Թուրքերն անցել են խրախճանքի


Հայ-թուրքական արձանագրություններն արդեն քննարկվում են Թուրքիայի խորհրդարանում: Այդ արձանագրությունների վավերացման վերաբերյալ օրենքի նախագիծն արդեն ներկայացված է երկրի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) ղեկավարությանը: Ըստ լրատվամիջոցների՝ «Արձանագրությունները մեջլիսի ղեկավարությանն է ներկայացվել հետեւյալ անվանումով՝ «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական կապերի հաստատման եւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների վավերացման նպատակահարմարության մասին օրենքի նախագիծ»:


Այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանի Գլխավոր խորհրդին արձանագրությունների վերաբերյալ տեղեկություններ է հաղորդել: Նրա՝ կառավարության անունից ելույթ ունենալուց հետո, խորհրդարանական խմբակցությունները ներկայացրել են իրենց տեսակետները: Օրենքի նախագիծը մեջլիսի ղեկավարությունը փոխանցել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, փաստաթղթի ընդունումից հետո Գլխավոր խորհուրդը քննարկելու է այն:
Ա. Դավութօղլուն կառավարության անունից արդեն խորհրդարանին ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների վերաբացման, ինչպեսեւ` դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունների բովանդակությունը: Նա նշել է, թե որքան կարեւոր է, որ Թուրքիայի շուրջ ստեղծվի խաղաղության գոտի եւ Հարավային Կովկասում կայունություն լինի: «Հարավային Կովկասում կան սառեցված ճգնաժամեր, որոնք պատրաստ են պայթել յուրաքանչյուր պահի, ուստի անհրաժեշտ է վնասազերծել այդ ականները: Ցավոք սրտի, այդ խնդիրների լուծման համար չկան քաղաքական երկխոսության երաշխիքներ… համատեղ տնտեսական, մշակութային կապերը, որոնք կարող էին մերձեցնել ժողովուրդներին, շատ թույլ են, իսկ ժողովուրդները գնալով հեռանում են միմյանցից»,- ասել է ԱԳ նախարարը: Ըստ նրա, տարածաշրջանում այսօր առկա վիճակը չի բխում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերից. «Եղբայրական Ադրբեջանի հողերը 17 տարի է, ինչ բռնազավթված են: Հայաստանը, թեեւ հաղթել է, բայց գնալով թուլանում է, իսկ այդ երկրի բնակչությունը լքում է այն: Թուրքիան ցավում է եղբայրական Ադրբեջանի հետ, կիսում նրա տանջանքները, բայց եւ ցանկանում է փոխել այն «ստատուս քվոն» տարածաշրջանում, այնպես, որ նոր ռիսկեր այլեւս չհայտնվեն»,- ասել է Դավութօղլուն, ով նաեւ ներկայացրել է մի շարք պատճառներ, որոնցից ելնելով  Թուրքիայի խորհրդարանը պետք է վավերացնի արձանագրությունները:
1-ին պատճառն այն է, որ փաստաթղթով Հայաստանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: «Ոչ ոք Հայաստանում չի համարձակվի Թուրքիային ներկայացնել տարածքային պահանջ: Այս արձանագրությունների ստորագրումով Հայաստանը փաստեց, որ իրավական հիմքերով դա այլեւս հնարավոր չէ»,- ասել է նա:
2-րդ պատճառն այն է, որ արձանագրություններով չեզոքանում են դարերով կողք կողքի ապրած ժողովուրդների անցյալից եկած խնդիրները: «Արձանագրությունները նախատեսում են համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծում, որը կքննարկի անցյալում տեղի ունեցած դեպքերը: Հայաստանը համաձայն է, որ հանձնաժողովը արխիվները քննարկի գիտական հիմքերով»,- Դավութօղլուի այս խոսքերի ընթացքում դահլիճը ծափահարել է:
3-րդ պատճառը՝ արձանագրությունների վավերացմամբ միջազգային իրավունքի եւ տարածքային ամբողջականության  սկզբունքով «կբացվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղին»: «Հակամարտության կարգավորումը զուգահեռ է ընթանում թուրք-հայկական մերձեցմանը: Մեզ համար Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թանկ է այնպես, ինչպես մեր տարածքային ամբողջականությունը»,- ծափահարությունների ներքո ասել է Դավութօղլուն:
Այս արձանագրությունների դեմ հանդես եկող խորհրդարանականները հիմնականում անում են կոշտ հայտարարություններ: Քննարկումները դեռ շարունակվում են:
Դե ինչ, «թուրքական քննարկումները» ապացուցեցին, որ, այսպես կոչված, հայ-թուրքական արձանագրությունները միայն պատրվակ են Անկարայի համար՝ իր խնդիրները միջազգային առումով կարգավորելուն ուղղված: Երեւանը, միայն ստորագրելով այդ արձանագրությունները, արդեն պարտություն է գրանցելու, նույնիսկ եթե դրանք հետագայում չգործեն էլ…
Եվ մեր զգուշացումներն այլեւս կարող են դառնալ իրականություն: Արձանագրությունների ստորագրումը (դեռ չստորագրած՝ խաղարկման փաստաթղթի է վերածվել)՝ ‘
1. Վտանգի տակ է դնելու Արեւմտյան Հայաստանի ապագան, հայոց պահանջատիրությունը:
2. Քննարկումների եւ շահարկումների թեմա է դարձնելու Հայոց ցեղասպանության փաստը, մեր պատմական տարածքների պատկանելիությունը:
3. Խոչընդոտելու է Արցախ-ԼՂՀ-ի անկախության ճանաչմանը եւ վտանգելու է ազատագրված տարածքների հարցը:
4. ՀՀ իշխ
անություններին միջազգային իրավունքի սահմաններում դնելու է «անհարմար» վիճակներում, ինչը չեզոքացնելու է ՀՀ-ի թվացյալ կարեւորումը մեր տարածաշրջանում:

Իսկ Հայաստանում եւ Սփյուռքում շարունակվում են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ անցկացվող բողոքի ցույցերն ու այլ միջոցառումները, ինչը գուցե թե սթափեցնի ՀՀ ԱԺ պատգամավորների մեծ մասին` խուսափելու ոչ հայանպաստ դիրքորոշումից ու քայլերից: Չստացվի այնպես, որ հանկարծ երնեկ տանք «հայի հետին խելքին»…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 36 (122), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։