Սցենար` անհայտ ավարտով

Այս օրերին Հայաստանով մեկ ցուցադրվում է ինքնաբուխ ներկայացումների քաղաքական փառատոն (քավ լիցի՝ որեւէ նպատակ չունեմ հայրենասիրական ազնիվ պայքարը տանողների դեմ, որոնց հարգում եմ, որոնցից մեկը ես եմ), որին մասնակցում է մեր ժողովրդի մեծ մասը` սակայն չգիտակցելով մի կարեւոր հանգամանք. ներկայացումն ունի սկիզբ, վերելք եւ ավարտ: Սա, իհարկե, այն է, ինչը պետք է հանդիսատեսը նայի արվեստի՝ թատրոնի բեմահարթակում: Բայց մինչ այս ամենը, պետք է լինի գրված  սցենար՝ հստակ հեղինակով, լինեն բեմադրող ռեժիսոր եւ դերակատարներ: Իսկ ժանրը՝ կատակերգություն, թե ողբերգություն, նույնպես պիտի հստակ լինի:
Իսկ քանի որ նշածս պարագայում մենք գործ ունենք ամբողջ հանրապետության բնակչության ու սփյուռքի հայության հետ, ապա խնդիրը դժվարանում է:


 Հատկապես՝ սփյուռքի գործոնն ուրիշ է: Ուստի՝ հայ-թուրքական հարաբերություններում արդեն քաղաքական ներկայացումները տարաբնույթ են ու երբեմն անըմբռնելի, չնայած ոմանք փորձեցին ապահովել թատրոնի սկիզբը, վերելքն ու ավարտը: Պատճառն այն է, որ հայկական ինքնաբուխ ներկայացումները հիմնականում բեմադրվում են այն սցենարի հիման վրա, որը մենք՝ հայերս չենք գրել… Հետո` բեմադրող ռեժիսորն է ծպտյալ վիճակում, իսկ դերակատարները խաղում են իրենց փոխարինողներով (երկրորդական դեմքերով)…
Այսինքն՝ թվում է ամեն բան պարզ է, սակայն իրականում ոչ մի բան դեռեւս լիովին հասկանալի չէ, եւ շատ հարցեր մնում են պատված մութ շղարշով:
Միջազգային սցենարիստները ժամանակին եւս փորձել էին հայ-թուրքական հարաբերություններով ներկայացում խաղալ, սակայն իշխող վարչակարգը հարմար չեղավ բեմականացման առումով, ժողովրդի վստահությունը նվազագույնի էր հասցվել, եւ վարչախումբն էլ մասնատվել էր… Հետո՝ առանց այն էլ ակնհայտ էին դարձել Լեւոն Տեր-Պետրոսյանի սիոնա-մասոնական խաղերը: Ռոբերտ Քոչարյանի օրոք կենտրոնաձիգ համակարգը գործում էր, սակայն գրեթե փակված էր թուրքական թեման: Իսկ ահա, Սերժ Սարգսյանի պարագայում կենտրոնաձիգ համակարգին եկավ լրացնելու նաեւ թուրքական գործոնի «անվտանգ» սցենարը… Եվ իրականություն դարձավ միջազգային սցենարիստների հայ-թուրքական հարաբերությունների բեմականացումը:
Հիմա, երբ առաջին քայլն արվել է, թատրոնի սկիզբը կա, անհրաժեշտ է լինելու զարգացնել եւ վերելքի հասցնել այն: Իսկ Սերժ Սարգսյանի օրոք դա որոշակիորեն դժվար է լինելու եւ՛ հայ-թուրքական եւ՛ հայ-ադրբեջանական ճակատներում: Ուստի՝ հրատապ կլինի նոր դերակատար ընտրելու հարցը: Չի բացառվում, որ նա վերստին կարող է լինել Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով վաղուց պատրաստ էր զիջումների հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական ճակատներում:
Եթե այսպես որոշվի, ապա մեծ վտանգ է կախվում ինչպես ՀՀ ներկայիս նախագահի գլխին, այնպես էլ՝ մեր բոլորի…
Նման ծավալումների դեպքում միջազգային սցենարիստները կփորձեն մի նոր «հոկտեմբերի 27» իրականացնել, ինչից ավելի պետք է զգուշանալ, քան՝ թատրոնի ավարտին սպասելուց:
Հիմա, երբ Հայաստանում փորձում են ինչ-ինչ միացյալ ընդդիմություն նախանշել՝ ՀԱԿ-ՀՅԴ կենտրոնով, նշանակում է ներկայացման վերելքն ու ավարտը փորձում են համատեղ իրականացնել:
Ես, որպես արվեստի մարդ, բարձրաձայնում եմ այս մասին, եւ հույս հայտնում, որ ոչ հայկական սցենարով հայ-թուրքական հարաբերությունների ներկայացման սկիզբը ազգովի կկարողանանք փոխարինել հայկական վերելքով եւ ավարտով:

Աշոտ Բադալյան

«Լուսանցք» թիվ  35 (121),  2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։