Ո՛չ հայ-թուրքական «եղբայրության»-ը

Մի՛ դարձիր խամաճիկ
Սեպտեմբերի 30-ին «Միացում» նախաձեռնությունը ԳԱԱ շենքի դիմաց կազմակերպել էր բողոքի հավաք՝ ընդդիմանալու «հայ-թուրքական» արձանագրությունների հետ կապված ակադեմիկոսների դրական վերաբերմունքին: Ոստիկանությունը թույլ չտվեց ցուցարարներին մոտենալ շենքին, եւ նրանք ստիպված ցույցն անցկացրեցին հանդիպակաց մայթում: Բողոքավորները վանկարակում էին` «Ամո՛թ  մտավորականներին», «Հող հանձնողը՝ դավաճան» եւ «Չարչիներ, հեռացե՛ք»: Կար նաեւ մի պաստառ, որի վրա գրված էր. «Ակադեմիկոս, մի՛ դարձիր խամաճիկ»:
Պատասխանելով «Լուսանցք»-ի թղթակցի այն դիտարկմանը, թե որոշ ուժեր, որոնք ընդդիմանում են «հայ-թուրքական» արձանագրություններին, պատրաստ են այն ստորագրել մասնակի փոփոխություններով, «Միացում» նախաձեռնության հիմնադիր անդամներից, ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ Ալեք Ենիքոմուշյանն ասաց. «Նախաձեռնությունում հատուկ չի քննարկվել այդ հարցը, սակայն ինքը դեմ է առանց նախապայմանի որեւէ արձանագրության, եւ անշուշտ նախապայման առաջադրողը պետք է լինի հայկական կողմը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ մեր երկիրը պատրաստ չէ ոչ մի համաձայնության պայմանագիր ստորագրելու»:  

Րաֆֆի Բաբակյան


Հայկական գործոնը ջլատվեց
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ ընթացող քննարկումներին՝ ԳՀԽ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ իրենք ողջունում են «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական կապերի հաստատման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ի խնդիր տարածաշրջանում անվտանգության ապահովման, խաղաղության պահպանման եւ համագործակցության զարգացման»:
Նման հարմարվողական եւ համաձայնություն ցուցաբերող վերաբերմունք են դրսեւորել նաեւ իշխանությունների քայլերի մշտապես ջատագով ՀՀ ԳԱԱ-ն եւ Հանրային խորհուրդը:
Այսպես, պետական վերնախավին մոտ հոգեւորականները, գիտնականները եւ հանրային (նաեւ՝ քաղաքական) գործիչները համաձայն են առանց նախապայմանների (բայց արձանագրություններում Թուրքիայի բոլոր նախապայմանները ներառած) փաստաթղթի ստորագրմանը:
Գրեթե այսպես են մտածում նաեւ օրնիբուն հանրահավաք անող «արմատական» ընդդիմության պատասխանատու ներկայացուցիչները:
Հայ-թուրքական հորջորջվող հարաբերություններին շարունակում են դեմ լինել Հայ Արիական միաբանությունը, ՀՅԴ-ն, Հայ ազգայնականների համախմբումը, Հայ կամավորականները, «Միացում» ազգային նախաձեռնությունը եւ այլք:
Շուտով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կփորձի այս հարցով «մասնատել» նաեւ սփյուռքը՝ իր առաջիկա այցելությունների ընթացքում:
Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, կստորագրվեն հայ-թուրքական կոչվող արձանագրությունները, թե ոչ, հայերը Հայաստանում եւ սփյուռքում մասնատվեցին ու ջլատվեց հայկական գործոնի ուժը: Այսպես թե այնպես, թուրքն իր գործն արեց…

Հայկ Թորգոմյան

Արեւմուտքը պարտադրում է… ու նաեւ սադրելու է
Հանրահայտ մասոնական Ջորջ Սորոսը, նաեւ՝ նրա կողմից ֆինանսավորվող եվրոպական ուսանողների միությունը աշխուժացել են վերջերս: Արդեն հավաքներ են կազմակերպել Երեւանում: Սրանք աշխուժացել են այնժամ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր թուրք գործընկերոջը հրավիրեց Երեւան եւ սկիզբ դրեց 2 երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Այդ ժամանակ, երբ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր քաղաքացիներին, ովքեր, ի դեպ, շատ էին ցանկանում ժամանել Հայաստան ու հետեւել իրենց թիմի խաղին, սորոսականները խորհուրդ էին տալիս, ելնելով անվտանգության նկատառումներից, չմեկնել Երեւան: Գրեթե նույնն էր անում նաեւ եվրոպական ուսանողների միությունը: Չնայած ՀՀ կառավարությունը հայտարարել էր անվտանգության երաշխիքների տրամադրման մասին եւ գործնական քայլեր էր կատարել՝ հյուրերին ընդունելու համար, թուրքերն ու սորոսականները իրենց «քաղաքական» հորդորներով համոզում էին թուրք ֆուտբոլասերներին, որ Հայաստանն անվտանգ երկիր չէ: Իսկ, ի՞նչ է, Թուրքիան ավելի անվտա՞նգ երկիր է: Հայաստան-Թուրքիա խաղը Երեւանում տեղի ունեցավ առանց որեւէ բարդության, մինչդեռ Թուրքիա-Հայաստան խաղը պետք է տեղի ունենար Կայսերիի նորակառույց մարզադաշտում, սակայն այդ քաղաքի բնակիչները հանդես եկան դրա դեմ, ինչն այնքան անհանգստացրեց թուրքական ֆեդերացիայի ղեկավարությանը, որ անվտանգության մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում որոշվեց հանդիպումը տեղափոխել Բուրսա: Պարզ դարձավ, որ նույն այդ կառույցներն ի վիճակի չեն ապահովել հայ ֆուտբոլասերների անվտանգութ
յունը Կայսերի քաղաքում: Եվ դեռ հարց է` թուրքական կողմը որքանով է պատրաստ ապահովել հայկական պատվիրակության եւ ֆուտբոլասերների անվտանգությունը Բուրսայում: Իսկ սորոսականները այս առումով լռում են:

Հայ-թուրքական հարաբերություն կոչվածը մշտապես սրելու է երկու երկրների հարաբերությունները, քանզի երկու ժողովուրդներն էլ պատրաստ չեն հարաբերվելու ո՛չ հոգեբանորեն, ո՛չ էլ այլ առումներով: Եվ պետական նախաձեռնությունները միայն ջլատելու են եւ վտանգների մեջ են ներքաշելու հասարակ մարդկանց:

Արման Դավթյան

Թուրքիան եվրոպական երկիր չէ՛
«Սաբահ» օրաթերթը հրապարակել է մի տեղեկություն այն մասին, որն ուղղված է Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու դեմ: Պարբերականի տեղեկացմամբ՝ «Ավստրիայի ազատություն» (FPO) կուսակցությունը Եվրամիությանը կոչ է արել դադարեցնել եվրաանդամակցության բանակցությունները Թուրքիայի հետ:
Կուսակցության ազդեցիկ գործիչներից մեկը հայտարարել է. «Թուրքիան Եվրոպային համապատասխանող երկիր չէ ու չի էլ լինի: Շուրջ 40 հազար քաղաքացի արդեն ստորագրել է մեր պատրաստած այն հայտարարության տակ, որը վերաբերում է Թուրքիայի անդամակցության շուրջ ընթացող բանակցությունների դադարեցմանը»:
Իսկ հիշյալ կուսակցության ղեկավար Հանս Քրիստիան Սթրեյչը հրապարակավ հայտնել է, որ իրենզ կազմակերպությունը Եվրախորհրդարան է ներկայացնելու երկու առանձին գրավոր հայտարարություն՝ խնդրո առարկայի վերաբերյալ:

Արտակ Հայոցյան

* * *
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 1-ին ժամանել են Երեւան: Այս մասին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մերձակայքում ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի կողմից կանցկացվող սահմանագծի հերթական դիտարկման ժամանակ ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Համանախագահները մեկնելու են նաեւ Ստեփանակերտ եւ Բաքու:
Կասպրչիկը նշել է, որ համանախագահների այցի նպատակն է նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը:

  Լուսանցք» թիվ  33 (119),  2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.