Ֆուտբոլային դիվանագիտությունը չի խուսափելու հայ-թուրքական բախումներից

Ֆուտբոլի ազգային եւ երիտասարդական հավաքականներն իրենց հերթական խաղերն անցկացրին Թուրքիայի հավաքականների հետ: Մինչեւ 21 տարեկանների մեր թիմը Էսկիշեհիր քաղաքում մրցեց Թուրքիայի հասակակիցների հետ եւ համառ պայքարում, ավելացրած ժամանակահատվածում բաց թողած գոլից հետո զիջեց 0:1 հաշվով: Այստեղ մարզասերները փորձել են բարձրացնել ադրբեջանական դրոշներ, ինչին խոչընդոտել են ոստիկանները:
ՀՀ պատվիրակության կազմում Թուրքիա էին ժամանել 12 հայ լրագրողներ, 92 լրագրողներ էին հավատարմագրվել Գերմանիայից, Ֆրանսիայից, Դանիայից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Իտալիայից եւ շատ այլ երկրներից: Իսկ թուրքական զլմ-ներից հանդիպումը լուսաբանում էին մոտ 200 լրագրողներ: Բուրսայի հյուրանոցներում, ըստ «Ջումհուրիեթ»-ի տեղեկատվության, արդեն անցյալ շաբաթվա վերջին տեղերն զբաղեցված էին: Հյուրերի թվում նաեւ շատ հայեր էին՝ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր եկել էին դիտելու ֆուտբոլային հանդիպումը Բուրսա քաղաքում:


Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների խաղը կորցրել էր իր մարզական նշանակությունը, քանզի երկու թիմերն էլ զրկվել էին աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից, եւ խաղն ավելի շատ քաղաքական ենթատեքստ էր ձեռք բերել, կարեւորվում էր դիվանագիտական առումով: Ուստի՝ շատերը կարծում էին, թե հավանական է, որ  Թուրքիա-Հայաստան խաղում հաղթեն հայ ֆուտբոլիստները, հնչել էին նաեւ հակառակ կարծիքներ, նաեւ՝ որ խաղն ավարտվելու է 3:0 հաշվով` հօգուտ Թուրքիայի:
Այս երկրի հավաքականը նախորդ խաղում պարտվել էր Բելգիային՝ 0:2, իսկ Հայաստանի հավաքականը՝ 1:2 հաշվով պարտվել էր Իսպանիայի հավաքականին:
Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա 4-րդն է ՀՀ նախագահների մակարդակով: 2 անգամ Թուրքիա է այցելել Լեւոն Տեր-Պետրոսյանը, 1 անգամ՝ Ռոբերտ Քոչարյանը:
Թուրք եւ ադրբեջանցի ուսանողները Բուրսայում ՀՀ նախագահին դիմավորել են բողոքի լուռ ցույցերով: Այս մասին հայտնել են թուրքական զլմ-ները: «Մենք հարգում ենք թուրքական իշխանությունների որոշումը՝ կանխել ամեն տեսակի սադրանք եւ իրարանցում, սակայն լռել չենք կարող: Ուստի` որոշել ենք բողոքի լուռ ցույցեր կազմակերպել Բուրսայում եւ ինտերնետում»,- ասել են կազմակերպիչները: Ֆուտբոլային խաղի ընթացում բողոքի ակցիաներ կազմակերպելու մտադրության մասին նախապես հայտարարել էր նաեւ Թուրքիայի հանրային աշխատողների աշխատավորական միությունը, որն ընդդեմ Սերժ Սարգսյանի այցի ստորագրահավաք էր կազմակերպել:
Խաղի ժամանակ անվտանգությունը եղել է բարձր մակարդակի: «Բուրսան այն վայրն է, ուր հիմնականում հավաքված են հարավարեւելյան եւ արեւելյան Անատոլիայից, ինչպես նաեւ սեւծովյան տարածաշրջանից եկած միգրանտները: Ոչ մի լուրջ միջադեպ չի լինի նման կոսմոպոլիտ քաղաքում, ուր տիրում է ներդաշնակության եւ խաղաղության մթնոլորտ»,- ասել էին պատասխանատուները: Արգելված էր ամեն տեսակի մետաղական իրերի մուտքը մարզադաշտ, այդ նպատակով տեղադրվել էին հատուկ մետաղորսիչներ, արգելվել էին նաեւ ցուցապաստառներ, թղթեր, մարկերներ եւ գրիչներ տանելը, որպեսզի երկրպագուները սադրիչ եւ անվայել մակագրություններ չգրեն: Հնարավոր չէր ներս տանել նաեւ պլաստիկ շշերով ջուր: Խաղի ընթացում Աթաթուրքի անվան մարզադաշտի շուրջն ու ներսը հսկել են անվտանգության 2500 աշխատակից, որոնցից 800-ը՝ ոստիկաններ, 700-ը՝ հատուկ ջոկատայիններ: Մարզադաշտի բոլոր սենյակներում, նույնիսկ ձեղնահարկում եղել են ոստիկաններ, նրանցից միայն 300-ը հսկել է խաղահրապարակը:
Խաղին ներկա էր 30 հազար հանդիսատես, այնքան՝ որքան տեղ կար մարզադաշտում: Որպեսզի խաղի ընթացքում ադրբեջանական դրոշի հետ կապված լարվածություն չստեղծվի… FIFA-ն նախապես դեմ էր, որ Բուրսայի մարզադաշտում հայկական եւ թուրքական դրոշներից բացի լինեն այլ երկրի դրոշներ, հատկապես՝ ադրբեջանական: Բուրսայի նահանգապետն ավելի վաղ ասել էր, թե արգելվելու է ստադիոնում Ադրբեջանի դրոշը ծածանել, չնայած այդ քաղաքում 20 դոլարով Ադրբեջանի դրոշներ էին վաճառվում:
Մինչեւ խաղը Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանը խոստացել էր ՀՀ նախագահին ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականին ցույց տալ, թե ինչ է իսկական թուրքական հյուրասիրությունը, սակայն հայերի ավտոբուսները ճանապարհին քարկոծվել են որոշ երկրպագուների կողմից:
ՀՀ ֆուտբոլային պատվիրակությունը Բուրսայի մարզադաշտ ժամանեց խաղից 2 ժամ առաջ, լրագրողների հավատարմագրման հետ կապված որոշ խնդիրներ կային, սակայն դրանք արագ լուծվեցին:
Չնայած տեղի իշխանությունների հրահագներին, այդուհանդերձ, դրանց բանավոր բնույթը ոչ մեկին ոչինչ չի պարտավորեցրել, ինչն ազատություն է տվել առավել ագրեսիվ տրամադրված երկրպագուներին: Ոմանք ադրբեջանական դրոշներով վազվում էին մարզադաշտի շուրջբոլորը՝ հնչեցնելով տարբեր վիրավորական կոչեր:
«Ագոս» թերթի հայկական էջերի պատաս
խանատու Բագրատ Էստուկյանը կարծում է, որ թուրք հասարակությունը պատրաստ է հայերի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց պայմանով, եթե «անմիջապես խոսակցությունը չսկսվի մեկը մյուսից հաշիվ պահանջելուց»: Ըստ նրա՝  հասարակությունը դեռ պատրաստ չէ բացեիբաց խոսելու Հայոց ցեղասպանության մասին, եւ խոսակցություններն առայժմ կարող են խոչընդոտել երկկողմ հարաբերությունների բարելավմանը (զարմանալի դատողություն հայի համար…): Չնայած ՀՀ առեւտրականները արդյունավետ լեզու են գտնում իրենց թուրք գործընկերների հետ, Բ. Էստուկյանը կարծում է, որ առեւտրային այդ փոխհարաբերությունը կարող է ձախողել, եթե հանկարծ խոսակցությունը սկսի ծավալվել մի պարզ հարցի շուրջ՝ որտեղի՞ց են քո պապերը… այս դեպքում դժվար թե որեւէ հարաբերություն զարգանա:

Երբ մարզադաշտում հնչեցին Հայաստանի եւ Թուրքիայի հիմները՝ թուրքերը իրենց վարչապետի «հյուրասիրության» կանոններից ելնելով՝ սուլեցին, երբ հնչեց Հայաստանի հիմնը: Մարզադաշտում միայն սուլոցներ էին ու աղմուկ, հայ ֆուտբոլասերների ձայնը չէր էլ լսվում: Հիմնականում հայ լրագրողներն էին գոռում-գոչում Հայաստան ու ծածանում մեր դրոշը, ինչը թուրքերի (նույնիսկ անվտանգության աշխատակիցների) դուրը չէր գալիս… Անգամ նկատողություն արեցին:
Խաղի ընթացքում ասուլիս էին հրավիրել երկու երկրների ԱԳ նախարարները: Հայկական պաշտոնական պատվիրակության հետ եկած լրագրողները լքեցին մարզադաշտը եւ գնացին ասուլիսի, մեր թիմն արդեն պարտվում էր: Հայ երկրպագուների թիվը լրագրողների գնալուց հետո ավելի նվազեց: Իսկ լրագրողները հիմնական ոգեւորողներն էին հայ ֆուտբոլիստներին: Կրկնենք, որ դրա համար նրանք անգամ նկատողություն ստացան, քանի որ, ըստ մարզադաշտի անվտանգության ծառայության աշխատակիցների, լրագրողների համար նախատեսված տեղերում արգելված էր դրոշ ծածանել: Հայ լրագրողներն էլ, ի պատասխան այս նկատողության, մատնացույց արեցին տրիբունաներից ժամանակ առ ժամանակ ծածանվող ադրբեջանական դրոշները, ինչն արգելված էր:
Ի դեպ, տեղի լրագրողներից մեկը նկատել է տվել, որ հենց խաղի պահին ասուլիս հրավիրվեց, որպեսզի հայ լրագրողները հեռանան ու չծածանեն ՀՀ դրոշն ու չվանկարկեն՝ Հայաստան:
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը փորձեց բացատրել, որ Բուրսայում 21000 ադրբեջանցի է բնակվում (այս թվին թուրք լրագրողներն այնքան էլ համամիտ չէին), որն էլ պատճառ դարձավ մեր ավտոմեքենայի վրա քարերով հարձակման, վիրավորական արտահայտությունների եւ այլ անընդունելի բաների, ինչը համոզիչ չթված լրագրողներին: «Նույն բանն է, թե Հայաստանը պաշտպանի ադրբեջանցիներին Ղարաբաղից, նույն բանն եք ասում, այդպես չի կարող լինել: Կազմակերպչական ամեն ինչ արվել էր, բայց ադրբեջանցիներն այստեղ շատ են»,- սա էր Ռ. Հայրապետյանի վերջնական կարծիքը, որից հետո նա շարունակեց, թե խաղից առաջ Սերժ Սարգսյանը ոգեւորել էր մեր ֆուտբոլիստներին, քանզի. «Բոլորս էլ գիտեինք, որ մեծ ճնշում է լինելու մարզադաշտում. Բուրսայինը Թուրքիայի ամենավատ մարզադաշտերից է»: Իսկ ինչու՞ ընտրվեց հենց Բուրսայինը` հարցին պատասխանեց. «Դուք ինձանից ավելի լավ գիտեք… եթե Ստամբուլում խաղը լիներ, առավել անվերահսկելի կլիներ»: Նշենք, որ Բուրսայի ֆուտբոլասերները պակաս ճնշում չգործադրեցին հայ ֆուտբոլիստների վրա, հատկապես՝ հոգեբանական, իսկ խաղն ավարտվեց մեր թիմի պարտությամբ՝ 0:2 հաշվով:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ  35 (121),  2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։