ԿՈՉ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ

 Առաջին դեպքը չէ, երբ հայ ազգայնականը ձերբակալվում է «հայրենի» իշխանությունների կողմից՝ հայրենիքի ու ազգի հանդեպ իր պարտականությունը կատարելու համար:

Երբ սին մեղադրանքով ձերբակալվեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, մտածեցինք թե արտաքին ճնշումների պատճառն էր, որ նման ապազգային դատավարություն իրականացվեց: Հետո, իհարկե, տեսանք, որ սա այլ՝ ներքին նպատակ էր հետապնդում: Այժմ կալանավորված է մեկ այլ հայ ազգայնական՝ Ջավախքի «Միասնական Ջավախք» կազմակերպության (նաեւ՝ «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» դաշինքի) խորհրդի անդամ Վահագն Չախալյանը:

Եթե վերհիշենք ՀԱՄ առաջնորդի մեղադրանքի դրդապատճառը, ապա մեկ անգամ եւս կհամոզվենք, որ նա մեղադրվեց իբր ազգային որոշ փոքրամասնությունների շահերը «ոտնահարելու» համար: Սակայն, իրականում Արմեն Ավետիսյանը պաշտպանում էր սեփական ազգի պատմական ու իրավական շահերը, իսկ եթե դա ոտնահարում է մեկ այլ ազգի շահերը, ուրեմն պիտի գիտակցենք, որ տվյալ ազգը լուրջ պատմա-իրավական խնդիրներ ունի մեզ հետ: Սակայն չէ, մերոնք պապից ավելի կաթոլիկ եղան… Հիմա էլ նույն վերաբերմունքն է՝ այլ կատարումով: Վահագն Չախալյանը եւ նրա գործընկեր Գուրգեն Շիրինյանը մեղադրվում են հայ-վրացական սահմանն ապօրինի խախտելու մեջ (՞՞՞): Հետաքրքիր է, որ արհամարվեց այն հանգամանքը, որ Հայաստան եկած ժամանակ՝ Աշտարակ-Երեւան մայրուղու մի հատվածում, հիշյալ ջավախահայերը դավադիր ու հանցագործ հարձակման են ենթարկվել ու Չախալյանը լոմի հարվածից գլխի պատռվածք է ստացել, իսկ Շիրինյանը դանակահարված է ու գտնվում է հիվանդանոցում… Այս ամենն անտեսվեց, իսկ Վահագն Չախալյանը հայ արդարադատությամբ երկու ամսով կալանավորվեց ու գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Եթե Արմեն Ավետիսյանի կալանավորումը նվեր էր «հայտնի ազգին», ապա Վահագն Չախալյանը նվիրաբերվում է վրացիներին… Էս ու~ր ենք հասել, հայեր: Մենք մեր վճռական բողոքն ենք հայտնում ու պահանջում ազատ արձակել Վահագն Չախալյանին: Արդեն այս ձերբակալությամբ սեպ է խրվել Ջավախքի հայության ու ՀՀ իշխանությունների միջեւ եւ հուզումներ է առաջացրել Ջավախքում, որը նման վերաբերմունքը շարունակելու դեպքում միտում ունի վերածվել հակամարտության: Տեղեկություններ կան, որ ջավախահայերը կփակեն հայ-վրացական սահմանը, որն ի դեպ, վերոնշյալ տուժած երկու ջավախահայերը տեսնում են Ջավախքի սահմաններից վերեւ, ինչպես նշել են իրենց տեսակետներում:

Հայ Արիական Միաբանության
«Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություն
16.10.2006թ.

Այս գրառումը հրապարակվել է Երիտասարդական թև, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։