Ձեր «գանձը» ձեզ պահեք

Հայաստանի Հանրապետությունում
Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան
պարոն Նիկոլայ Պավլովին

Հարգարժան Ն. Պավլով

Վերջերս մեր երկրի Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ Դուք նշել եք, որ «գոհ եք մարզի ներկա վիճակից»: Դրանից հետո էլ նկատել եք, որ «լավ կլիներ, որպեսզի յուրաքանչյուր մարզում լիներ մեկական ռուսական դպրոց», ապա խոստացել եք աջակցել մարզի հանրակրթական դպրոցներին ռուսերենի դասագրքերով ապահովմանը:
Տպավորություն ստեղծվեց, թե գավառները դիտելու է դուրս եկել վաղուց դղյակից չբացակայած մեծափոր բոյարը, որը սեփական տիրույթներում է հայտնվել կամքին հակառակ` ճորտերի թախանձագին խնդրանքն անսալով:
Նախ` տեղեկացնենք, որ Հայաստանի կրթական համակարգն աշխատում է մեր երկրի օրենքներով: Դուք երևի տեղյակ չեք, որ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է, բնականաբար, կրթությանը՝ ևս: Իհարկե, օտարալեզու դպրոցների մի մասը գոյատևում է, սակայն դա խորհրդային` գաղութային անցյալի մնացուկ է և մոտ ապագայում վերանալու է:

Պարոն դեսպան, Դուք Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում եք Ռուսաստանի Դաշնությունը, երկիր, որը կենսամակարդակով շատ է հետ մնում  Եվրոպայի անգամ միջակ պետություններից: Մենք էլ, ելնելով այդ փաստից, կարող ենք ասել, որ մեզ չի բավարարում ՌԴ-ի ներկայիս վիճակը, քանի որ այն վեր է ածվել Արևմուտքի հումքային կցորդի: Բայց դա մեզ չի վերաբերում, հետևաբար, չենք ասում: Տեղեկացնենք միայն, որ ձեր երկրում այս օրերին տասնյակ քաղաքների ու գյուղերի հազարավոր բնակիչներ հայտնվել են ցրտի ու մթի ճիրաններում, ձեր ծերերը չեն կարողանում մուծել էլեկտրաէներգիայի ու կենցաղային այլ ծառայությունների վարձը, այնպես որ, եթե կարող եք, օգնեք նրանց, աշխատավարձ հասցրեք ռուսաստանցի ուսուցիչներին, հաց տվեք ձեր հարյուր հազարավոր թափառաշրջիկ մանուկներին, բուժեք միլիոնավոր հարբեցողներին ու թմրամոլներին, հանրօգուտ գործ գտեք ռուսաստանցի ջահելների համար, որպեսզի իրենց հյուրերին, իրենց երկիրը շենացնող օտարերկրացիներին չսպանեն մի քանի դոլարի համար… Այս փաստը մեզ համար զգաստացնող է, հատկապես, երբ սափրագլուխների զոհերի մեջ գերակշռող են հայերը…
Պարոն դեսպան, առաջարկում ենք այսուհետ զուսպ լինել և հետևեք, որ ռուսաստանցի գործարարներն ու պաշտոնյաները ձեռնպահ մնան վերամբարձությունից: Դրա համար նրանք հիմք չունեն: Հայ-ռուսական հարաբերություններում շատ մութ կետեր կան, որոնք լուսաբանելու պարագայում Դուք պետք է որ կարմրեք, մինչդեռ հայերը շատ մեծ, անգնահատելի ներդրում ունեն ձեր բազմազգ երկրի տնտեսության, գիտության ու մշակույթի բոլոր ոլորտներում: Համեստությունը երբեմն դիվանագիտության աջ ձեռքի է վերածվում: Բայց դա հնարավոր է միայն այն պարագայում, երբ մեծապետականությունը տեղ է թողնում:
Իմացած եղեք. Հայաստանի հողը հյուրընկալ է, բայցև` խստապահանջ: Մի’ առաջնորդվեք այստեղի օտարամոլ քծնողների կարծիքներով ու ցանկություն-ձգտումներով, քանզի նրանց կերամանը ձեր հյուսիսում է, նրանք հայրենիքի զգացողությամբ ու շահով չեն առաջնորդվում:
Ինչ վերաբերում է ռուսերենով կրթվելուն: Համաշխարհային քաղաքակրթությանը մենք երկար ժամանակ հաղորդակցվել ենք միջնորդավորված` ռուսերենով և աղավաղված պատկերացում ստացել աշխարհի մասին: Մենք մեծապես տուժել ենք դրանից, սակայն գաղութացվածի կարծիքը ոչ ոք հաշվի չէր առնում: Հիմա այլ ժամանակներ են, և ցանկացած ոտնձգություն մեր ինքնության դեմ չենք հանդուրժելու: Ապրեք ձեր խնդիրներով: Մի եթովպացու հանճարը մատի փաթաթան դարձրած` ռուսերենը մի’ պարտադրեք մեզ: Դա ձեր լեզուն է: Ձեր «գանձը» ձեզ պահեք, քանզի մերը մեզ լիուլի բավարար է:
ՌԴ դեսպանները Հայաստանում յուրահատուկ են. հայտնվում են այնտեղ, որտեղից դիվանագետը պետք է խուսափի ամեն գնով, անում են արտահայտություններ, որից պարզապես զարմանում ես: Ուրիշ ոչ մի պետության դիվանագետ այդպես մեծամիտ չի պահում իրեն մեր երկրում` աշխարհի հնագույն պետությունում, որը համաշխարհային քաղաքակրթությանը շատ ավելին է տվել, քան Ձեր երևակայությանն է հասու:

Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ»
 ուսանողական և երիտասարդական կազմակերպության խորհուրդ

27.11.2006թ.

Այս գրառումը հրապարակվել է Երիտասարդական թև, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։