում (ՍՐօՔցպՑ) Գարեգին Նժդեհի հրապարակը»: Պատասխան՝ «Սուրեն Սպանդարյանի ուրվականը»: Այս զավեշտական վիճակում է Երեւանը: Խորհրդային կայսրության վերջին օրերին թաքուն, գիշերով բերեցին եւ տեղադրեցին Սուրեն Սպանդարյանի արձանը՝ կոմունիզմի վերջին ուրվականի խորհրդանիշը: Անցան տարիներ: Այս հրապարակում ցույցեր ու միտինգներ անցկացրեցին կարկառուն դեմքեր, նախագահներ, պատգամավորներ, քաղաքապետեր… Նրանք ճառեցին, խոսեցին, խոստումներ տվեցին ու երդվեցին… իրենց իմանալով՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ: Այսպես վարվեցին նույնիսկ նժդեհյան «գաղափարակիրներ» հանրապետականները…
Շենգավիթի թաղապետը մրցույթ հայտարարեց Նժդեհի արձանի համար. հաղթողը մնաց գաղտնի: Իսկ թե որտե՞ղ այն պիտի տեղադրվի, դա նոր անեկդոտ է. հայկական ռադիոյին հարցնում են` «Երեւանում ու՞մ հուշարձանին չի կարելի ծաղկեփունջ դնել», պատասխան` «Խաչատուր Աբովյանի, որովհետեւ դեպի հուշարձանը անցումներ չկան»: Այս սկզբունքով է առաջնորդվում Շենգավիթի թաղապետը, որ որոշել է Նժդեհի արձանը դնել մեռած կինոթատրոն «Հայրենիք»-ի դիմաց: Մինչդեռ Սուրեն Սպանդարյանի արձանը աղերսում է` ինձ մի շփոթեք Գարեգին Նժդեհի հետ: Իսկ երիտասարդությունը շարունակում է ժամադրվել Սպանդարյանի արձանի մոտ` իբրեւ Նժդեհի: Ահա թե ինչ պատմեց ինձ ազատամարտիկ Հարություն Կարսեցին. «Պարսկաստանից եկած հյուրերը հիացմունքով նայում էին արձանին, բայց ոչ մի կերպ չէին կարողանում գտնել նմանություն Գարեգին Նժդեհի հետ: Երբ մոտեցա ու իսկությունը ասացի, հիացմունքը փոխվեց վշտի»: Բա պատկերացնու՞մ եք` այսքան տարի ինչ է զգում Սպանդարյանը:
Աշոտ Բադալյան
«Լուսանցք» թիվ 31 (117), 2009թ.