Եկեղեցին կանտեսի՞ մահմեդական հայերի խնդիրը

Էջմիածնի հոգեւոր պատասխանատուները վաղուց են իրենց համաձայնությունը հայտնել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման վերաբերյալ: Դե, ինչպես պետական իշխանավորները, այնպես էլ քրիստոնյա իշխանավորները միշտ միահամուռ են ու համաձայն միմյանց… Երկու կողմի համար էլ աշխա՜րհն է նյութականացվել… ի՜նչ անեն… Իսկ ժողովուրդը կամ, ինչպես հոգեւորականներն են ասում, հոտը ուղի-չուզի կհամաձայնի:
Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որով ողջունել է հայ-թուրքական հարաբերությւոնների կարգավորմանն ուղղված ջանքերը. «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ստորագրված զույգ արձանագրությունները հատկապես նշանակալի են Թուրքիայի հայկական համայնքի համար:


 Օրհնյալ է այն ցանկությունը, որ հանուն խաղաղության երկու հարեւան երկրներին կարող է մերձեցնել… Մենք հույս ենք հայտնում, որ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարությունները մինչեւ վերջ կգնան երկու երկրների հարաբերությունների բարելավմանը՝ հիմնվելով անկեղծ ցանկությունների վրա, քանի որ դրանից է կախված հարեւանների հետագա խաղաղ համագոյակցությունը»,- ասված է պատրիաքարանի ուղերձում:
Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանի առաջնորդի լիազորված անձը՝ եկեղեցական խորհրդի վարչության ղեկավար արքեպիսկոպոս Արամ Ատեշյանը արդեն ներկայացրել է իր դիրքորոշումը նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Աբդուլլահ Գյուլին՝ թուրքական Բուրսա քաղաքում, որտեղ կայացավ ֆուտբոլային հավաքականների միջեւ հանդիպումը:
Ըստ պաշտոնական տվյալների, Թուրքիայում բնակվում է շուրջ 70 հազար հայ: Նրանց մեծամասնությունը փոխել է հայկական ազգանունները թուրքերենով (նաեւ` քրդերենով): Իրականում էթնիկ հայերի թիվը, ովքեր իսլամ են ընդունել Հայոց ցեղասպանության ժամանակ բնաջնջումից խուսափելու համար, մեծապես գերազանցում է պաշտոնական ցուցանիշը եւ հասնում է մինչեւ 7-8 միլիոնի: Համշենահայերի (մահմեդական հայեր) մեծ մասը մինչեւ վերջերս բացասաբար է վերաբերվել «էրմենի» (հայ) անվանումին, սակայն հայ-թուրքական բանակցությունների մեկնարկից հետո երիտասարդ համշենահայերի մեջ նկատվում է հայկական ինքնությունը ճանաչելու ձգտում: Օրինակ, նկարահանվել է 1-ին համշենական ֆիլմը համշենահայերի բարբառով, թողարկվել է ձայնասկավառակ ժողովրդական երգերով եւ այլն: Բայց ինչպես ասում են` «մեդալը երկու երես ունի», հիմա կամ համշենահայերը կբացահայտվեն ու կվտանգեն իրենց գոյությունը, կամ էլ Հայաստանը կկարողանա օգտվել այդ հանգամանքից… Հայ-թուրքական հարցերի բարելավումից հետո թուրքաբնակ հայերը հույս ունեն, որ կլուծվի նաեւ հոգեւոր առաջնորդի ընտրության հարցը, քանի որ երկար ժամանակ է Թուրքիայի կառավարությունը չի թույլատրում հայկական համայնքին նշանակել նոր պատրիարքի կամ նրա փոխանորդի ընտրություններ:
Իսկ եկեղեցական հոգեւոր հայրերը շուտով կսկսեն պաշտպանել եկեղեցու շահերը Թուրքիայում՝ անտեսելով մահմեդականացված հայերի նրբանկատ խնդիրը, եւ այս հանգամանքը առավել նպաստորեն կօգտագործեն թուրքերը… Իսկ հայ պաշտոնյաները ականջալուր եկեղեցու աղոթքներին՝ կմոռանան ազգային հարցն էլ, հայ դատն էլ… Ինչպես եղավ ժամանակին ցեղասպանությունից առաջ: Մի քանի եկեղեցի վերակառուցելով` թուրքերը կարող են ցեղասպանության խնդիրն էլ «լուծել»… Իսկ մի քանի պաշտոնյաների գործերը «հաջողելով»` հայ դատն էլ գուցե «լուծվի»…

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 37 (123), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։