Ի՞նչ արտառոց բան է կատարվել Թուրքիայում… ստորագրումից առաջ

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փաստի առիթով դիմեցինք Հայ Արիական միաբանությանն ու Հայ ազգայնականների համախմբմանը, որոնք նույնպես միացել էին ընդդեմ արձանագրությունների ազգային ուժերի համատեղ ստորագրմանը: Մեզ ընդհանուր պատասխանեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
- Ամեն ինչ ավելի քան հստակ էր ժամեր շարունակ ցուցադրվող ուղիղ եթերում: Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների թիկունքին կանգնել էին ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ եվրահամագործակցության ներկայացուցիչները, ովքեր այս գործընթացի «պապաներն» են եւ պատվիրատուները: Սա այդ «պապաների» տերերի` «Աշխարհի գաղտնի ուժերի» հերթական պարտադրանքն է, որպեսզի անարգել իրականացնեն իրենց տնտեսական, քաղաքական եւ այլ շահութաբեր նպատակները Մերձավոր Արեւելքում, Կովկասում եւ Հայկական լեռնաշխարհում: Եթե միայն ճանապարհների բացման խնդիր լիներ, այս ուժերն այն բացել կտային` Թուրքիային պարտադրելով: Սակայն, սրանց խաղաղ տարածաշրջան է պետք, որ հանդիստ տիրեն ու թալանեն, առանց դժվարությունների, եւ նրանք թքած ունեն թե Արեւմտյան Հայաստանի, թե Ցեղասպանության ճանաչման խնդրի վրա:

Մենք հասկանում ենք, որ այդ օրը թուրքական պատվիրակության դիվանագիտական խաղերը մեկ նպատակ էին հետապնդում` Թուրքիայի, Ադրբեջանի եւ թյուրքական այլ երկրների ժողովուրդներին ցույց տալ` իբր Անկարան սեփական քաղաքական գիծը կունենա, երբ ուզենա… Իսկ մինչեւ վերջ պնդումը բանավոր հայտարարության առումով գուցեեւ պայմանավորված էր որոշ մասնակից երկրների ներկայացուցիչների գործոնով, ինչն էլ «հոգնատանջ» բանակցություններից հետո ավարտվեց առանց հայտարարություններ անելու «մարդասիրական» որոշմամբ: Ստացվեց այսպես. Թուրքիան իրենն «ապացուցեց», Հայաստանն էլ` իրենը (այսինքն` լուռ խաղալով խաբեցին իրենց ժողովուրդներին), իսկ մյուս մասնակիցները պարզապես «բարի կամքի» ներկայացուցիչներ եղան…
Ծիծաղելի կլիներ, եթե իհարկե, շատ վտանգավոր չլիներ:
Մենք որոշ կապեր ունենք Թուրքիայի  համշենահայերի հետ, եւ պետք է նշեմ, որ Թուրքիայում նախօրոք խոսքուզրույց է եղել մարդկանց մեջ, որ Անկարան «սյուրպրիզ» է նախատեսել հայերի համար… Իսկ Թուրքիայի արտգործնախարարի «ուրախ» կամ գրեթե քմծիծաղող դեմքը եւ մեր արտգործնախարարի «մտահոգ» դեմքը կարելի է մեկնաբանել վերը նշածս համատեքստի մեջ: Սակայն, մեր լրատվության աղբյուրները պնդում են, որ թուրքերն իսկապես այլայլված են եղել, որովհետեւ ինչ-որ բան է տեղի ունեցել Թուրքիայում այդ օրը, ինչը լրջորեն մտահոգել է թուրքական իշխանություններին: Այս ամենի տեղեկացումն այլայլել է նաեւ թուրքական պատվիրակությանը, ինչը ԱԳ նախարարի ջղաձգումների պատճառ է հանդիսացել, որն էլ նմանվել է քմծիծաղի…
Մենք փորձում ենք ճշտել, թե իրապես ինչ արտառոց բան է կատարվել Թուրքիայում, որի մասին ոչինչ չի ասվում…
Ամեն դեպքում հույս ենք հայտնում, որ ՀՀ ԱԺ-ն կփորձի գոնե սառեցնել այս նախաստորագրված արձանագրությունները, քանզի միայն նախապայմաններով պետք է խոսել թուրքերի հետ, այլ ոչ թե պարծենալ, թե առանց նախապայմանների արձանագրություններ են ստորագրել… առավելապես երրորդ կողմի համար:
Մենք շարունակում ենք դեմ լինել այդ արձանագրություններին եւ չի բացառվում, որ քաղաքական դաշտում հնարավոր փոփոխությունների դեպքում առավել գործնական միջոցներով հանդես գանք որպես հայ ազգայնականներ:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ  35 (121),  2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։