Արցախը եւ սահմանները` ուշադրության կենտրոնում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական 2-օրյա աշխատանքային այցով մեկնել է մեր երկրի պաշտպանական դիրքեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Արցախ-ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ ՀՀ նախագահն այցելել է պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:
Ս. Սարգսյանը նաեւ մասնակցել է արցախյան պաշտպանական բանակի սպայակազմի համար կառուցված նոր շենքի բնակարանամուտի արարողությանը: Այնուհետեւ նախագահ Սարգսյանը հանդիպել է զինծառայողների ընտանիքների անդամների հետ, ապա շրջայց է կատարել ժամանակակից պայմաններին համապատասխան վերակառուցված եւ կահավորված հրետանու տեխնիկական ապահովման եւ սպասարկման կետերից մեկում:
Երեկոյան Ստեփանակերտում հրավիրվել է խորհրդակցություն:
Արտակ Հայոցյան


«Radio France International»-ի «Շաբաթվա Եվրոպացի»-ն
44 մլն. լսարան ունեցող եւ 19 լեզվով հեռարձակվող Ֆրանսիական միջազգային ռադիոյի՝ «Radio France International»-ի «Շաբաթվա Եվրոպացին» խորագրի հերոսն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահին եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հաղորդման մեջ RFI-ն բնորոշել է Սերժ Սարգսյանին՝ որպես Հայաստանի ամենահզոր անհատներից մեկը, ով օժտված է բազմաթիվ կարողություններով, բայց իր նախաձեռնություններում մշտապես առաջնորդվում է իրատեսությամբ:
Ֆրանսիական ռադիոն հատուկ հաղորդում է հեռարձակել ՀՀ նախագահի պրոֆեսիոնալ հատկանիշների ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նրա նախաձեռնության մասին՝ անվանելով Ս. Սարգսյանին հետխորհրդային շրջանի «պրագմատիկ քաղաքական գործիչ»:
Խորագրի նախորդ հերոսն էր ճանաչվել բրիտանական պահպանողական կուսակցության ղեկավար Դեվիդ Քեմերոնը: Խորագրի հերոսներ են եղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, պետական եւ մշակութային գործիչներ:
Դե ինչ, կարող է եւ իրականություն դառնա ոմանց այն կանխատեսումը, որ Հայաստանի ու Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Աբդուլլահ Գյուլը կդառնան Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Չէ՞ որ Արեւմուտքի համար այսքան նյարդեր ու ջանքեր են թափվում Հայաստանում եւ Թուրքիայում…

Վահագն Նանյան

Թուրքիայի մեջլիսում‘ խմբակային սեքս
Թուրքական «Սոնսայֆա» (Sonsayfa) լրատվական կայքը տեղեկություն է տարածել այն մասին, որ այդ երկրի խորհրդարանի մաքրության աշխատանքների կազմակերպումը ստանձնած մասնավոր ֆիրմայից մի կնոջ հետ ձերբակալված անձնակազմի նախկին աշխատակից Իզզեթ Օզդեմը հայտարարել է, որ մեջլիսի շենքում մարդիկ զբաղվել են խմբակային սեքսով:
«Անձնակազմի որոշ ղեկավար անձինք, նրանց մտերիմները հավաքարարների հետ ճաշարանում խմբակային սեքս են արել: Ընդ որում, հավաքարարների նկատմամբ ճնշում են գործադրել եւ ստիպել մտնել սեռական հարաբերությունների մեջ»:
Կատարվածի կապակցությամբ, արդեն ցուցմունքի հիման վրա հետաքննություն է սկսվել: Մեջլիսի բարձրաստիճան մի ներկայացուցիչ էլ հայտնել է, որ խնդրի առնչությամբ հետազոտություններ են սկսվել:
Ի. Օզդեմը նաեւ հայտնել է, որ խմբակային սեռական ակտով զբաղվողներից ոմանք հեռացվել են աշխատանքից: Որոշներին էլ հաջողվել է պահպանել աշխատանքը: «Որոշ ղեկավարներ էլ իրենց մտերիմ աշխատակիցներին պահպանելու նպատակով թաքցրել են իրողությունը եւ հիմա դրա համար են մեղադրվում»:
Այո՜, անգամ «շվեդական սեքսով» զբաղվողները կնախանձեն թուրքերին, ովքեր ամեն հարցում փորձում են առաջինը լինել: Իսկ դա շատ վտանգավոր է… եւ ոչ միայն առողջության համար…

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 36 (122), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։