Հայ-Արիական ճանապարհներով

Վերջին ժամանակներում հայ-արիականության թեմաներով գրականության նոր հրատարակումներ եւ վերահրատարակումներ են եղել:
Վերահրատարակվել է պատմավիպասան Ջոնիկ Մելիքյանի «Հայ-Արիներ» պատմավեպը: Այս հեղինակը վաղուց է նախաձեռնել հայարիական եւ հեթանոսական ժամանակաշրջանների պատմության գեղարվեստական արծարծումը, որոնցում պատմվում են քրիստոնեությունից առաջ հզոր հայ-արիների կյանքի, երկրի, տիեզերահաս հավատի, Հայ Աստվածների եւ այլ երեւույթների մասին:


Դիցուկ՝ «Հայ-Արիներ» պատմավեպը պատմում է այն մասին, թե ինչպես «հայ-արիները ի կատարումն Արա Արեւ Աստծո պատգամների՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակում զինված երկաթե սրերով ու ճաղավոր անիվներ ունեցող մարտակառքերով, սփռվեցին աշխարհի չորս ծագերը` ժողովուրդներին տանելով Արփիական Հավատամքն ու արիական առաքինությունները…»:
ՀԱՄ-ը վերահրատարակել է 2 գիրք՝ 1. «Հայ Արիական Միաբանություն» ծավալուն աշխատությունը, որում ներկայացված են հայ-արիական անցյալը, ներկան եւ ապագան, հայ-արիական օրենքներն ու կենսադրույթները, տեսակետները ազգային եւ հանրային կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ: Կան նաեւ պատմական համառոտ ակնարկներ: 2. ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի «Հայ ազգայնականի մտքեր» աշխատությունը, որում ներկայացված են ՀԱՄ պատմությունը, տեսակետները ամենատարբեր բնագավառների մասին: Կան ազգայնական մտածողությամբ հագեցած հոդվածներ, ներկայացված են հայ ազգայնականությունն ու հայոց հավատքը:
Հրատարակվել է «Հայ Արիական խոհանոց» գրքույկը: Հեղինակն է Սերգեյ Հունանյանը: Այս յուրօրինակ խոհանոցային գրքույկում ներկայացված են արիական խոհանոցի պատառիկներ, բաղադրատոմսեր: Սա առաջին նմանատիպ աշխատությունն է, որում կան «Հայր Արային նվիրված հանդիսությունների», «Վահագն Աստծո ծննդյանը նվիրված», «Անահիտ Աստվածուհուն նվիրված», «Սիրո Աստվածուհի Աստղիկին նվիրված», «Դյուցազնական» եւ այլ ծիսական ուտեստներ, տոնական քաղցրավենիք եւ ըմպելիք:

Արտակ Հայոցյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։