Ապազգային համակարգ

Կրթական «էկումենիզմ»-ի ճանապարհին

«Քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով ավանդական համաշխարհային հասարակական ֆորումին մասնակցել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ֆորումը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-12-ը՝ Հունաստանի Ռոդոս կղզում: Մասնակցել է շուրջ 600 պատվիրակ, ովքեր ներկայացրել են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի, ինչպես նաեւ ԱՊՀ-ի երկրների քաղաքական, տնտեսական, հոգեւոր ու կրթամշակութային բնագավառները:


Համաշխարհային ֆորումի շրջանակում արդեն երկրորդ անգամ, ի թիվս այլ աշխատանքային խմբերի, գործել էր նաեւ կրթականը, որի քննարկման հիմնական թեման եղել է՝ «Կրթությունը եւ ինովացիան որպես կայուն հասարակական զարգացման հիմք»: Քննարկումների հիմնական ուղղություններն էին՝ «համալսարանական կրթության ժամանակակից մոդելները, բուհերի ժամանակակից վարկանիշերը եւ համալսարանների միջազգայնացումը՝ որպես միջմշակութային, հետազոտական եւ ինովացիոն դինամիկ համակարգ, որը թույլ է տալիս հարմարվել հարափոփոխ աշխարհի արտաքին գործոններին»: Միջազգայնացումը դիտվում է նաեւ որպես միջազգային հեռանկարների ինտեգրման գործընթաց՝ բարձրագույն կրթության համակարգում:
Այո՛, ամեն բան արվում է, որ աշխարհի երկրների ազգային կրթահամակարգերը հեռու մնան ազգային բնույթից եւ ապազգայնանան՝ միջազգայնանան, դառնան անդեմ եւ անիմանալի:
Ֆորումի ընթացքում զեկույցով հանդես է եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը, ով ելույթում անդրադարձ է կատարել ՀՀ բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին, հիմնական խնդիրներին եւ ապագայի տեսլականին:
Կարելի է արդեն պատկերացնել, թե ի՜նչ տեսլականի մասին է խոսքը եւ ինչ ապազգային ծրագրերով է «լիցքավորվել» մեր երկրի պաշտոնյան…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ  35 (121),  2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։