Հայաստա՛նը կարող է շահել

Վերջերս Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ելույթ է ունեցել Լոնդոնի «Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ»-ում եւ հայտարարել է, որ Վրաստանի իշխանություններն իրենց արտաքին քաղաքականությունը վարում են «Ռուսաստանին մոռանալու ցանկությամբ»: ԱԳ նախարարը միաժամանակ ասել է, որ Վրաստանը կարող էր Ռուսաստանի լավագույն դաշնակիցը լինել, բայց «դա դեռեւս չի ստացվում»:
Ներկայումս Թբիլիսին նոր ռազմավարություն է մշակում երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար եւ, ըստ Գ. Վաշաձեի, այդ նպատակին հասնելու համար վրացական կողմը պատրաստ է օգտագործել միայն խաղաղ միջոցներ: Թբիլիսին մտադիր է վերադարձնել Աբխազիան եւ Հարավային Օսիան, այնուհետեւ, Եվրամիության օժանդակությամբ համաձայնության հասնել հետագա գործողությունների հարցում. «Սակայն այս ամբողջ գործընթացը կլինի առանց Ռուսաստանի»,- նշել է վրաց արտգործնախարարը:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Մոսկվան դեռ շարունակում է Վրաստանի մասնատմանն ուղղված իր արտաքին քաղաքականությունը, ապա Թբիլիսիի այս վերաբերմունքը նման է նոր ու մեծ մարտահրավերի: Կարծում ենք` Ռուսաստանի իշխանությունները կընդունեն այս մարտահրավերը եւս ու թույլ չեն տա Թբիլիսիին «մատ թափ տալ» իրենց վրա Եվրամիության կամ ԱՄՆ-ի անունից:
Հետաքրքիր է նաեւ, որ Մոսկվան դեռ հիմնավորապես չի խաղարկել Աջարիայի եւ Ջավախքի տարբերակները (ինչպես Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում), չնայած հայ-վրացական սահմանային տարաձայնությունները կարող են Հայաստանին եւս ներքաշել այս հակամարտության մեջ, ինչից թերեւս Երեւանը հնարավոր է շահած դուրս գա՝ կարգավորելով իր սահմանային խնդիրները եւ վերամիավորելով Ջավախքը (կամ նպաստելով Ջավախքի անկախությանը՝ գուցեեւ Աջարիայի հետ սերտ համադաշնությամբ):
Վրաստանը հետզհետե կորցնում է իր նպաստավոր աշխարհագրական դիրքը, քանի որ տարածաշրջանում որպես գործոն ուժեղանում է Հայաստանի դիրքը եւ չի բացառվում, որ այս հանգամանքը դառնա Վրաստանի մասնատման պատճառ: Այս երկիրը գոյատեւել է հիմնականում իր աշխարհագրական դիրքը շահարկելով եւ այս կամ այն գերտերությանը իր տարանցիկ տարածքը տրամադրելով, ուստի, եթե չլինի տարանցիկ երկիր՝ չի լինի նաեւ այդ երկիրն ամեն գնով պաշտպանելու այլոց շահագրգռվածությունը:
Գուցե այլեւս եկել է Հայաստանի օգտվելու՞ պահը, երբ հայերը կարող են վերականգնել իրենց պապենական երկիրն ու իրավունքները Պատմական Հայաստանի տարածքում:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ  35 (121),  2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։