Սա արձանագրություն է ամեն ինչի մասին, բացի‘ հայ-թուրքականի

Հոկտեմբերի 10-ին շվեյցարական Ցյուրիխ քաղաքում գրեթե «շոու»-ի պես ստորագրվեցին հայ-թուրքական կոչված արձանագրությունները: Հետաքրքիր է, որ Շվեյցարիան` համաշխարհային կապիտալի կուտակումների այս երկիրը, պարբերաբար դառնում է աշխարհի հզորների տնտեսական, քաղաքական, իրավական եւ այլ հարցերի հանդիպման վայր:
Սա պատահական չէ. պահպանելով իբր չեզոք երկրի միջազգային կարգավիճակ` Շվեյցարիայի իշխանությունները «անմեղորեն» իրականացնում են աշխարհի հզորների կամ այսպես կոչված «գաղտնի կառավարության» բոլոր նախաձեռնությունները…
Ինչպես վերջերս ասել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը, «մենք ծուղակի մեջ ենք: Քանի որ արձանագրություններն արդեն նախաստորագրվել են, հարաբերությունների բարելավման գործընթացը սկսվել է, միջազգային հանրությունն էլ ողջունում է, ու եթե այս պայմաններում մենք հետ կանգնենք, բացասական վերաբերմունք կձեւավորվի ՀՀ-ի նկատմամբ: Ե՛վ մեկ քայլ առաջն է վատ, եւ՛ մեկ քայլը հետը…»:

Այո՛, այս արձանագրություններն առավելապես «միջազգային հանրության» համար են, այլ կարծիք չի կարող լինել, քան այն, որ դրանք կարգավորում են հայ-թուրքական խնդիրները: Մենք վստահ ենք, որ սահմանների բացման դեպքում (ինչը նույնպես դեռ կասկածելի է) թուրքական կողմն, առանց խոչընդոտելու, ազատ կթողնի դեպի Եվրոպա ու Եվրոպայից (Հեռավոր Ասիա, Մերձավոր Արեւելք կամ Կովկաս) եկող միջազգային բեռները, նաեւ կկարգավորվեն այլ գործերը, իսկ Հայաստանի պարագայում հանկարծ կլինեն քրդական կամ թուրքական ահաբեկումներ, կամ կվնասվեն երկաթգծերը, կվերանորոգվեն ճանապարհները ու խողովակաշարերը… ինչպես դա հաճախակի անում են Վրաստանն ու Ռուսաստանը:
Չնայած Հայաստանի եւ սփյուռքի հայության մեծ դիմակայությանը, ՀՀ իշխանությունները գնացին ստորագրման քայլին եւ միջազգային ճնշումների առկայության պայմաններում համաձայնեցին հայ-թուրքական կոչված անհեռանկար արձանագրություններին: Այս առումով զարմանալի էր որոշ սփյուռքահայ գործիչների բաց նամակը հայությանը: Բայց տեսնելով, թե ովքեր են ստորագրել այդ նամակը, հասկանալի է դառնում, որ մեր պետական կերակրամանին մոտ գտնվողները չեն ուշացրել կատարելու իրենց «հասանելիք պարտականությունը»: Իրապես զարմանալին, թերեւս, Շարլ Ազնավուրի ստորագրությունն է, ով «մի կերպ» համաձայնեց լինել Շվեյցարիայում ՀՀ դեսպանը եւ ահա քեզ … նոր քաղաքական «ձեռքբերում»: Իսկ մնացյալի` Արթուր Չիլինգարովի, Արմեն Ջիգարխանյանի, Ռուբեն Վարդանյանի (Մոսկվա), Էդուարդո Էռնեկյանի (Բուենոս Այրես) Հրայր Հովնանյանի (Վաշինգտոն), Պերճ Սեդրակյանի (Նյու Յորք), Վաչե Մանուկյանի (Լոնդոն), Ժան Ժանսեմի, Սերժ Չուրուկի եւ Ալեն Թերզյանի (Փարիզ) անունները լրիվ հասկանալի են… կարող էին նման որոշ անուններ էլի «պեղել», սակայն սա էլ բավարար է հասկանալու, որ մենք ազգովի լուրջ խնդրի առաջ ենք կանգնած` ամեն մի շատ թե քիչ հայտնի կամ գործարար հայ ինչ-ինչ պատճառներով ի վերջո երգում է «միջազգային երգեր»` ազգային երգերը» թողնելով պատմության սրբագրմանը…
Շատերի համոզմամբ, ՀՀ-ն ստորագրել է մի փաստաթուղթ, որով հաստատում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ մոռանում ցեղասպանության մասին: Նույն շատերը կարծում են, որ Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի վրա մեծ է, եւ Բաքուն Անկարայի հետ կամ վիժեցնելու է սկսված գործընթացը կամ, հետզհետե, Ադրբեջանի օգտին է ընթանալու Արցախ-ԼՂՀ-ի եւ ազատագրված տարածքների հարցը… Այսպես մտածողները կարծում են նաեւ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թույլ է տվել մի շարք սխալներ, որոնցից հիմնականն այն է, որ նա մինչ օրս հիմնարար չի լսել ՀՀ-ի ու ԼՂՀ-ի հայության կարծիքը եւ արագացված ու անպտուղ հանդիպումներով հասցրել է պառակտել սփյուռքը:
Իսկ ադրբեջանական զլմ-ները շարունակ հայտարարում են, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի բարեկամությունը կխաթարվի, եթե իրենք միասնական ու փոխշահավետ չգործեն: «Ճանապարհային քարտեզի» հրապարակումից ի վեր, Թուրքիայի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ադրբեջան` հավաստիացնելով, որ Անկարան առանց Բաքվի շահերը հաշվի առնելու ոչ մի քայլ չի ձեռնարկելու: Եվ չնայած ՀՀ նախագահը հայտարարել է, թե Քիշնեւի բանակցություններում Ադրբեջանի նախագահի հետ քննարկել են ընդամենը երկու հարց` «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի եւ միջանկյալ կարգավիճակի հարցերը: Իսկ եթե նա դժգոհ է` ես այս հարցում նրան ոչնչով օգնել չեմ կարող»: Այնուամենայնիվ, Իլհամ Ալիեւը նշել է, թե «արդեն համաձայնեցված է Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձի հարցը»:
Կարծիքներ էլ կան, որ թուրք խորհրդարանականները չեն վավերացնի արձանագրությունները, եւ Ցյուրիխում կատարվածը Հայաստանի համար փորձաքար էր պարզապես, որովհետեւ արձանագրությունների ստորագրման հաջորդ օրը պաշտոնական Անկարան հայտարարեց, որ «չի վերաբացի հայ-թուրքական սահմանը, մինչեւ չլուծվի ԼՂ հակամարտությունը»: Կրկին շոշափվում է ծուղակի հարցը, որը թուրքական քաղաքականության մասն է կազմում: Առավել վտանգավոր կետերից նշվում է հատկապես այն, որ պետք է ճանաչվեն Թուրքիայի ներկայիս սահմանների հատվող կետերը, եւ ոչ մի խոսք չկա պատժի մասին, այսինքն` եթե մի օր էլ Թուրքիան որոշի կրկին փակել սահմանները, Անկարան դա կանի հանգիստ:
ՀՀ նախագահը վերջերս «բացահայտել» է այն նույն վտանգներն ու նախապայմանների առկայությունը, որ ՀՅԴ-ն եւ այլ ուժերն էին արտահայտել` 1. Թուրքիայի հետ ցանկացած հարաբերություն չի կարող կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը եւ հայ ժողովրդի հայրենազրկման փաստը: 2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա է սահմանների հարց: 3. Ստորագրված փաստաթղթերը որեւէ ձեւով չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ: Սակայն թուրքական կողմից հնչած տեսակետներն էլ լրիվ հակառակ բնույթի են, ինչը կասկած է առաջացնում, որ հայ-թուրքական խնդիրները կարող են ի օգուտ մեզ կարգավորվել:
Չնայած Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, ՀՅԴ-ն եւ ազգային մի շարք ուժեր մինչեւ հոկտեմբերի16-ը չեն պահանջի ՀՀ նախագահի հրաժարականը, բայց դրանից հետո կարող է ամեն բան փոխվել ՀՀ քաղաքական դաշտում… Ազգային ուժերը դժգոհ են նաեւ բոլոր այն պետություններից, որոնք ճնշել եւ ստիպել են, որ արձանագրությունը ստորագրվի այն ժամանակ, երբ թուրքերը փորձել են բանավոր հայտարարության դեպքում խախտել պայմանավորվածությունը: Դաշնակցական Կիրո Մանոյանն առաջին հերթին մեղադրում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին. «Տխուր իրադարձություն էր մեզ համար եւ մի քիչ սգի նման անցավ: Մենք տեսանք մեր արտգործնախարարի դեմքը, ի տարբերություն Թուրքիայի արտգործնախարարի ժպիտների»:
Ընդդիմադիր մեկ այլ բեւեռից` ՀԱԿ-ից հայտարարել են, որ «Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումը իշխող վարչախմբի քաղաքական սնանկության եւ դիվանագիտական խեղճության հերթական ցավալի ապացույցն է: Ցյուրիխյան ուրացման գործարքով Հայաստանի վարչախումբը նպատակ ուներ հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը` դրա դիմաց վճարելով պատմական փաստերն ուսումնասիրող տխրահռչակ հանձնաժողովի գաղափարի ընդունմամբ, դրանով իսկ` աշխարհի առջեւ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Անգամ ինքնին անբարո ու անթույլատրելի այս գործարքը Հայաստանի սպասելիքի մասով չիրականացավ: Խորհրդարանների վավերացումից անկախ Թուրքիան արդեն իսկ ստացել է իր ուզածը: Ինչպես մինչեւ փաստաթղթերի ստորագրումը, այնպես էլ դրանից հետո, Թուրքիան ամենաբարձր մակարդակով շարունակում է պետական սահմանների բացման հարցը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի խնդրով, մասնավորապես` անվտանգության գոտի հանդիսացող տարածքների վերադարձմամբ»: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: ՀԱԿ-ի գլխավորը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, փոխանակ շնորհակալություն հայտնի Սերժ Սարգսյանին, որ արեց այն` ինչն ինքն էր երազում անել տարիներ շարունակ, դժգոհում է… երեւի այն բանի համար, որ ինքը չէ այս ամենի հեղինակն ու կատարողը:
Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հոկտեմբերի 12-ի երեկոյան հասել էր Մոսկվա, եւ սա նրա առաջին այցելությունն էր Ռուսաստան: Նա բանակցություններ է վարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Գուցե ժամանակն է, որ երկու գերտերությունները կրկին քննարկեն, թե Կովկասում որ մեկն ինչ «սեփականություն» է ունենալու…
Ոմանք կարծում են, որ այս քայլը ստորացուցիչ է եղել Թուրքիայի համար, սակայն արվել է, որպեսզի տարածաշրջանում թուլացվեն Ռուսաստանի դիրքերը, Հայաստանն էլ «մտածի» ու դուրս գա Մոսկվայի ազդեցությունից:
Հայ-թուրքական հարցով պաշտոնական հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ-ն, որում նշվել է, թե «Ադրբեջանը վստահում է եղբայրական Թուրքիայի խոստումներին եւ համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:  Արձանագրությունների ստորագրումից մեկ օր անց նույնատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը` ասելով, որ «Անկարայի ու Երեւանի միջեւ հարաբերությունները չեն կարգավորվի, մինչեւ հայկական զորքերը չհեռանան ԼՂ շրջակա տարածքներից»:   
Թուրքիան լուրջ հույս ունի, որ կկարգավորի իր հարաբերությունները թյուրքալեզու երկրների հետ, իսկ այս ստորագրումն իր հերթին կնպաստի անդամակցել Եվրամիությանը:
Ըստ ՀՅԴ-ական վարկածի, ահա թե ինչ է կատարվել Ցյուրիխում: «Տեղի է ունեցել հետեւյալը` խոսքը չի վերաբերում արձանագրություններին հաջորդող բանավոր հայտարարություններին, այլապես մեր կողմը չէր իմանա, թե ինչ պետք է ասի մյուս կողմը: Խոսքը վերաբերում է Թուրքիայի կողմից արձանագրություններում փոփոխություններ կատարելու առաջարկին, կամ, իրավական լեզվով ասած` վերապահությանը: Այդ վերապահությունը պետք է ստորագրության ժամանակ գրավոր հանձնվեր դիմացի կողմին: Նախքան Հայաստանի արտաքին գործերի նախարարի հյուրանոցից դուրս գալը, թուրքական կողմը մի քանի րոպե առաջ հանձնել է այդ վերապահությունները, դրա համար էլ հայկական կողմը չի գնացել ստորագրության վայր, որի հետեւանքով էլ տեղի ունեցավ ուշացում» – ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Եվ նշել է, որ արձանագրություններում որեւէ փոփոխություն չի կատարվել, ինչը հայկական կողմի կեցվածքի արդյունք է, սակայն այդ փոփոխության առաջարկը հաշվի առնելով, հայկական կողմը չպետք է ստորագրեր արձանագրությունները: Իսկ հոկտեմբերի 10-ին, արձանագրությունների ստորագրումից հետո, պարզաբանելով արձանագրություների ստորագրման ձգձգման ու հայտարարություններ չլինելու փաստը, ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանն ասել էր, որ ստորագրության արարողությանը հետեւելիք բանավոր հայտարարությունների թուրքական կողմի նախագծում հայկական կողմի համար կային անընդունելի ձեւակերպումներ, եւ տեւական բանակցությունների ընդհատման արդյունքում որոշում կայացվեց բանավոր հայտարարություններով հանդես չգալ:
Այս առումով «ՀՀ  Արտաքին գործերի նախարարի կողմից ՀՀ  օրենսդրության պահանջների խախտման մասին» հայտարարություն է տարածել նաեւ «Մարդու իրավունքներ – 96»  կուսակցությունը` «10. 10. 09թ.-ին հայտնի Արձանագրությունների ստորագրմամբ, ՀՀ Արտաքին գործերի նախարարը կոպտորեն խախտել է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի մի շարք պահանջներ: Այդ կապակցությամբ, համապատասխան նյութեր ենք նախապատրաստում դատարան դիմելու համար»: Նշանակում է` իզուր չէր ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին իր հետ տարել սփյուռքյան շրջագայությունների. «Օրենքը» շրջում էր ՀՀ նախագահի հետ:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ  35 (121),  2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։