Ու՞մ է ձեռնտու սահմանի բացումը

«Սահմանի բացումը կարող է միայն օգուտ բերել Հայաստանի տնտեսությանը, եթե ճիշտ աշխատի օրենսդրական դաշտը»,-  լրագրողներին ասել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը:
«Եթե մենք այսօր ներսում չենք կարողանում ապահովել սննդամթերքի անվտանգությունը, ապա մենք իրավունք չունենք այդ հարցում մեղադրել թուրքերին, կամ ուրիշ ազգերի»,- սա նրա հաջորդ միտքն է:
Մեջբերենք Ա. Եղոյանի մեկ այլ «գյուտարարություն». «Հայաստան էժան թուրքական սննդամթերքի ներմուծումը կազդի հայկական շուկայում ապրանքների գների իջեցման վրա, որը սպառողի համար լավ կլինի»:


Այս Աբգար Եղոյանը, ով ՀԿ-ների ղեկավարներից ամենաշատն է երեւում (վարչապետի լավ ծանոթներից է, բայց չգիտենք, դեպի ընկեր «ձգու՞մ» է, թե՞ ոչ)« մոռանում է, որ գյուղատնտեսական արտադրանքն էլ սննդամթերք է ու շարունակում է. «Թուրքական ապրանքի ներմուծման դեպքում մեր գյուղատնտեսության արտադրանքը անմրցունակ կլինի»: Եվ իրեն թվում է, թե տարբեր բաներ է ասում` սպառողի համար լավ է, իսկ մրցունակության տեսակետից` վատ:
Հետաքրքիր է` սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այս պարոնը միայն էժան ապրանքի գործոնո՞վ է բացատրում այդ պաշտպանությունը: Վարչապետի մտերիմն ու ազատական տնտեսահարաբերությունների կողմնակիցը չի՞ հասկանում ապրանքի գնագոյացման սխեման, մոռացե՞լ է, որ էժան ապրանքի որակն էլ, մեղմ ասած, այն չէ: Հիմա էլ լա՞վ է զգում, որ անորակ ապրանքը կմտնի ՀՀ ու սպառողի համար լավ կլինի: Տեղյակ չէ՞, որ աշխարհի զարգացած շուկաներում թուրքական սննդամթերք եթե մտնում էլ է, ապա համապատասխան մանրէաբանական ստուգում անցնելուց հետո միայն: Թե՞ եղոյանների համար մեկ է, թե ինչով կսնվի ժողովուրդը: Կարեւորը իրենք են, որ որակովն առնելու հնարավորություն ունեն: Աշխարհի զարգացած երկրներում գյուղատնտեսությունը պետության կողմից միշտ աջակցություն է ստանում: Իսկ սրանք փոխանակ այնպես անելու, որ հայ գյուղացուն գյուղատնտեսությամբ զբաղվելը ձեռնտու լինի, գերադասում են նրան ու նրա արտադրածով սնվողներին աղբով կերակրել:
Փոխարենն այնպես անելու, որ տնտեսական լծակների կիրառմամբ մեր գյուղացու արտադրանքը մրցունակ լինի, գերադասում են շուկան թուրքական զիբիլով լցնել: Հիմա հարց է ծագում` ու՞մ է ձեռնտու սահմանի բացումը` գործարարի՞ն, թե՞ չարչու՞ն: Մնում է հուշել, որ պարենային անվտանգությունը յուրաքանչյուր պետության ազգային անվտանգության հայեցակարգի կարեւորագույն բաղադրիչներից է: Բայց ու՞մ սա բացատրել` գործարարի՞ն, թե՞ չարչուն:
 
Անի Մարության

«Լուսանցք» թիվ 37 (123), 2009թ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։