Տուգանվում են, բայց…

2009թ. հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ամրագոտի չկապելու համար ՀՀ-ում տուգանվել է 20.800 վարորդ: Հիշեցնենք, որ չկապված ամրագոտիներով վարելու համար վարորդները տուգանվում են 5.000 դրամ: Ամրագոտիների օգտագործումը իրապես կրճատում է մահացության թիվը, իսկ մարմնական վնասվածքները չեն լինում ծանր: Այս խնդիրը ավելի արագ լուծում կստանա, եթե ոստիկաններն իրենք օգտագործեն ամրագոտիները, որպեսզի բարոյական իրավունք ունենան մնացած վարորդներից պահանջելու ամրագոտիներ օգտագործելը:
Հոկտեմբերի 1-ից երթուղայինների վարորդներն էլ պետք է կապեին ամրագոտիներ, սակայն շատ քչերն են դեռ կատարում օրենքի պահանջը: Ոստիկանների հավաստմամբ, ամրագոտիներն ամրացված վիճակով մեքենա վարելը հնարավորություն է տվել մեր հանրապետությունում նվազեցնել ավտովթարներից զոհերի թիվը:

Նազելի Մանուկյան


Դեռ լավ վիճակի չենք
Կյանքի որակի, բարեկեցության ու բժշկական ծառայությունների կատարյալ մատուցման տեսանկյունից Ֆինլանդիան համարվել է ամենաիդեալական երկիրը: Ըստ «Ռոյթեր»-ի՝ այսպիսի եզրահանգման են հանգել անկախ «Legatum Institute» ընկերությունում: Վարկանշային ցուցակում ընդգրկվել է 104 երկիր, որոնցում ապրում է խաղաղ բնակչության 90%-ը: Միաժամանակ, փորձագետները հաշվի են առել ոչ միայն երկրի տնտեսական զարգացման ցուցանիշը, այլեւ կյանքի որակն ու ժողովրդավարության, ազատությունների մակարդակը: 2-րդ հորիզոնականում է Շվեյցարիան:
Ամենաբարգավաճող երկրներ են համարվել Սկանդինավյան երկրները (հիշեցնենք, որ ամենաբարեկեցիկ պայմաններով, մեկ շնչին հասնող բարձր եկամուտով երկիրը Նորվեգիան է ճանաչվել): Աղյուսակի 6-րդ տեղում Ավստրալիան է, 7-րդը՝ Կանադան: ԱՄՆ-ն այս ցուցակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, Մեծ Բրիտանիան 12-րդն է:
Ասիական տարածաշրջանի երկրների շարքում 1-նն է Ճապոնիան՝ 16-րդ հորիզոնական, հետո Հոնկկոնգը՝ 18-րդը, Սինգապուրը՝ 23-րդը եւ Թայվանը՝ 24-րդը:
Այս տարածաշրջանի ցածր ցուցանիշները վարկանիշը կազմողները բացատրել են ազատությունների սահմանափակմամբ ու ժողովրդավարության բացակայությամբ:
100 երկրների շարքը եզրափակել են Զիմբաբվեն, Սուդանը եւ Եմենը: Իսկ Ռուսաստանն ու Թուրքիան կիսում են վարկանշային աղյուսակի 69-րդ հորիզոնականը:
Մեր վիճակն ավելի վատ է…

Արտակ Հայոցյան

Փառատոնն ընթանում է
Հերթական փառատոնին մասնակցում է 25 թատերախումբ՝ ՀՀ-ից, ԼՂՀ-ից, Ջավախքից ու Սփյուռքից: Երեւանում ընթանում է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 9-րդ փառատոնի 2-րդ փուլը, որը շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 1-ը: Այս տարի փառատոնը նվիրված է Հովհաննես Թումանյանի 140-ամյակին: Մեկնարկը տրվել է հենց Հ. Թումանյանի տուն-թանգարանից, այնուհետեւ շարունակվել է «Մետրո» թատրոնում, որտեղ Երեւանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Իսահակյան» թատերախումբը ներկայացրել է «Խաղում ենք Թումանյան» բեմադրությունը:
Հաջորդ օրերին ներկայացումները ցուցադրել են «Հույսի կամուրջ» ՀԿ-ի թատերախումբը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի արվեստի դպրոցի «Բյուրեղիկ» թատերախումբը, Երեւանի ՄԱՍԷ եւ ՀԲԸՄ Երեւանի Մալաթիայի հայորդյաց տան «Հումորիկ» թատրոն-ստուդիան, Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցի «Փոքր դիմակ» թատերախումբը, ՀՀ Արարատի մարզի Այնթափի թիվ 1 դպրոցի թատերախումբը, ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Բերձորի արվեստի ու սպորտի դպրոցի թատերական բաժինը եւ այլ դպրոցների ու մարզերի թատերախմբերը:

Գոհար Վանեսյան

Մարդու շահագործումը մեզանում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը օրերս հայտարարել է, որ «ՀՀ-ում գործում է աշխատանքային շահագործման սկզբունքը: Այն մարդկանց համար, ովքեր քաղաքացուն դիտարկում են որպես նրա իրավունքների խախտմամբ գերշահույթ ստանալու միջոց, պետությունը եւս գերշահույթ ստանալու միջոց է դառնում»:
Որպես աշխատանքային շահագործման պարզ օրինակ՝ բերեց երթուղային տաքսիների վարորդների խախտված իրավունքները: Օմբուդսմենի գրասենյակը ուսումնասիրել է 70 կազմակերպությունից միայն 5-ը, ընդ որում ոչ ամենախոշորները, եւ պարզել, որ վարորդներին աշխատեցրել են արտաժամյա՝ օրվա ընթացքում 18 ժամ: «Աշխատեցրել են առանց վճարելու, ընդհանուր առմամբ չի վճարվել 144 միլիոն դրամ,- ասել է Ա. Հարությունյանը,- արդյունքում խախտվում են ոչ միայն այդ մարդկանց աշխատանքային իրավունքները, այլ նաեւ՝ ուղեւորների անվտանգությունը»:
Աշխատանքի պետական տեսչությունն այս հարցով նույնպես կանի ուսումնասիրություններ գործող ավելի խոշոր կառույցներում՝ անկախ այն բանից, թե ով է դրանց սեփականատերը կամ ով է նրանց թիկունքում կանգնած:
ՀՀ մարդու իրավ
ապաշտպանը հանդես է եկել ոչ միայն մարդկանց աշխատանքային շահագործման, այլեւ մենաշնորհների խնդրի թեմայով՝ ընդգծելով, որ հակամենաշնորհային կառույցները մեզանում ձեւական բնույթ են կրում եւ այսօր ընդհանարապես երաշխավորված չեն սպառողների իրավունքները:

Նա իր մտահոգությունն է հայտնել նաեւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մարդու իրավուքների խախտման բազմաթիվ փաստերի կապակցությամբ՝ «ըստ էության, այսօր չի ապահովվում ՀՀ Սահմանադրության 33.2 հոդվածը, համաձայն որի, յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում»:
Հուսանք, որ Ա. Հարությունյանը շուտով կբարձրաձայնի նաեւ մարդու այլ իրավունքների պաշտպանության մասին, հատկապես՝ իրավական ոլորտի, որտեղ առավելապես են ոտնահարվում ՀՀ բնակիչների իրավունքները:
Գուցե մի օր էլ կբարձրաձայնվեն ազգի իրավունքները…

Վահագն Նանյան

Ապազգային դպրոց
Հայ երեխային ծրագրված բթացնում են
«Լուսանցք»-ի խմբագրությունը ապազգային դպրոցի դեմ պայքարելու կոչի առաջին իսկ օրերից սկսեց, առանց չափազանցության, հարյուրավոր նամակներ ստանալ: Հատկանշական է, որ սրանց մեծամասնությունում նշված է դպրոցը, դասարանը, բայց ոչ` ծնողի անունը: Պատճառը հասկանալի է: Մեզ համար էլ կարեւորը երեխային վնասելը չէ, այլ` երեւույթը մատնանշելը: Մանավանդ, որ երեխան կապ չունի Համաշխարհային բանկի տրամադրած փողերով կառուցված` ՀՀ-ի ապազգային կրթակարգի հետ: Նաեւ` ամենեւին կապ չունի, թե ով է նկատել դասագրքային աբսուրդները, չէ՞ որ այդ դասագրքերով դասավանդում են բոլոր դպրոցներում: Տպագրում ենք խմբագրությանը հասցեագրված նամակը որոշ կրճատումներով` բնավ չփոխելով ոճը:
 
Այդ ապուշները մեր երեխաներին էլ են ապուշացնել ուզում
Հանրակրթական դպրոցների 5-րդ դասարանի աշակերտները ուսանում են «Տեխնոլոգիա» առարկան: Հետաքրքիր է, այդ որ ապուշի մտքով է անցել գրել այդպիսի դասագիրք 5-րդ դասարանի համար եւ այդ ո՞ր ապուշի մտքով է անցել հաստատել այդ դասագիրքը: Այդ ապուշները գիտե՞ն, որ 5-րդ դասարանցին 9 տարեկան է: Պատկերացնու՞մ եք, 9 տարեկանը բացում է դասագիրքը ու կարդում. «Գլանն առաջանում է ABCD ուղղանկյունն իր կողմերից մեկի, օրինակ, CD-ի շուրջը պտտման հետեւանքով: BC եւ AD կողմերի պտտումից գոյանում են երկու շրջաններ, որոնք կոչվում են գլանի հիմքեր… Գլանը որոշվում է, եթե տրված են նրա շառավիղը` R=BC եւ բարձրությունը` H=AB…»: Կամ… «Աքսոնոմետրիա է կոչվում պրոյեկտման մեթոդով կառուցված…», կամ` «Ուղղանկյուն պրոյեկցիաների միջոցով ավելի հեշտ են որոշվում առարկայի իրական չափերը եւ դրանց հարաբերակցությունը»: Հիմա ինչպե՞ս երեխան այս ամենից գլուխ հանի, մե՛նք նույնիսկ չենք կարողանում գլուխ հանել, ուսուցիչն էլ ստիպում է անգիր անել: Այդ դասագիրքը գրողները, հաստատողները կամ դրանց երեխաները կարո՞ղ են դա սովորել, դիտմա՞մբ են այդպիսի գրքեր ստեղծում, որ երեխաներին ապուշացնեն: Թե՞ դրանց երեխաներն ապուշ են, ու դրանք ուրիշի խելոք երեխային չեն հանդուրժի: Զզվացրեցին էլի, գոնե հասկանու՞մ են, որ մի ամբողջ  սերունդի անեծքի տակ են մնալու: Թե՞ այնքան ոչխար են, որ… խոտից այն կողմ բան չեն տեսնում…: Ավելի ճիշտ` դրանք են մեզ ոչխարի տեղ դրել ու արածացնում են: Իսկ մեր երեխաները դպրոցն ավարտելու են անգրագետ, դպրոցից զզված, հոգնած: Եվ իրենց երեխաների մեջ արդեն չեն կարողանալու սեր, հարգանք ներարկել դեպի դպրոցը: Ու՞ր ենք գնում այս ճանապարհով: Այս դասագրքից մի հատված անգամ չեն կարողանա սերտել մեր տռզած ու ապուշացած պատգամավորները ու չգիտեմ էլ ինչ տարատեսակ մարդակերպ մեծամեծերը: Թքենք դրանց երեսին, որ խաղում են մեր երեխաների ճակատագրերի հետ…  

Կարինե Սաղաթելյան

Հ. Գ. – «Լուսանցք»-ի կողմից մի փոքրիկ հուշում – Հիշյալ դասագիրքը գրել է Կոլյա Սողոմոնյանը եւ հաստատել ՀՀ ԿԳ նախարարությունը:

«Լուսանցք» թիվ 37 (123), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։