Ով` ով է Հայաստանում

Եզդիների եւ քրդերի բանավեճը կարող է դառնալ «հայկական»

Տարիներ շարունակ ՀՀ եզդիական համայնքի ղեկավարներն ու պատասխանատուները պնդում են, որ «քրդեր, որպես այդպիսին, Հայաստանում չկան»: Վերջերս էլ նման հայտարարությամբ է հանդես եկել Եզդիների ազգային միությունը՝ նախագահության արտահերթ նիստի ժամանակ, որի օրակարգում դրված է եղել թուրք-քրդերի Հայաստանում բացակայության մասին հարցը: Նշենք, որ ըստ որոշ տեսությունների, քրդերը եզդիական արմատներ ունեն, սակայն «քրդացել» են` իսլամն ընդունելով: Իսկ եզդիները ինչպես նախկինում՝ մնացել են արեւապաշտ:


Ըստ Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի, «1989թ. տեղի ունեցած մարդահամարի արդյունքում Հայաստանում գրանցվել է 4.200 քուրդ, բայց նրանք էլ Արցախյան շարժման օրերին թողեցին ու հեռացան Հայաստանից, իսկ եզդիների թիվը հասավ 53.000-ի:
2001թ. տեղի ունեցավ ՀՀ առայժմ առաջին ու վերջին մարդահամարը, որի արդյունքում ՀՀ-ում ապրում էին 40.620 եզդի եւ 1.519 քուրդ: Այս թիվը շինծու է, եւ մարդահամարի արդյունքները կեղծվել են, քանի որ 2001թ. քրդեր չեն ապրել»: Եզդիների միության ղեկավարի մոտ հարց է ծագում՝ եթե Հայաստանում մարդկանց որոշակի խումբ որոշակի շահից ելնելով՝ իրեն արաբ կամ հունգար էլ համարի, դա կընդունի՞ ՀՀ իշխանությունը: Նրա ասելով, մասնավորապես Արագածոտնի մարզում գոյություն ունեն 20 եզդիական գյուղեր, որտեղ ոչ մի քուրդ չկա, սակայն որոշ շահագրգռված ուժեր ցանկություն ունեն ներկայացնել, թե Արագածոտնի մարզում կան քրդեր: Ըստ ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային բաժինների տրամադրած վիճակագրական տվյալների՝ պարզվում է, որ ոչ մի քուրդ 2002-2008թթ. ոչ եկել, ոչ էլ մեկնել ՀՀ-ից:
«Որոշ ուժեր շահագրգռված են ստեղծել արհեստական «քուրդ» համայնք, «քրդերեն լեզու: Ավելին, չեղած «քրդական» համայնքի համար ուզում են տպագրել դպրոցական դասագրքեր: Խնդրում ենք ՀՀ ԿԳ նախարարին, որ չհրատարակվեն այդ դասագրքերը, քանի որ Հայաստանում քրդեր գոյություն չունեն եւ թող մեզ՝ եզդիներիս, չներքաշեն այդ անհեռանկար եւ վտանգավոր խաղերի մեջ», – նշել է Ա. Թամոյանը: Ավելին, նա տեղեկացնում է, որ վերջին մի քանի տարիներին թուրք-քրդերը մի քարտեզ են դրել շրջանառության մեջ, որում ներգրավում են նաեւ ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերը. «Հասկանալի է, որ այս ամենը հետապնդում է մեկ հստակ նպատակ՝ Արեւմտյան Հայաստանը զավթելուց հետո գրավել նաեւ ներկայիս Հայաստանի մի մասը, եւ մի քանի այսպես կոչված թուրք-քրդերի միջոցով, Հայաստանում տարածել այս վտանգավոր գաղափարները: Այնպես որ անիմաստ ենք համարում «քրդական» օղակների գոյությունը, քանի որ քրդեր, որպես այդպիսին չկան ՀՀ-ում», – իր տեսակետն է հերթական անգամ հայտնել եզդիների առաջնորդը:
Սակայն, ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր հանդես են գալիս որպես քրդեր: Տարօրինակ է, որ նրանք կարծես մահմեդական չեն, դավանում են քրդերին հատուկ այլ կրոնական ուղղություններ, սակայն, ժամանակ առ ժամանակ մասնակցում են եւ քրդերի եւ եզդիների կազմակերպած միջոցառումներին, այնուամենայնիվ հավաստելով, որ քրդերն ու եզդիները մեկ ազգ են հավատքային բաժանումներով մասնատված… Չնայած որոշ քրդական շրջանակներ իրենց փորձում են կապել պարսկական կամ մարական քաղաքակրթությունների հետ եւ Միջագետքում «Քրդստան» ստեղծելու երազանքի մեջ «տեղավորում» են նաեւ Արեւմտյան Հայաստանն ու Հայաստանի Հանրապետության մի մասը:
Այս թեմայով դեռ տարիներ առաջ հայտարարությամբ հանդես է եկել Հայ Արիական միաբանությունը, եւ հրապարակումներ են արել ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու պատմաբան, լրագրող Գեւորգ Յազըճյանը («Հայ-Արիներ» պարբերականում, «Լուսանցք»-ում):
Այս խնդիրը կարեւորվում է նաեւ ՀՀ իշխանությունների համար, քանզի բացի ներպետական խնդիր լինելուց, գործի դրվող հայ-թուրքական արձանագրությունների շուրջ աշխուժացումը նպաստելու է նաեւ հայ-քրդական հարաբերությունների նորովի ձեւավորմանը, ինչը, կամա թե ակամա, առնչվելու է թուրք-քրդական եւ եզդի-քրդական հարաբերություններին:
Հիշենք, որ միլիոնավոր քրդեր են ապրում ներկայիս Թուրքիայում, Իրանում ու Իրաքում, եւ համեմատաբար քիչ, բայց հարյուր հազարների հասնող եզդիներ էլ ապրում են հենց այդ նույն երկրներում:
Եվ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական առումներով այս հարցը կարող է դառնալ արդիական:

Արման Դավթյան

Ի պաշտպանություն լրագրողների
BBC-ի ավագ լրագրող Վիլյամ Հորսլեի զեկույցում, որը կազմում է ԵԽԽՎ-ի լրատվամիջոցների անկախության վերաբերյալ զեկույցի մի մասը, անդրադարձ կա աշխարհի բոլոր երկրներին: Հայաստանին վերաբերող հատվածում մասնավորապես ասվում է, որ «2007թ սկսած, մասնագիտական գործունեությունը իրականացնելիս, առնվազն 20 լրագրող է սպանվել: Նշված է, որ միտումնավոր սպանությունների ե
ւ հարձակումների մեծ մասը տեղի են ունեցել Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում եւ Բելառուսում: Նաեւ նման դեպքեր են գրանցվել Թուրքիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Հունաստանում եւ Իսպանիայում»:

Հայաստանում «Լրագրողների նկատմամբ բռնությունները եւ ուղղակի վերահսկողությունը զլմ-ների վրա աշխուժացել են 2008թ  ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ: Մի քանի լրագրողներ եւ լուսանկարիչներ վնասվել են ոստիկանական հարձակումներից՝ ընտրություններից հետո բողոքի ցույցերի ժամանակ:
CPJ-ն հաղորդել է, որ լրագրողները հարձակման են ենթարկվել նաեւ Երեւանի ընտրական տեղամասերից մեկում: «Երեքշաբաթյա արտակարգ դրության օրերին անկախ լրատվությունն արգելված էր»: Զեկույցում նաեւ հանգամանորեն նշվում են էլեկտրոնային լրատվամիջոցների լրագրողների վրա հարձակումները: Զեկույցում նշված են նաեւ անուններ:
Իսկ մարզային լրագրողների վրա ճնշումները… արձանագրված չեն:

Անի Մարության

Դառնում ենք միջազգային ՀԽ
Տնտեսական եւ սոցիալական խորհուրդների ու համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեան ՀՀ հանրային խորհրդին անդամակցելու առաջարկ է ներկայացրել: Ասամբլեան, նամակով առաջարկ անելուց հետո, զանգահարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին եւ ճշտել ՀՀ ՀԽ-ի տեսակետը:
Ասամբլեային անդամակցում են 50 երկրների հանրային խորհուրդներ, որի կենտրոնը Փարիզում է: Կա տարեկան անդամավճար՝ 1500 դոլար: Ըստ Վ. Մանուկյանի՝ խնդիրը անդամավճարը չէ, այլ՝ «ժողովուրդը ոնց որոշեց, այդպես էլ կլինի»: Այդ կառույցի կանոնադրությանը ՀԽ անդամները ծանոթացան նիստի ընթացքում:
Եթե Հայաստանն անդամակցի, ապա մեր Հանրային խորհրդի պատվիրակությունը կմասնակցի դեկտեմբերի 3-ին Մոսկվայում կայանալիք ասամբլեայի գլխավոր համագումարին: Այդ միջոցառումն անցկացվում է 2 տարին 1 անգամ:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 37 (123), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։