Գծաձեւային խորհրդանիշեր

Հավասարաթեւ խաչ
Հավասարաթեւ խաչ նշանն ինքնին տիեզերաիմաստ է ու նախեւառաջ Ամենայն Ստեղծիի Մեծ Պայթյունը բնորոշող խորհրդանշան է, որի պտույտներից էլ (աջ կամ ձախ) առաջանում է Արեւխաչը՝ Կեռխաչը:
Այնպես որ, խաչի պաշտամունքը հնագույն ժամանակներից է գալիս, եւ խաչապաշտությունը նորելուկ կրոնների մենաշնորհը չէ… Այս նշանը ցույց է տալիս նաեւ Երկիր մոլորակի կողմերը՝ հյուսիս, հարավ, արեւելք, արեւմուտք: Իսկ միջնակետը առանցքն է: Նշանը նաեւ գումարման, ավելացման նիշն է եւ արտահայտում է դրականի իմաստը: Նշանի հորիզոնական գիծը՝ գծաձեւը, Երկրի հորիզոնական հարթությունն է, արտահայտում է բացասականի իմաստը, ուղղահայացը՝ տիեզերքից եկող էներգիան է, հորիզոնական (բացասական) հարթությանը հատում է վերեւից եկող էներգիան (-, /, +), ստանում է դրական լիցքավորում, որն էլ արտահայտում է դրական իմաստով:

Հորիզոնական հարթությունը հատող վերեւից եկող ուղղահայաց էներգիան միջնակետում դառնում է էներգակենտրոն: Խաչը պարուրող չորս եռանկյունիների գագաթները միացվում են մեկ կետում, որտեղ էլ դրսեւորվում է դրական էներգակուտակում: Եռանկյունին կրակի էներգիայի խորհրդանիշն է, հետեւաբար չորս եռանկյունիների գագաթների էներգակուտակումը գտնվում է մեկ կետում եւ կրում է դրականի իմաստը:

Խաչակնքելու իմաստը
Մարդն ունի աջ-դրական եւ ձախ-բացասական կողմեր: Մարդու էներգա-հոսքերը անցնում են նաեւ ձեռքերի միջոցով: Աջ ձեռքի 3 մատները (բութ, ցուցամատ, միջնամատ) իրար ենք միացնում, մյուս երկու մատները ծալում ենք ներս: Այս ձեւը քրիստոնեական ուսմունքում արտահայտում է երրորդություն՝ Հայր, Որդի, Սուրբ-Հոգի միասնությամբ: Ունի մեկ ուրիշ մեկնություն եւս՝ 3 մատների էներգահոսքերը իրար միացնելով՝ փակում ենք հոսքի ճանապարհը եւ ունենում ենք եռագագաթ ձեւ: Այդ եռամիասնական ձեւով աջ ձեռքը դնում ենք ճակատի միջնամասում: Գլխի այդ հատվածը մտքի էներգաստեղծ կենտրոնն է: Այնուհետեւ, ուղղահայաց ուղղությամբ ձեռքը իջեցնում ենք մինչեւ պորտ, ինչը հանդիսանում է մարդու կենտրոնը: Պորտը կենսաբանական մարմնի էներգաստեղծ կենտրոնն է: Այսպիսով՝ աջ (դրական) ձեռքի էներգահոսքերի միացմամբ, մտքի էներգակենտրոնը միացնում ենք կենսաբանական էներգակենտրոնին: Այնուհետեւ աջ ձեռքը նույն եռամիասնությամբ դնում ենք ձախ ուսին, եւ ֆիզիկական մարմնի բացասական գործոնը հորիզոնական գծով բերում ենք դրական դաշտ: Ստանում ենք քառաթեւ խաչ նշանի տեսքը:
Այս նշանի միջնակետը հանդիսանում է էներգիաների կուտակման կենտրոն, որը հայտնվում է մարդու սրտի վերնամասի շրջանում: Ինչը վերջում աջ ձեռքի ափով ծածկում ենք:
Այս ամենով մարդն իրեն դնում է դրական դաշտի պաշտպանության տակ, եւ ոչ մի չար ուժ չի կարողանում մոտենալ, բացի այդ՝ մարդու մեջ նստած չար ուժին ինքը բանտում է դրական կապանքով:
Մինչ այս խաչակնքումը, հին արի հայերն ունեցել են խաչակնքելու հոգեւոր արվեստը: Մեկ կետում կենտրոնացված աջ ձեռքի մատները նախ դրվել են ճակատին, հետո՝ աջ աչքին, ձախ աչքին, այնուհետեւ՝ բերանի տակի մասում, որից հետո ձեռքը բացված ափով մոտեցրել եւ սեղմել են սրտին եւ բարձրացրել վեր՝ ուղիղ եւ ձիգ վիճակում: Այս խաչակնքման իմաստը ներառել է գիտակցված (ճակատ), հոգեւոր (աջ աչք) ու մարդկային (ձախ աչք) աչքերով տեսնված ու դրանցից բխած ճշմարիտ խոսքի (բերանի տակը) արտաբերումը, որն ասվում է սրտից (ափով սեղմում) եւ ուղղված է (ձեռքը ուղիղ եւ ձիգ դեպի վեր) Տիեզերքին, Աստվածներին…

Երկարապոչ խաչ
Այս գծաձեւը քառաթեւ խաչ նշանի ձեւն է: Հորիզոնական հարթությունը հատող, տիեզերական էներգիան արտահայտող ուղղահայաց գիծը կենտրոնական կետից կրկնակի երկար է:
Գծաձեւը արտահայտում է մարդը՝ կանգնած ձեռքերը կողմնային կողմերի վրա տարածած: Այս գծաձեւը մարդու չափ հին է, այն պատկերված է նաեւ ժայռապատկերներում: Հին ժամանակներում այն օգտագործում էին որպես մարդու պատժամիջոց եւ որի վրա էլ մահապատժի ենթարկեցին նաեւ Քրիստոսին: Հետագայում խաչի այս ձեւը կաթոլիկ եկեղեցին հռչակեց երկրպագության խորհրդանիշ, որն էլ երկրպագվում է մինչեւ այսօր քրիստոնյաների կողմից:

Քառանկյունի
Այս գծաձեւի հիմքը (+) նշանն է, որի կողմնային կողմերի կետերը թեք գծով միացված են միմյանց: Այդ կողմերի կետերը ուղիղ անկյունով են միացված: Անկյունները խորհրդանշում են Երկիր մոլորակի 4 տարրերը՝ հող, ջուր, օդ, հուր-կրակ: Այն համարվում է Երկրի խորհրդանիշը: Այստեղից էլ առաջացել է քառասունը, քառ-սյունը: Ժողովրդական ծեսերում ունենք «քառասունք» հասկացությունը: Սա նշված չորս սյուներից վեր՝ եթերային հոգուն վերաբերող հասկացություն է:
Քառասունքը կիրառվում է մարդու ծննդի պահից սկսած 40 օր: Այդ շրջանում երեխան ունենում է իր պաշտպանության իմունիտետը: Կնոջ ծննդաբերությունից սկսած 40-օրյա շրջանում, նրա մարմնաձեւերում, ներքին օրգան համակարգերում տեղի են ունենում ֆիզիոլոգիական մեծ փոփոխություններ: Քառասունքն անհրաժեշտ է: Կնոջ օրգանիզմում կատարվում են վերականգնողական գործընթացներ, այդ ընթացքում արգելվում է սեռական կապը, որպեսզի ֆունկցիաների խանգարում չլինի, հեռու լինեն արտաքին հնարավոր վարակները:
Այսպես որոշ կրոնական տեսություններում մահվան պահից սկսած մինչեւ 40 օր մարդու հոգին գտնվում է քննաշրջանում: Դա նրա կենդանության ժամանակ գործած դրական եւ բացասական գործողությունների քննաշրջանն է: 40-օրյա ժամանակաշրջանից հետո է միայն հոգուն թույլատրվում զբաղեցնել իր տեղը եւ պաշտոնը:
Մի խոսքով, ծննդաբերողի, ծնվողի ու մեռնողի քննաշրջան է, որի ընթացքում տեղի են ունենում մի շարք բարդ գործընթացներ: Այս խնդիրներին պետք է մոտենալ լուրջ եւ գիտակցորեն: Բացի վերը նշվածներից, շատ տեղերում կիրառվում է քառասունքի խորհուրդը՝ այն մարդու մաքրակենցաղ, առողջ ապրելակերպի համար է:

Երկու քառանկյունիների խաչաձեւում
Ութանկյուն
Այս գծաձեւը երկու քառանկյունիների խաչաձեւումն է: Մեկ քառանկյունին՝ Երկրի կողմնային կողմերը թեք գծերով իրար միացված: Երկրորդ քառանկյունին՝ չորս սյուները խորհրդանշող: Այս երկու գծաձեւերի խաչաձեւումից ստացվում է ութ անկյուն: Միջնակետը առանցքն է: Խաչաձեւումից ստացվում է 40-անկյուն:

Ութ անկյուն միջնագիծ
Երկու քառանկյունիների խաչաձեւումից ստացված միջնագիծ, որը նույնպես ութանկյուն է: Միջնակետը առանցքն է: Աջ պտույտը ցույց է տալիս գալիքը՝ ժամասլաքի ուղղությամբ, ձախ պտույտը ցույց է տալիս անցյալը: Կենտրոնական կետից անցնում են կորագծեր մինչեւ անկյունները, այն խորհրդանշում է Երկրի կորությունը:

Հավերժության նշան
Կլորը ցույց է տալիս Երկիր մոլորակի ձեւը, միջնակետը՝ առանցքը: Կորագծերն անցնում են սահուն՝ միանալով շրջանի գծին: Աջ պտույտը ցույց է տալիս հավերժը՝ ապագան, ձախ պտույտը հավերժացնում է անցյալը:

Երեք քառանկյունիների խաչաձեւում
(տասներկուանկյուն կամ տասներկուսանիստ)
Արդեն նշվել է՝ ի՞նչ է քառանկյունին (Երկիր): Երկու քառանկյունիների խաչաձեւումը՝ ութանկյուն, որն էլ հիմքն է հավերժության: Երեք քառանկյունիների խաչաձեւումից ստանում ենք տասներկուանիստ: Այն խորհրդանշում է տարվա 12 ամիսները, 12 համաստեղությունները: Կա նաեւ 4-քառանկյունիների խաչաձեւ տեսք, որն արտահայտում է վերը նշված 3 մեկնաբանություններին ավելացրած 4 անկյուն-տարվա 4 եղանակները՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ:

Խաչ պատերազմի
Կեռ խաչ: Արեւախաչ:
Սվաստիկա
Այս խորհրդանիշը ժայռապատկերների վրա պատկերված, խոր վաղընջական ժամանակաշրջանն արտահայտող գծաձեւ է: Հիմքում քառաթեւ (+) նշանն է, որի բացատրությունը կա սկզբում: Կողմնային կողմերի ուղղանկյունը հանված է, այդ պատճառով է ստացել կեռ խաչ անվանումը: Սա իր վաղընջական լինելու պատճառով, նաեւ արեւի երկրպագության ժամանակաշրջանում համարվել է Արեւի խորհրդանիշ: Որից էլ «Սասնա Ծռեր» էպոսում ստացել է խաչ պատերազմին (խաչ է, զբոլորը պատեր են) անվանումը:
Կեռ խաչն արտահայտում է հավերժ պտույտը՝ թե երկրի, թե արեւի, թե տիեզերքի: Այս խորհրդանիշի վաղընջական լինելը կապվում է նաեւ բուն Արիական շրջանի հետ: Գերմանացիներն էլ իրենց համարում էին արիական ցեղ, այդ պատճառով 1937-45թթ. ֆաշիստական Գերմանիան Հիտլերի գլխավորությամբ վերցրել է այս գծաձեւը… Ֆաշիստական կամ նացիստական ուղղությունները շատ հեռու են Արիական գաղափարաբանությունից…  Այնքան հեռու ու կեղծ էին, որ նախապես միտումը կար «Արմենոիդ» տեսակի Արիական լինելը քողարկելու կամ խեղաթյուրելու… ինչն իհարկե չստացվեց:
Սվաստիկայի օգտագործումը Հիտլերի կողմից տեղի է ունեցել մեր ժամանակներում եւ մեր հիշողության մեջ անհիմն մնացել է որպես «ֆաշիզմի նշան»: Մեր ժայռերը հազարամյակներ զարդարված են եղել (ու դեռ են) այս գծաձեւերով, բայց մենք դա չենք տեսնում, իսկ դժգույն 7-8 տարիների կեղծիքը հիշում ենք, ու դեռ տգիտությունից տառապող մարդիկ ասում են «ֆաշիզմի նշան»: Կեռ խաչի դեպի աջ պտույտը խորհրդանշում է կյանք-մահ-կյանք… հավերժությունը, իսկ դեպի ձախ պտույտը՝ մահ-կյանք-մահ… հավերժությունը:
Հնգաթեւ աստղ
Հնգաթեւ աստղի գծաձեւը ցույց է տալիս՝ կանգնած մարդ ձեռքերը եւ ոտքերը տարածած վիճակում: Մարդու քայլքի ժամանակ, աջ ոտքի շարժումը համընկնում է ձախ ձեռքի շարժմանը, ձախ ոտքինը՝ աջ ձեռքի: Սա բնականոն գործողություն է, որ կառավարում է հնգաթեւ աստղի վերին գագաթը՝ գլուխը:
Բացի վերին գագաթից աջ եւ ձախ վերջույթները ցույց են տալիս մարդու էներգա հոսքերի ուղղությունները՝ (չշփոթել 7 էներգակենտրոնների՝ չակրաների հետ):
5-ը = մարդու 5-զգայարաններն են՝ լսողություն, տեսողություն, համի, հոտի, շոշափումի, (մյուս զգացողությունները պատկանում են հոգեւոր ոլորտին):
5-ը = մարդու ձեռքերի եւ ոտքերի մատների քանակն է:
5-ը = Երկիր մոլորակի 5 մարդաբնակ աշխարհամասերն են: Հնգաթեւ աստղի վերին գագաթը՝ գլուխը, տիեզերական նուրբ ալիքներ եւ էներգիա ընդունողն է: Հնգաթեւ աստղի գագաթից եթե անցկացնենք միջնագիծ, կստանանք մարդ արարածի ուղիղ երկու հատվածները՝ աջ եւ ձախ: Հնգաթեւ աստղի միջնակետը պորտն է:
Հնգաթեւ աստղը համամարդկային խորհրդանիշ է: Շատ ազգեր այս գծաձեւը կրում են իրենց ազգային դրոշների վրա:
Կարմիր հնգաթեւ աստղը դեռ կա մեր հիշողության մեջ, որպես «արյան աստղ», ինչը նույնպես սին տեսակետ է:
Կա նաեւ սեւ գույնի հնգաթեւ աստղ, որն օգտագործում են բացասական ուժերի կրողները՝ սատանիստները:

Հնգաթեւ աստղի միջնագիծ (հնգանկյուն)
Հնգաթեւ աստղի միջնագիծը՝ հնգանկյունն է: Այս միջնագիծը մարդ արարածի դիմագիծն է: Աչքերի, քթի, բերանի, ծնոտի, ականջների, կրծքամասի, ձեռքերի ափերի, եղունգների, ոտնաթաթերի եւ այլն: Մարդու արտաքին անատոմիական կառուցվածքի ամեն մի մաս այս ձեւի մեջ է:
Ամերիկյան ռազմակենտրոնի ճարտարապետական գծաձեւը այս ձեւի մեջ է:

Եռանկյունի
Եռանկյունին կրակի խորհրդանիշն է, որ ցույց է տալիս վերին կրակը՝ Արեգակը:
Եռանկյունին նաեւ՝ անցյալ, ներկա, ապագա / Հոգի, միտք, մարմին / Հայր, մայր, զավակ խորհրդանշան է:
Մարդ արարածի մեջ եղած երեք «ես»-երն են՝ մարդն ինքը ամբողջությամբ, աջ-դրական, ձախ-բացասական «ես»-երը:
Քրիստոնեական պատկերացմամբ՝ Հայր, որդի, սուրբ հոգի՝ երրորդություն է:
Եռանկյունու երեք գագաթները շաղկապված են միմյանց: Առանց մեկի մյուսները չեն լինի:
Գծաձեւից տեսնում ենք գագաթը վեր՝ ցույց է տալիս վերին կրակը: Գագաթը վար՝ ցույց է տալիս երկրի ընդերքի կրակը:

Վեց թեւանի աստղ
Այս աստղի գծաձեւը՝ 2 եռանկյունիների խաչաձեւ պատկերն է:
Արդեն նշել ենք, որ եռանկյունին կրակի խորհրդանիշն է: 2 եռանկյունիների խաչաձեւումից ստացվում է վեց թեւանի աստղ: Այս խորհրդանիշն էլ, ինչպես հինգթեւ աստղը, համամարդկային է: Այս աստղի գծապատկերը կրում է Իսրայելի դրոշը:
Այն պատկերված է նաեւ ԱՄՆ ոստիկանության կրծքանշանի վրա:

Վեց թեւանի աստղի միջնագիծը
Վեց թեւանի աստղի միջնագիծը 6-անկյունն է: Եռանկյունիները կրակի խորհրդանիշ են, նրանց խաչաձեւման գծապատկերից ստացված միջնագիծը համարվում է հրե-կրակի օղակ:
Մեղվափեթակում, մեղվընտանիքի հյուսած մոմե «բջիջները» այս գծաձեւն ունեն:

Յոթանկյուն
Այս գծապատկերը Երկրի՝ քառանկյունի խորհրդանիշի եւ կրակի՝ եռանկյան խաչաձեւ տեսքն է:
Սա խորհրդանշում է Երկրի եւ կրակի ներդաշնակություն:
Քառանկյունու անկյունագծերը հատելուց կստացվեն 4 եռանկյունիներ, որոնց գագաթները միացված են միմյանց, որն արտահայտում է էներգա կուտակման կենտրոն: Այս խորհրդանիշը բուրգի հատակագիծն է:

Ջրի խորհրդանիշ
Այս գծապատկերը 2 զուգահեռ ուղիղ գծերի խաչաձեւ տեսքն է, որն արտահայտում է ջրի խորհուրդը, միջնամասում ցույց է տրված Երկրի կողմնային ուղղությունները: Այս գծապատկերը հանդիպում է ջրային տարածքներ ունեցող երկրների դրոշների վրա:

Երկու եռանկյունիների հավերժության էներգակենտրոն
2 եռանկյունիների գագաթների միացման կետը համարվում է էներգակենտրոն: Այն անընդհատ շարժում է ու վերաբերվում է մարդու հոգեւոր ոլորտին: Կենսաէներգիան, եթե մի տեղ ավարտվում է նվազելով, հասնում է մի կետի, ապա կետից հետո ավելանում է՝ առաջացնելով էներգո հավերժ ընթացք: Այստեղ մահվան ու ծննդի գաղափարն է: Հորիզոնական ձեւի մեջ երկու տարածքներով իրար միացնող անընդհատ շարժումն է, որ բնորոշվում է անսահմանությամբ: Այն մարդ, բնություն, տիեզերք հավերժությունն է:

Արական սկիզբ
Այս գծաձեւը եռանկյունին է, եռանկյունու գագաթը հորիզոնական հարթության վրա: Արականի մոտ է առաջանում բնական էներգիան, որի շնորհիվ ձեւավորվում է գոյը:

Իգական սկիզբ
Կլորը ամբողջի խորհուրդն է: Իգականն էլ մի ամբողջություն է, որ իր մեջ ձեւավորում ու ծնում է գոյին:
Իհարկե, էլի խորհրդանիշեր կան, որոնք այստեղ բացակայում են:
Հայ ազգային գորգարվեստը, կարպետագործությունը, քարարվեստը եւ այլն կատարված են խորհրդանշային զարդանախշերով: Այն գալիս է վաղընջական ժամանակաշրջանից՝ ներամփոփված ազգային մտածողությամբ, ուստի ցանկալի է դարձնել ազգի սեփականությունը:

Արամ Ավետյան

Լուսանցք» թիվ 31 (117), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։