Թուրքերը մեր հաշվի՞ն են վստահ

Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի կայքէջը, հղում անելով ամերիկյան «Wall Street Journal» պարբերականին, հրապարակել է Թուրքիայի վարչապետի՝ Էրդողանի զրույցը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցչի հետ:
Նշվում է, որ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիա-ԱՄՀ տարաձայնություններն արդեն հարթվել են եւ հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՀ-ի հետ համատեղ նոր ծրագիր կկազմվի:
Թուրքիայի վարչապետը խոսել է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների մասին. «Էրդողանը վստահաբար նշել է, որ Հայաստանի իշխանությունները երկու երկրների միջեւ սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները կստորագրեն առանց դրանց տեքստը փոփոխելու»:

Հետաքրքիր է՝ որտեղից է Թուրքիայի վարչապետին այսքան վստահություն, որ ՀՀ նախագահը ստորագրելու է հայ-թուրքական արձանագրությունները:
Գուցե նա մի բան գիտի՞, ինչ չգիտենք մենք՝ հայերս՝ Հայաստանում եւ սփյուռքում: Եթե այդպես է, ապա արդյո՞ք ցուցադրական էին այս հարցում Սերժ Սարգսյանի ներքին եւ արտաքին հանդիպումները հայության տարբեր հատվածների հետ, թե՞ Թուրքիան եւ Հայաստանը վաղուց պարտադրված են դա ստորագրելու, եւ այս ամենը խաղ է «միջազգային հանրության» (իրականում՝ գերուժերի) համար…
Իսկ գուցե ՀՀ նախագահը չստորագրի՞ հայ-թուրքական հորջորջվող արձանագրությունները եւ Թուրքիայի վարչապետին «շախմատային դիվանագիտությամբ» մա՞տ հայտարարի:
Դժվար իրագործելի, բայց ցանկալի «տեսություն» է, ինչը դաս կլինի մեր բոլոր հարեւանների համար:

Անի Մարության

Թուրքիան արդեն անվտա՞նգ է
Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ներկա գործընթացում ԱԱԽ-ն Հայաստանի Ազգային անվտանգության տեսանկյունից առարկայական վտանգ չի տեսնում: Այս հարցը ՀՀ ԱԱԽ-ում քննարկվել է, բայց որեւէ փաստաթուղթ չի ընդունվել կամ հայեցակարգ մշակվել: Այս մասին ասել է ԱԱԽ-ի քարտուղար, Արթուր Բաղդասարյանի խորհրդական Ռաֆիկ Մխիթարյանը՝ պարզաբանելով, որ նախատեսվող հարաբերությունների հաստատման գործընթացը ՀՀ ազգային անվտանգության համար առարկայական վտանգ չի ներկայացնում:
«Բարեկամ լինել չենք կարող, բայց բարիդրացիական հարաբերություններ կարող ենք հաստատել,- ասել է Ռ. Մխիթարյանը,- մենք պարտավոր ենք գնալ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհով, որովհետեւ մենք դատապարտված ենք ապրել այն տարածաշրջանում, որտեղ ապրում ենք, եւ թշնամանքի ու պատերազմական հնարավոր վիճակի պայմաններում ապրելը մեր սերունդներին միայն ատելություն, թույն եւ թշնամանք փոխանցելը չի՛ բխում հայ ժողովրդի ազգային շահերից»: Հետո «ղարաբաղյան թնջուկը դուրս է մնացել այս հարաբերությունների կոնտեքստից, բայց պետք է լինել խիստ չափավոր, խիստ զգուշավոր»:
ԱԱԽ-ում կարծում են, որ մեծ զգուշավորություն եւ քաղաքական շրջահայացություն պահանջող գործընթաց է ընթանում, որովհետեւ մենք սովորական հարեւանի, երկրի հետ չենք հարաբերություններ հաստատում, այլ մի երկրի հետ, որը կրում է անցյալի ահավոր ծանր, սարսափելի բեռ, որից չի ուզում ձերբազատվել, իր պատմությունը սթափ եւ իրատեսական գնահատել:
Երբ մշակվում էր ազգային անվտանգության հայեցակարգը, այդպես էլ ակնհայտ թշնամուն այնտեղ ամրագրելու, նրա հետ հարաբերվելու հարցերը չներառվեցին, որպեսզի թշնամական եւ բարեկամական երկրների հետ համապատասխան հարաբերություններ հիմնվեն: Իսկ Թուրքիան իր անվտանգության հայեցակարգում վաղուց Հունաստանին ու Հայաստանին թշնամի երկրներ է արձանագրել…

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ  34 (120),  2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.