Բրիտանական պարբերականի տվյալներով, նախագահի հարազատները իսլամ են ընդունել եւ փոխել իրենց ազգանունը: Պարբերականի պնդմամբ, Իրանի նախագահի ծնողները 1950-ականներին տեղափոխվել են Թեհրան, որտեղ իսլամ են ընդունել եւ փոխել ազգանունը: Մ. Ահմադինեջադն իր հերթին երբեք չի ժխտել իր ընտանիքի տեղափոխման փաստը, սակայն երբեք չի նշել կրոնը փոփոխելու իրողությունը: Մ. Ահմադինեջադի ծագման եւ նրա կրոնական նախասիրությունների վերաբերյալ միշտ էլ ամենատարբեր կարծիքներ են հնչեցվել: Օր.՝ նախկինում նշվում էր, թե նա զրադաշտականության կրող է եւ մինչ օրս շարունակում է հավատարիմ մնալ իր կրոնական մոտեցումներին:
Արաբական եւ իրանական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ալի Նուրիզադեն կարծիք է հայտնել, որ նոր տվյալները բացատրում են Մ. Ահմադինեջադի վարքագիծը Իսրայելի եւ ընդհանրապես հրեաների նկատմամբ. շատ ընտանիքներ, ովքեր փոխել են իրենց կրոնը, ատելությամբ են լցված հրեաների նկատմամբ:
(Տարօրինակ տեսություն է, ժամանակին էլ Ադոլֆ Հիտլերի հրեական արմատներն էին վկայակոչվում` նացիստների հակահրեականության պարզաբանման համար, այնինչ բազում հակահրեաներ (իրականում` հակասիոնիստներ) կան, համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ են, ովքեր որեւէ կապ չունեն հրեական արմատների հետ):
Եվ ամենահետաքրքրականն այն է, որ իբր ազգությամբ լինելով հրեա, Մ. Ահմադինեջադն աչքի է ընկնում Իսրայելի հանդեպ երբեմն անգամ իրանական հոգեւորականության տեսանկյունից անհարկի սուր քննադատությամբ: Նշեցինք, որ հոգեբաններն Ահմադինեջադի այսօրինակ խիստ վերաբերմունքը մեկնաբանում են այն իրողությամբ, որ նա իր հրեատյացության անձնական դրդապատճառներն ունի եւ դա իր էթնիկ ծագման հանգամանքով պայմանավորված «ծագման մեղավորության» բարդույթի արդյունք է:
«Հրեական արմատների» տեսակետը պնդողները նկատել են, որ Իրանի նախագահի մանկական ազգանվան «ջան» վերջավորությունն ապացուցում է, որ ընտանիքում պահպանվել են հրեական ավանդույթներ:
Լոնդոնում Իսրայելի դեսպանության ներկայացուցիչ Ռոն Գիդոռը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը:
Կարծում ենք` իրանական կողմը չի լռի եւ կպատասխանի հերթական հրապարակային հարցադրմանը: Ի դեպ, Մ. Ահմադինեջադը, կանխազգալով իր անվան շուրջ այսօրինակ զարգացումների հնարավոր վտանգը, իր ելույթներից մեկում շեշտել է, որ արեւմտյան զլմ-ների հիմնական նպատակը քաղաքական քարոզն է, որն արտացոլում է արեւմտյան սցենարիստների շահերը:
Արման Դավթյան
Լոնդոնը հրեաների դե՞մ
Իսրայելի փոխվարչապետ եւ ռազմավարական պլանավորման նախարար Մոշե Յաալոնը չեղյալ է հայտարարել իր այցը Մեծ Բրիտանիա: Ըստ BBC-ի, Մ. Յաալոնը Լոնդոն պետք է մեկներ նոյեմբերին` Հրեական ազգային հիմնադրամի հրավերով, որպեսզի մասնակցեր իսրայելցի զինվորների օգտին կազմակերպվող հանգանակությանը:
Սակայն, նա պաղեստինցիների կողմից համարվում է 2002թ. Պաղեստինի Գազայի հատվածում Սալահ Շհադեի սպանության պատասխանատուներից: Իսկ այդ դեպքի ժամանակ զոհվել են 14 խաղաղ բնակիչներ, որոնցից 8-ը` երեխաներ: 2006թ. Մ. Յաալոնը (նախկինում Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ) քիչ էր մնում այս հարցով ձերբակալվեր Նոր Զելանդիայում, ինչն էլ անհանգստացրել է նրան:
Վերջերս Լոնդոնում էր Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը: Պաղեստինցիները փորձեցին դատական կարգով ձերբակալել նրան` «Հալված կապար» գործողության համար,
սակայն հայցը մերժվեց: Իսկ Մ. Յաալոնի խորհրդականները վստահ չեն, որ դիվանագիտական անձեռնմխելիություն չունեցող փոխվարչապետը չի ձերբակալվի:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 34 (120), 2009թ.



