Այստեղ, այնտեղ եւ մեզ մոտ

Թուրքական, իրանական ռմբահարումներ՝ քուրդ գրոհայինների դեմ
Թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները, ըստ «Սի Էն Էն Թուրք» (CNNTurk) լրատվական գործակալության, Շրնաք, Շիիրթ եւ Հաքքարի շրջաններում դեռեւս շարունակում են ռազմական գործողություններ իրականցնել ՔԲԿ-ի (Քրդական բանվորական կուսակցության) զինյալների դեմ:
Դրան զուգահեռ, իրանական բանակի ստորաբաժանումները նույնպես մեկընդմերթ հրետակոծում են PJAK-ի (Քրդստանի ազատ կյանք կուսակցության) ռազմաճամբարները, որոնք տեղակայված են Իրանի եւ Հյուսիսային Իրաքի սահմանամերձ գոտիներում:
Նշենք, որ PJAK-ը համարվում է ՔԲԿ-ի իրանական թեւը:


Անհանգիստ է իրաքյան Քրդստանում
Իրաքի հյուսիում պարբերաբար տեղի են ունենում ահաբեկչական գործողություններ: Զոհերի եւ վիրավորների թիվը հասնում է տասնյակների:
Այս մասին հաղորդում է «Իտառ Տասս» (ԼՁԸՀ-ՁԸհհ) գործակալությունը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, մահապարտները տարբեր բնակավայրերում բախումների մեջ են լինում քրդական «Փեշմերգա» խմբավորման հետ:

Անհանգստացնում են նաեւ քրդերը
Իրանական Սենենդեջ քաղաքի իմամ Բորհան Ալի Ռուհանին սպանվել է իր տան մոտ: Վերջինս Իրանում այս տարի տեղի ունեցած նախագահական ընտրություններում պաշտպանել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին եւ նրա նախընտրական շտաբի հոգեւոր հանձնաժողովի անդամ է եղել: Այս մասին տեղեկացնում է «ԻՐՆԱ» գործակալությունը:
Ըստ ոստիկանության տվյալների, հոգեւորականն իր ազգականի հետ վերադառնալիս է եղել տուն, երբ 3 անհայտ անձինք նրա ուղղությամբ կրակ են արձակել: Ստացած վերքերից իմամը մահացել է: Սենենդեջը իրանական Քուրդիստանի վարչական կենտրոնն է, եւ տարածաշրջանում գործում են տարբեր արմատական, մասնավորապես՝ քրդական եւ սունիական կազմակերպություններ:

Թուրքա-ադրբեջանա-իսրայելական զենքեր
Թուրքիան, Ադրբեջանն ու Իսրայելը համատեղ արտադրելու են զենք ու զինամթերք: Այս մասին հայտնում է «Սի Էն Էն Թուրք» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ երկրում հիմնվելու են
շարժական կամուրջների եւ զրահապատ բեռնատար մեքենաների ու ռազմամթերքի արտադրության գործարաններ: Ծրագրվել է նաեւ արդիականացնել T-54 եւ T-55 տանկերը»: Զինամթերքի համատեղ արտադրության շուրջ պայմանավորվածության են եկել թուրքական 2 եւ ադրբեջանական ու իսրայելական 1-ական կազմակերպություններ: Նշվում է նաեւ, որ առաջիկա տարիներին այդ համագործակցության շրջանակներում Ադրբեջանում կառուցվելու է 17 նոր գործարան, որտեղ արտադրվելու է 435 անուն զինատեսակ:

Թուրքա-իսրայելական խաղեր
Պաշտոնական Թել Ավիվն արգելել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Իսրայելի տարածքով այցելել Գազայի հատված: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում անելով իսրայելական «Մաարիվ» (Maariv) թերթին:
Իսրայելական ԱԳՆ-ում հայտարարել են, որ աննպատակահարմար են համարում միջազգային հանրության ներկայացուցիչների շփումները ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ, որը ԵՄ եւ «միջազգային քառյակի» իշխանությունների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: «Եթե Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ցանկանում է այցելել Պաղեստինի ինքնավարության տարածք, նա կարող է մեկնել Ռամալահ, այլ ոչ թե Գազա»,- ասված է Իսրայելի ԱԳՆ հայտարարությունում:
Ահմեդ Դավութօղլուն մտադիր է Իսրայել այցելել այս տարվա հոկտեմբերին: Այցելության շրջանակներում թուրք նախարարը մտադիր է եղել հումանիտար այցելություն կատարել Գազայի հատված՝ Միջազագային Կարմիր Խաչի կենտրոն եւ համապատասխան խնդրանք է ներկայացրել իսրայելական իշխանություններին: Սակայն, ինչպես երեւում է, նրա խնդրանքը մերժվել է: Պաղեստինի ինքնավարության տարածքը բաժանված է 2 մասի: Արեւմտյան ափում իշխանությունը գտնվում է երկրի օրինական նախագահ Մահմուդ Աբասի ու նրա գլխավորած ՖԱՏՀ շարժման ձեռքում, իսկ Պաղեստինի մյուս հատվածը՝ Գազան, գտնվում է Միջերկրական ծովի ափին եւ Իսրայելի տարածքով անջատված է Արեւմտյան ափից: Այստեղ 2 տարի առաջ փաստացի իշխանությունն իր ձեռքն է վերցրել ՀԱՄԱՍ կազմակերպությունը, որը բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների կողմից ճանաչվել է ահաբեկչական: Իսրայելի կառավարությունը որեւէ կերպ չի շփվում ՀԱՄԱՍ-ի ու նրա ղեկավարության հետ եւ դատապարտում է այլ երկրների համապատասխան փորձերը:

Թուրքերը եւ հայկական սփյուռքը` դեմ հանդիման
Թուրքերը վճռական են տրամադրված եւ նպատակ ունեն արտերկրում գործող հայկական հզոր լոբբիին հակադարձել նոր ուժով: Թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթի էլ-կայ
քը տեղեկացնում է, որ դա կենսագործելու համար երկրի իշխանությունները փորձում են արտասահմանում բնակվող թուրքերին համակարգված մի հավաքական ուժի վերածել:

Էլեկտրոնային պարբերականն Անկարայի այդ ձեռնարկումը համարել է պատմական: «Արտասահմանաբնակ թուրքերի հարցերով պատասխանատու պետնախարար Ֆարուք Չելիքի կողմից պատրաստվել է համապատասխան օրինագիծ, որն առաջիկայում ներկայացվելու է մեջլիսի՝ թուրքական խորհրդարանի քննարկմանը: Համաձայն այդ օրինագծի՝ նախատեսվում է հիմնել արտասահմանյան թուրքերի վարչություն, որը Թուրքիայից դուրս բնակվող թուրքերի խնդիրները հոգալուց բացի պետք է զբաղվի նաեւ լոբբինգով:
Չնայած Հայոց ցեղասպանությունը դատապարտվել է միջազգային հանրության տարբեր մակարդակներում՝ առանձին մտավորականներից մինչեւ պետությունների ղեկավարներ ու օրենսդիր մարմիններ, եւ մինչ օրս Մեծ եղեռնը ճանաչել ու դատապարտել են աշխարհի 20 պետություն, Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձեւերով, ցեղասպանության ճանաչմանն օրենքի ուժ են տվել՝ Ֆրանսիան՝ 2001թ., Ուրուգվայը՝ 2004թ. եւ Արգենտինան՝ 2007թ., այնուամենայնիվ թուրքերը մտադիր են այս գործընթացի դեմն առնել:

Բեն Լադենը եւ ԱՄՆ-ն
Միջազգային ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման առաջնորդ Ուսամա Բեն Լադենը կրկին հիշեցրել է իր գոյության մասին եւ ուղերձ հղել «ամերիկացի ժողովրդին»: Այս մասին տեղեկացրել է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով «Ինտել Սենթեր» (Intel Center) ամերիկյան կազմակերպությանը, որն զբաղվում է ահաբեկիչների հետապնդումով:
Բեն Լադենի ուղերձի տեսանյութը ցուցադրվել է «Աշ-Շաբաբ» կայքում՝ 2001թ. սեպտեմբերի 11-ի ողբերգության տարելիցից 2 օր անց: Այս հեռուստաընկերությունը համագործակցում է «Ալ-Քաիդա»-ի հետ:

Ադրբեջանական բանակը ինքնապատերազմում է
Ադրբեջանական բանակում ավելացել են մահվան դեպքերը: 2009թ. առաջին 8 ամսվա ընթացքում արձանագրվել է զինծառայողների մահվան 46 դեպք. այս մասին տեղեկացնում է «Այնա» (ԸլծԸ) պարբերականը:
Մահվան դեպքերից 18-ը գրանցվել է զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ մնացած դեպքերը կապված են հիմնականում տրանսպորտային պատահարների, հիվանդությունների, զենքի հետ վարման կանոնների խախտման դեպքերի հետ:
Վերջին ժամանակներս ադրբեջանական բանակում արտակարգ պատահարների թիվը բավականին աճել է: Մոտ օրերս, օրինակ, Նախիջեւանում անցկացվող զորավարժության ժամանակ, ադրբեջանական բանակի զրահապատ մեքենաներից մեկը վթարի էր ենթարկվել, որի հետեւանքով 2 մարդ մահացել էր, իսկ 1 զինծառայող՝ վիրավորվել:

Թուրքիան եւ Եվրոպան
Ֆրանսիայում իշխանության մաս կազմող «Ժողովրդական շարժում միավորման» (UMP) պատգամավորները խիստ քննադատության են են ենթարկել եվրոպական «Բանիմաց մարդիկ» հանձնաժողովի՝ սեպտեմբերի 7-ին Բրյուսելում հրապարակած զեկույցը:
«Թուրքիան Եվրոպայում. վերջ դնել անարդյունավետ շրջանին» վերտառությամբ այդ զեկույցով կոչ էր արվել Եվրամիության դռները բացել Թուրքիայի առաջ: Այս մասին տեղեկացնում է «Սի Էն Էն Թուրք» լրատվական գործակալությունը:
Այդ անկախ հանձնաժողովը հիմնադրվել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացում Թուրքիային աջակցելու նպատակով եւ կազմված է ԵՄ երկրների բարձրաստիճան պետական այրերից ու մտավորականներից: UMP-ի պատգամավոր Ռիչարդ Մալլիեն՝ Ֆինլանդիայի նախկին նախագահը, խաղաղանպաստ գործունեության համար Նոբելյան մրցանակակիր Մարթի Ահթիսաարիի ղեկավարությամբ կազմված այդ զեկույցը որակել է «սկանդալային»:
Զեկույցին ընդդիմացած Մալլիեն «Ժողովրդական շարժում միավորման» անունից հայտարարել է, որ իրենք չափազանց դառնացած են այդ զեկույցից, քանի որ վերջինս աջակցում է Թուրքիայի եվրաանդամակցությանը: Անդրադառնալով զեկույցի այն հատվածին, որտեղ նշվել էր, թե հանուն Եվրամիության պատվի, պետք է Թուրքիային տրված խոստումը չդրժվի, ֆրանսիացի պատգամավորը Ահթիսաարիին հիշեցրել է. «Թուրքիայի անդամակցությանը ոչ ասող տեսակետը Ֆրանսիայի ժողովրդի հետ միասին Եվրոպայում կիսում են նաեւ Հունաստանի, Հոլանդիայի, Լեհաստանի, Հունգարիայի եւ Գերմանիայի ժողովուրդները»: «Թուրքիան ո՛չ իր աշխարհագրական դիրքով. ո՛չ էլ պատմությամբ եվրոպական չէ»,- եզրափակել է Ռիչարդ Մալլիեն:

Հայ-թուրքական համատեղ հուշարձա՞ն
Սվասի կոնգրեսի 90-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը խոսել է հայ-թուրքական համատեղ հուշարձան կառուցելու գաղափարի մասին:
«Այս պահին դեռ որեւէ նախագիծ չկա: Սակայն նման մտադրություն կա. արդյո՞ք հնարավոր է համատեղ հուշարձան կանգնեցնել: Իհարկե, հնարավոր է: Անցյալում նույնիսկ Թուրքեշն էր այդպիսի բան առաջարկում»,- ըստ թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթ
ի՝ ասել է նախարարը:

Թե սա ինչ նոր թուրքական խաղ է, կպարզվի առաջիկայում: Հիշյալ Ալփասլան Թյուրքեշը եղել է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թեւ հանդիսացող «Ազգայնական ճակատ» կուսակցության առաջնորդը:
Իսկ թուրք նախարարը նշել է, որ իրենք իրենց շուրջը գտնվողներին բարեկամաբար պետք է նայեն: «Մեր երկրի ներսում էլ, դրսում էլ ցանկանում ենք, որ խաղաղություն տիրի: Իսկ ո՛րն է դրա ճանապարհը. ընդհանուր հուշարձանները, համատեղ գիտական աշխատանքները, մշակութային կապերի զարգացումը: Այս ամենի ուղղությամբ պետք է աշխատենք»:
Ինչպես տեսնում ենք, թուրքերն սկսել են իրականացնել հայ-թուրքական կոչված սկզբունքները, այն էլ ի՜նչ «ճաշակով ու քաղցրությամբ»… կդիմանա՞նք, թե՞ էլի կլափեն մեզ…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 31 (117), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.