Դիմումն ավարտվում է ափսոսանքով, որ դժբախտաբար, ՀՀ անկախացումից մինչ այսօր չկարողացանք օգտագործել մեզ ընձեռված հնարավորությունը եւ բավականին մեծ ժամանակահատվածը՝ ազգային ու պետական հաստատությունները կայացնելու համար: «Եթե այդ հաստատությունները կայացած լինեին եւ ծառայեին իրենց նպատակին, ապա այսօր չէին ծնվի նման փաստաթղթեր: Միակ հաստատությունը, որն ի զորու է վիժեցնել այս դավաճանական ընթացքը, եւ անցնցում կանխել այն, դա ստեփանակերտյան անառիկ բերդն է: Ձեզ այսօր կրկին անգամ վերապահված է պատմական առաքելություն. լինել առաջամարտիկը հայության կենսական շահերի պաշտպանության գործում»:
Վահագն Նանյան
Ժողովուրդը գիտակցում է: Դեռ…
Արցախյան պատերազմի վետերանների «Երկրապահ» միությունը մի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Իշխանությունները պարտավոր են մշակել եւ կիրառել երկրի անվտանգությունն ապահովելու, արտաքին ազդեցությունները վերահսկելու, կամայականությունները կանխարգելելու այնպիսի համակարգ, որ նվազագույնի հասցնի սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը, ապահովի քաղաքացու արժանապատիվ կյանքը եւ քաղաքացու անվտանգությունը: Մինչդեռ մեզանում ամրագրված հասարակական-քաղաքական հարաբերությունների տրամաբանությունը արմատապես հակառակն է ապացուցում»:
Երկրապահները կարծում են, որ իշխանությունների գործունեությունը վերահսկող քաղաքական կուսակցությունները, հատկապես նրանք, որոնց ծրագրային դրույթները խարսխված են ազգային գաղափարախոսության հենքի վրա (ՀՀԿ, ԲՀԿ եւ…), բնականորեն պետք է ցույց տային համապատասխան արձագանք առկա վտանգներին, բայց նրանք վարում են մեղմ ասած «ջայլամի քաղաքականություն»: Արցախյան ազատամարտի հաղթանակը եւ ձեռքբերումները իրականություն են դարձել ազատամարտիկների եւ նրանց նման հայորդիների կյանքի ու արյան գնով:
«Ո՛չ նախագահին եւ ո՛չ էլ նրա ձեռնասուն ուժերին իրավունք չի տրված արժեզրկելու կամ առուծախի առարկա դարձնելու արյունով, ցավոտ կորուստներով ձեռք բերված հաղթանակները, ազգային արժեքները, մեր ազգի չամոքվող վերքը՝ ցեղասպանությունը եւ հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը: Ժողովրդի, առայժմ, զանգվածորեն չընդվզելը խոսում է նրա բարձր գիտակցության մասին: Նա հասկանում է, որ երկիրն իր համար վտանգավոր եւ կարեւորագույն որոշման փուլի մեջ է, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը կհանդուրժի վտանգել իր անվտանգությունը եւ վիրավորել իր արժանապատվությունը»:
Ուստի երկրապահները պահանջում ու հորդորում են հայրենի իշխանություններին՝ չստեղծելու այնպիսի իրավիճակ, որ այս անգամ ժողովուրդն ընդվզի: Հայտարարում են թե՛ հայրենի եւ թե՛ սփյուռքի հայրենակիցներին, որ իրենք դեմ ենք նախաստորագրված փաստաթղթերին եւ սատարելու են ժողովրդի ընդվզմանը:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 34 (120), 2009թ.



