Հայաստանը` նոր ճամփաբաժանում

Թուրքիան Սիրիայի հետ մուտքի արտոնագրեր այլեւս չի կիրառելու, արդեն կա փոխհամաձայնություն: Այժմ էլ Անկարան պատրաստվում է Իրանի հետ մի կարեւոր տնտեսական նախաձեռնության: Մեկնարկել է թուրք-իրանական սահմանամերձ գոտում ազատ արդյունաբերական գոտի հիմնելուն միտված նախագիծը: Ծրագրի նպատակը ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանում եղած արդյունաբերական գոտիների նմանօրինակը ստեղծելն է:
Նախագծի ենթակառուցվածքային եւ տեխնոլոգիական կողմն ապահովելու է Թուրքիան, իսկ էներգակիրների մասով՝ Իրանը: Ծրագրվում է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությունն այդ նախագծին:

Թուրքիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգյունը հայտարարել է, որ նախագծի հետ կապված առաջարկն արել է իրանական կողմը դեռեւս անցյալ տարի: Թուրքիայում եւ Իրանում տեղի ունեցած ընտրությունների պատճառով այդ նախագիծը հետաձգվել էր:
Հոկտեմբերին Էրդողանը մեկնելու է Թեհրան, եւ այդ հարցը կրկին բերվել է օրակարգ:
Իրանի գիտությունների եւ կապի նախարար Մուհամմեդ Սուլեյմանը հունիսին Նիհաթ Էրգյունին այցելած ժամանակ վերահաստատել էր երկու երկրների միջեւ ազատ արդյունաբերական գոտի հիմնելու մասին առաջարկը: Էրգյունն էլ իր հերթին ընթացք էր տվել նախագծի տեխնիկական աշխատանքներին: «Այս նախագծի իրականացումով կկառուցվեն նոր ավտոճանապարհներ, օդանավակայաններ, երկաթուղիներ: Կաշխուժանա տարածաշրջանային առեւտուրը: Այդպիսով կձեւավորվի կարեւոր արդյունաբերական բազա՝ Մերձավոր արեւելքում: Հետագայում Նախիջեւանի միջոցով Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությամբ այն կվերածվի չորս պետությունների համատեղ արդյունաբերական գոտու»,- ասել է Թուրքիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգյունը:
Այսպես Թուրքիան փորձում է դառնալ տարածաշրջանի կարեւորագույն երկիրը: Երբ արդեն հաստատվեն հայ-թուրքական հարաբերությունները, ապա Անկարան ուղիղ ճանապարհով կանդամագրվի նաեւ եվրոպական համագործակցությունում, ինչը կկատարվի մեր «թեթեւ ձեռքով»… Հետո ուշ չլինի:

Անի Մարության

Թուրքերն արդեն իրենց օգուտներն են հաշվում
Թուրքական «Հուրիեթ» պարբերականը հրապարակել է դիտարկումներ այն մասին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ինչ ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսությունների վրա:
Պարզաբանումների համար օրաթերթը դիմել էր թուրք-հայ գործարար միության համանախագահ Քաան Սոյաքին (որին արդեն անդրադարձել ենք թերթում): «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը ներկայումս կազմում է շուրջ 150 մլն դոլար: Կարճ ժամանակահատվածում այդ ցուցանիշը կարող է կրկնապատկվել՝ հասնելով մինչեւ 300 մլն դոլարի: Իսկ առաջին 3 տարում առեւտրաշրջանառության ծավալները հակված են լինելու հասնել մինչեւ 1 մլրդ դոլարի»,- ասել է թուրք համանախագահը եւ ընդգծել, որ սահմանների բացումը կուղեկցվի առեւտրի աշխուժացմամբ ու դա կնպաստի երկրի արեւելյան շրջանների՝ մասնավորապես Կարսի զարգացմանը: Ք. Սոյաքը ակնկալում է, որ ամենարագ տնտեսական զարգացումն արձանագրվելու է զբոսաշրջության բնագավառում: «Վանի Ախթամար կղզին, Անիի ավերակները Կարսում եւ Հայաստանի սբ. Էջմիածինը կազմում են այն եռանկյունին, որը ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում, Լիբանանում եւ այլ երկրներում ապրող 7 մլն հայերի համար այցելության ամենացանկալի տեղն է: Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ այդպիսի երաշխիք տուրիզմի համար չկա»,- նշել է նա: Այո՜, հայության հաշվին հարստանալ են պատրաստվում:
Ուշադրություն է հրավիրվել նաեւ այն հանգամանքի վրա, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից ու սահմանի բացումից հետո կվերագործարկվի Կարս-Գյումրի երկաթգիծը, որն ի զորու կլինի փոփոխություն մտցնել Միջին Ասիայի երկրների, Ռուսաստանի եւ Արեւմուտքի համակարգերում: «Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացումը, տնտեսապես շահավետ լինելուց զատ, կդառնա նաեւ Աֆղանստանի հետ կապող ամենահուսալի ճանապարհներից մեկը»,- ընդգծում է Ք. Սոյաքը, իսկ հեռահար մտածել է կապվել Միջին Ասիայի եւ Չինաստանի թյուրքական տարրի հետ… Այսինքն՝ թուրքերի ասած «անիծյալ սեպը»՝ Հայաստանը, ակամա նպաստելու է պանթուրքիզմի ծավալմանը մինչեւ «ամենաարեւելք»…
Վերջինիս կարծիքով՝ 2 երկրների հարաբերությունների բնականոնացումն ունի նաեւ էներգետիկ նշանակության կարեւորություն: «Առաջիկա 50 տարում, երբ էներգետիկ քարտեզներ են ձեւավորվում, Թուրքիայի մերձեցումը Հայաստանի հետ խիստ կարեւոր է: Այդ մերձեցումն էներգետիկ հարցերի շուրջ ձեռք բերվող համաձայնությունների համար Կովկասում կառաջարկի առավել վստահելի, այլընտրանքային տարանցիկ ճանապարհներ»:

Արտակ Հայոցյան

Արցախը Ադրբեջանի մաս չէ
Ըստ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի՝ «Ադրբեջանի ղարաբաղյան քաղաքականությունը սպասելի որեւէ արդյունք չտվեց»: «Նովոստի Ադրբեջան» գործակալության հաղորդմամբ, քաղաքագետը Բաքվում նման հայտարարություն է արել: Նրա խոսքերով` արցախյան հակամարտությունը չի կարող ընթանալ Կոսովոյի կամ Թայվանի օրինակով, քանի որ «բոլոր հակամարտությունները տարբեր են: Կոսովոն գնալով ավելի է անջատվում Սերբիայից եւ դառնում է անկախ պետություն, քանի որ դա ձեռնտու է Սերբիային, որը միայն այդ դեպքում կարող է մտնել Եվրամիություն: Իսկ ԵՄ անդամությունը սերբերի համար ավելի կարեւոր է, քան նոր պատերազմը Կոսովոյում: Թայվանն ընդհակառակը՝ կլանվում է Չինաստանի կողմից: Տարեցտարի ավելանում է այն երկրների թիվը, որոնք կղզին ճանաչում են մայրցամաքային Չինաստանի մաս, միեւնույն ժամանակ Թայվանում իշխանության են եկել պրոչինական ուժերը»: Ապա անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` ադրբեջանցին նկատել է, թե «աշխարհը պայմաններ է ստեղծում Ադրբեջանից այդ տարածքի անջատման համար»:
«Եթե Բաքուն հետագայում եւս որեւէ գործնական քայլ չանի Լեռնային Ղարաբաղը սեփական իրավասության տակ վերադարձնելու համար, Ադրբեջանը վերջնականապես կկորցնի Ղարաբաղը», – հայտարարել է նա ու նշել, որ Ադրբեջանի նախորդ բոլոր քայլերը՝ ՄԱԿ-ի բանաձեւեր, բանակցություններ եւ այլն, Ադրբեջանին որեւէ օգուտ չեն բերել: «Ընդհակառակը՝ Սերժ Սարգսյանի գործողությունները սեպ խրեցին Բաքվի ու Անկարայի միջեւ»:
Զ. Ալիզադեն նշել է նաեւ Ադրբեջանի անհաջողությունների աղբյուրը. «Արտաքին քաղաքական գործողությունները պետք է հիմնվեն ճիշտ ներքին քաղաքականության վրա: Իսկ հենց դա ես ոչ մի կերպ չեմ նկատում»,-հավանաբար նկատի ունենալով Ադրբեջանի «ձեռքբերումները» ժողովրդավարության կառուցման, խոսքի ազատության մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ուրիշ բնագավառներում:

Նարե Մշեցյան

Բաքուն դիրքերում է
Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացի ժամանակ Ադրբեջանում շարունակվում են պաշտոնական Անկարայի հասցեին հնչող մեղադրական ու քննադատական հայտարարությունները: Գերիշխող է այն կարծիքը, որ եթե Թուրքիան համաձայնի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, կնշանակի թուրքերը դավաճանել են Ադրբեջանին:
Այս առնչությամբ Բաքվում հերթական հայտարարությունն է հնչել. «Վեստի.ազ» կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, «Միասնական Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Հուդրաթ Հասանգուլիեւը, սուր քննադատության ենթարկելով Թուրքիայի իշխանություններին, մասնավորապես ասել է, թե մինչեւ «Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը Թուրքիայի կողմից սահմանի բացումը կհիասթափեցնի ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ադրբեջանի ժողովրդին»: «Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը Թուրքիայի կառավարության ղեկավարն է, ես նրան՝ որպես քաղաքական գործչի, չեմ վստահում: Դրա համար էլ նրա ելույթի ժամանակ չմասնակցեցի խորհրդարանի նիստին: Ես դեռ այն ժամանակ հայտարարեցի, որ նրան չեմ հավատում: Ժամանակը ցույց տվեց, որ Էրդողանը խաբեց», – ասել է Միլի մեջլիսի անդամն ու հորդորել ադրբեջանցիներին՝ կոչ անել թուրք եղբայրներին խոչընդոտել գործընթացի ծավալմանը. «Մենք իրավունք չունենք թույլ տալ նման արձանագրությունների ստորագրում, եւ մենք ամեն կերպ պիտի խոչընդոտենք դրան: Այդ արձանագրության ստորագրումը ադրբեջանցի թյուրքերի հանդեպ հանցագործություն է, դավաճանություն»: «Ի՞նչ կանեին մեր եղբայր թուրքերը, եթե մենք համագործակցության պայմանագիր ստորագրեինք Քրդական բանվորական կուսակցության հետ»: Այսպիսի տեսակետներ հնչում են պարբերաբար եւ գրեթե բոլոր ուժերի կողմից:

Վահագն Նանյան

Լուսանցք» թիվ  33 (119),  2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.