Ադրբեջանն անցել է… սնանկացման

Ադրբեջանի Կենտրոնական բանկի կառավարման խորհրդի ղեկավար Էլման Ռուստամովը հայտարարել է, թե Ադրբեջանը պարզեցրել է հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման գործընթացը. այս մասին հաղորդել է «Վեստի. ազ» լրատվական կայքը:
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանում պետական հիփոթեքային վարկավորման վերաֆինանսավորման գործընթացում լուրջ խնդիրներ ծագեցին: Բանն այն է, որ, հենց Ռոստամովի իսկ խոսքերով, ադրբեջանական բանկերում հիփոթեքային գործընթացները միշտ ուղեկցվում են տեխնիկական ու բյուրոկրատական երկարաժամկետ քաշքշուկներով:  
Բացառված չէ, սակայն, որ այս կարգի իրավիճակ որոշ բանկերի ղեկավարներ դիտմամբ են ստեղծում, որի հետեւանքով, հասկանալի է, առաջացած ճեղքերը կոռուպցիայի համար պարարտ հող են ստեղծում:


Ադրբեջանի ԿԲ կառավարման խորհրդի ղեկավարը հայտնել է, որ բանկերը համապատասխան փաստաթղթերը ժամանակին չեն ներկայացնում, ինչն էլ բերում է վերաֆինանսավորման խնդրի առաջացման: Իսկ պետությունը առկա խնդիրները լուծելու անհրաժեշտ ճանապարհներ է փնտրում:
Ի դեպ, այս տարին, բանկային հատվածի առումով, Ադրբեջանի համար լավ չէր: Սրան անընդհատ հետապնդում են բանկային խնդիրները` մասնավորապես վարկերի վերադարձելիության առումով: 2009 թ. ընթացքում, որոշ բանկերի մոտ վարկերի չվերադարձելիության մակարդակը հասել էր 40 %-ի, ինչը գրեթե անխուսափելի է դարձնում բանկերի սնանկացման գործընթացը:

Գոհար Վանեսյան

Հիմա էլ Վրաստանն են «գրավում»
Վրացական «Քվիրիս պալիտրա» («Շաբաթվա ներկապնակ») թերթն անդրադարձ է կատարել Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների խնդրին եւ, մասնավորապես, փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության կազմակերպմանը:
Հրապարակման մեջ թերթը մտահոգություն է հայտնում հատկապես այն առնչությամբ, որ Վրաստանում հայ եւ ադրբեջանական համայնքների կրթօջախների համար դասագրքերի չհրապարակման արդյունքում, դրանք նվիրատվության ձեւով ստացվում են Հայաստանից ու Ադրբեջանից: Ըստ թերթի, իշխանություններն այս հարցում վտանգավոր անգործություն են դրսեւորում, քանի որ ադրբեջանական ծագման դասագրքերը պառակտիչ բովանդակություն ունեն եւ աղճատում են տարածաշրջանի պատմությունը: Մասնավորապես, 8-րդ դասարանի համար նախատեսված ադրբեջանական պատմության դասագրքում գրված է. «Վրացի եւ հայ ֆեոդալները Բյուզանդիայի օգնությամբ խաչակրաց արշավանքներ են սկսել թուրք-սելջուկների դեմ: Պայքարի նպատակով նրանք դաշինք են կնքել խաչակիրների հետ: Այդպիսով նրանք փորձել են մահմեդական գործոնը դուրս մղել Կովկասից ու տիրանալ ադրբեջանական հողերին: 1120թ. Դավիթ IV-ը հարձակվեց Շիրվանի վրա, նա ավերեց Գաբալա քաղաքն ու նրա մերձակայքը, հավաքեց ադրբեջանական հարստությունն ու հեռացավ, 1122թ. Թբիլիսին անցավ վրացիների ձեռքը»:
Պատմաբան, պրոֆեսոր Ջաբա Սամուշիան ասել է. «Պատմության այդ դասագրքերից ես ոչինչ չհասկացա: Ի՞նչ են գրում, ի՞նչ են ուզում նրանք ասել՝ ինձ համար հանելուկ է: Ադրբեջանը որպես պետություն, այն ժամանակ ընդհանրապես գոյություն չի ունեցել: Դասագրքում ներկայացված են Իրանի, մահմեդական էմիրությունների, Աղվանքի, Շիրվանի եւ, մասամբ, Վրաստանի պատմությունները: Եվ այդ ամենը հարմարեցված է որպես Ադրբեջանի պատմություն»:
Իսկ 7-րդ դասարանի դասագրքում միջին դարերի պատմությունն ու Աքեմենյանների ու Սասանյանների տիրապետության ժամանակաշրջանը հայտարարված է Ադրբեջանի պատմություն: Նրանց դասագրքով Թբիլիսին ադրբեջանական քաղաք է. «Թիֆլիսը Արանի (այսօրվա Ադրբեջանի տարածքներից մեկն է) քաղաքներից էր: Վրացի մասնագետներն ընդվզել են այս դասագրքերի դեմ, բայց մոռանում են, որ իրենք էլ պատմության դասագրքեր են տպագրում, որտեղ «սեփականացվում» են հայկական պատմությունն ու տարածքները եւ պաշտպանում էին նաեւ ադրբեջանական տեսակետները: Ահա, իրենք էլ ստացան… Նույն դասագրքերով երեխաներին սովորեցնում են, որ հայերը միայն 19-րդ դարում են հայտնվել Կովկասում… Ավելին, վերջերս Ադրբեջանում մի ամբողջ մենագրություն է տպագրվել այն մասին, թե ինչպես են իրենք ապստամբել Հռոմեական կայսրության դեմ, ընդ որում, հարկ են համարել նաեւ աղճատել պատմական քարտեզները (դրանց վրա «Ադրբեջան» է նկարվում ողջ Առաջավոր Ասիայի վրա):
Այսպես թյուրք-ադրբեջանցիները «հասան» նաեւ Վրաստան…

Նարե Մշեցյան

Մեղադրվում է դավաճանության մեջ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները օրերս ձերբակալել են ՀՀ քաղաքացի Գեւորգ Հայրապետյանին, ով մեղադրվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապի մեջ:
Այս քաղաքացին ՀՀ պահեստազորի փոխգնդապետ է, 2007թ.-ին հեռացվել է ՀՀ զինված ուժերից՝ ռազմական եւ ծառայողական կարգի կոպիտ խախտման համար:

Գ. Հայրապետյանը մեղադրվում է «Պետական դավաճանություն, լրտեսություն» հոդվածով:

Ձերբակալվել են նաեւ արտասահմանյան քաղաքացիներ, ովքեր միջնորդ են եղել ՀՀ քաղաքացու եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ:
Սա ցավալի իրողություն է, սակայն առավել մեծ մտավախություն ունենք թուրքական հատուկ ծառայությունների առումով, որը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո առեւտրականների կամ զբոսաշրջիկների ձեւով մշտապես փորձելու է գնել «կարիքավոր» մարդկանց մեր երկրում…

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 36 (122), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։